«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2004-12-14 | #225, 2004-12-15 | #226, 2004-12-16


«ՓՅՈՒՆԻԿԻ» ՄՐՑԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Ավանդույթի համաձայն, հունվարին Մոսկվայում անցկացվում է ԱՊՀ եւ բալթյան երկրների չեմպիոնների գավաթի խաղարկությունը: Այս անգամ մրցաշարն անցկացվելու է նոր մրցակարգով: Ռուսաստանի չեմպիոն «Լոկոմոտիվը» եւ Ուկրաինայի ուժեղագույն ակումբըՙ Կիեւի «Դինամոն» պայքարի մեջ կներգրավվեն կիսաեզրափակիչ փուլից: Մնացած 14 ակումբները նախնական փուլում կբաժանվեն չորս խմբի: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հանդես կգա «C» խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Ռիգայի «Սկոնտոն» ու Տաջիկստանի Թուրսուն Զադե քաղաքի «Ռեգար-Թադազը»: «D» խմբում եւս ընդգրկված է 3 թիմՙ Տիրասպոլի «Շերիֆը», Թուրքմենստանի «Նեբիտչին» եւ Բաքվի «Նեւթչին»: Մյուս երկու խմբերում հանդես կգան չորսական թիմեր: «A» խմբում պայքարի մեջ կներգրավվեն Տալլինի «Լեւադիան», Մինսկի «Դինամոն», Ալմաթիի «Կայրաթը» եւ հաշվարկից դուրս հանդես եկող Ռուսաստանի պատանեկան հավաքականը: «B» խմբում քառորդ եզրափակիչի միակ ուղեգրի համար կպայքարեն Թբիլիսիի «Դինամոն», Տաշքենդի «Պախտակորը», Կաունասի համանուն թիմը եւ Կիրգիզիայի Նարին քաղաքի «Դորդոյ-Դինամոն»:

Խմբերում նախնական փուլի հանդիպումները կկայանան հունվարի 15-ին, 16-ին եւ 18-ին: Քառորդ եզրափակիչ դուրս կգան միայն խմբերի հաղթողները: Այդ փուլի երկու հանդիպումները տեղի կունենան հունվարի 19-ին, իսկ երկու օր անց հաջողության հասած երկու թիմերը կմրցեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի չեմպիոնների հետ: Հունվարի 23-ին եզրափակիչ խաղում կորոշվի պատվավոր մրցանակի նոր տերը:

ՀՀ յոթակի չեմպիոն «Փյունիկը» 7-րդ անգամ է մասնակցելու չեմպիոնների գավաթի խաղարկությանը: Փյունիկցիներին առայժմ միայն մեկ անգամ է հաջողվել հաղթահարել նախնական փուլի արգելքը: 1997 թ. հունվարին անցկացված գավաթի 5-րդ խաղարկությունում փյունիկցիները քառորդ եզրափակիչում 0-3 հաշվով պարտվել են Մոսկվայի «Սպարտակին»: Գավաթի նոր խաղարկության երկու մրցակիցների հետ «Փյունիկը» նախկինում արդեն մրցել է: «Ռեգար-Թադազի» հետ մեր չեմպիոնը երկու անգամ է ուժերը չափել: Գավաթի անդրանիկ խաղարկությունումՙ 1993 թ. Հայաստանի չեմպիոնը խմբային մրցաշարում 2-1 հաշվով հաղթել է Տաջիկստանի ուժեղագույն ակումբին: Վերջինս 2003 թ. յուրօրինակ ռեւանշի հասավՙ մեր չեմպիոնին հաղթելով 3-1 հաշվով: Հենց այդ տարի էլ կայացել է «Փյունիկի» եւ Ռիգայի «Սկոնտոյի» առայժմ միակ հանդիպումը, որում 2-1 հաշվով հաղթել են լատվիացի ֆուտբոլիստները:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4