«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2004-12-09 | #222, 2004-12-10 | #223, 2004-12-11


ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԱՐՔԻՑ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասնավորեցումը կատարված փաստ է: Կառավարության նախօրեին ընդունված որոշմամբ այս ձեռնարկությունը սեփականաշնորհվեց ընդամենը 40 մլն դոլարով: Հիշեցնենք, որ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը որպես կոմբինատի սեփականաշնորհման առավել հավանական գին նշում էր 130-150 մլն դոլար գումարը: Այդ դեպքում ո՞րն էր 40 մլն դոլարով ձեռնարկությունը սեփականաշնորհելու պատճառը:

Դժբախտաբար, ինչպես նախարարը, այնպես էլ այս գործարքին առնչվող որեւէ պաշտոնյա խուսափում է այս հարցին պատասխանելուց եւ ընդհանրապես որեւէ մեկնաբանությունից, դրանով իսկ խախտելով տեղեկություն ստանալու մեր քաղաքացիների իրավունքը եւ համապատասխան օրենքը: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հեռախոսները երեկ չէին պատասխանում զանգերին, իսկ կոմբինատի ղեկավար Մաքսիմ Հակոբյանի բջջային հեռախոսահամարից պատասխանեցին, որ նա գտնվում է գործուղման մեջ:

Չենք ցանկանում ժամանակից առաջ ընկնել եւ ենթադրություններ անել, թե որքանով արդյունավետ կգործի ձեռնարկությունը սեփականաշնորհումից հետո: Գուցե իսկապե՞ս դա հաջող գործարք է կամ խոշոր ներդրումային ծրագիր պետք է իրագործվի: Գուցե: Սակայն այս ոլորտի պատասխանատուների ներկայիս կեցվածքը նման եզրակացության համար հիմք չի տալիս: Ընդհակառակը: Պաշտոնական բացատրությունների բացակայության պայմաններում տպավորությունն այնպիսին է, որ այս գործարքից կոռուպցիայի հոտ է գալիս եւ շահել են ոչ միայն նոր սեփականատերերը, այլեւ այս կոմբինատից մինչ օրս սնվող նախարարներն ու պետական մյուս պաշտոնյաները: Կարելի է նաեւ հաշվարկել, թե որքան են շահել վերջիններս: Բավական է 130 մլն դոլարից հանել 40 մլն դոլարը, եւ կստանանք առանձին անձանց գրպանն ապօրինաբար մտած գումարի ենթադրելի չափը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4