«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2004-12-11 | #224, 2004-12-14 | #225, 2004-12-15


ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐՄԱԼ ԸՆԹԱՑԱՎ

Ավանդույթի համաձայն, մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց լրագրողներինՙ ամփոփելու տարվա արդյունքները: Ըստ նրա, առաջնությունն անցավ նորմալ պայմաններում: Նախորդ տարվա առաջնության համեմատ չարձանագրվեց ոչ հետընթաց, ոչ էլ առաջընթաց: Իսկ ահա, մրցավարությունից նախագահը դժգոհ էր: Նա փաստեց, որ եղան մրցավարական որոշ վրիպումներ, որոնք ստվեր գցեցին առաջնության վրա: Ֆուտբոլի ֆեդերացիան անպատասխանատու մրցավարներին խիստ պատժել է: Այժմ էլ աշխատանքներ են տարվում հաջորդ մրցաշրջանում նկատված թերությունները վերացնելու ուղղությամբ:

ՀՖՖ նախագահը հաստատեց, որ 2005 թ. առաջնությունն անցկացվելու է 9 թիմի մասնակցությամբ, սակայն ոչ թե 4 շրջանով, այլ 2 փուլով: Նախնական փուլում թիմերը միմյանց հետ կմրցեն 2 շրջանով, ապա եզրափակիչ փուլում 1-6-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կրկին 2 շրջանով միմյանց հետ հանդիպումներում կորոշեն առաջնության մրցանակակիրներին, իսկ 7-9-րդ տեղերը գրավածներըՙ բարձրագույն խմբին հրաժեշտ տվող ակումբին: Անդրադառնալով խաղացանկի ոչ ռիթմիկության առիթով լրագրողների դժգոհություններին, նախագահը համաձայնեց, որ դրանք տեղին են: Միեւնույն ժամանակ նա բացատրեց, որ պատանեկան հավաքականների մրցաշարերի ժամկետները ուշ են հայտնի լինում:

Ռուբեն Հայրապետյանն իր գոհունակությունը հայտնեց մանկապատանեկան ֆուտբոլում տիրող իրավիճակիցՙ նշելով, որ տարեցտարի աճում է ՀՀ պատանեկան առաջնությունների մասնակից թիմերի քանակը:

«Ազգի» թղթակցի հարցին, թե արդյոք կայանալո՞ւ է նախապես հայտարարված (հունվարի 6-ից) ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքը, ՀՖՖ նախագահը փաստեց, որ այն չի կայանա: Պատճառն այն է, որ ՀՀ առաջնության մասնակից ակումբների ֆուտբոլիստները մինչեւ հունվարի 15-ն արձակուրդում են:

Վերջում Ռուբեն Հայրապետյանն իր շնորհակալությունը հայտնեց լրատվամիջոցներինՙ ընթացիկ մրցաշրջանի ֆուտբոլային անցուդարձը բազմակողմանի եւ օբյեկտիվ լուսաբանելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4