«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2004-12-14 | #225, 2004-12-15 | #226, 2004-12-16


ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԴԱՐՁՅԱԼ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐՆ ԷԻՆ

Բանկային համակարգի արդյունքների քննարկման ժամանակ

Բանկային համակարգի 2004 թ. արդյունքների ամփոփմանն էր նվիրված երեկ կազմակերպված կլոր սեղանը, որին մասնակցում էին պատգամավորներ, տնտեսագետներ, բանկային համակարգի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հիմնական բանախոսը Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն էր:

Ըստ ԿԲ նախագահի, բանկային ակտիվներն աճել են 19 տոկոսով, անցյալ տարվա 17 տոկոսի փոխարեն, ավելացել են նաեւ վարկային ներդրումները: Այժմ գործում են 20 բանկեր, որոնց եկող տարի կավելանան եւս երկուսը: Դրանցից մեկըՙ շվեյցարական կապիտալով, որն արդեն գրանցվել է, իսկ մյուսը ղազախական բանկ է, որը շուտով կգրանցվի: Հայաստանի բանկային կապիտալում գերիշխող է օտարերկրյա կապիտալը, որը կազմում է ընդհանուրի 54 տոկոսը: Այս ցուցանիշը եկող տարի կավելանա ի հաշիվ նոր մուտք գործող երկու բանկերի: Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ վարկային կազմակերպությունները 8-ն են, այդ թվում 1 լիզինգային, 1 հիպոթեկային: Հայաստանի բանկային համակարգում կենտրոնացվածությունը մեծ էՙ 4 բանկերում է գտնվում ընդհանուր ակտիվների 48 տոկոսը: Ուժեղ կենտրոնացում է առկա հատկապես HSBC բանկում:

Անցնող տարում բանկային համակարգն աշխատել է բարձր շահութաբերությամբ, ինչի շնորհիվ, ԿԲ նախագահի հավաստիացմամբ, տարին կավարտվի 10 մլրդ դրամ շահույթով: Բանկային համակարգի հուսալիության մյուս փաստարկը չաշխատող վարկերի նվազման ցուցանիշն էր, որը կազմել է 2,9 տոկոս: Տիգրան Սարգսյանը համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման եւս մեկ քայլ համարեց դեպոզիտների երաշխավորման հիմնադրամի ստեղծումը, որը կգործի 2005 թ. հուլիսից:

Որպես բանկային համակարգի զարգացման խոչընդոտներ ԿԲ նախագահը նշեց ստվերային տնտեսությունը եւ աղքատությունը: Համակարգի առաջնահերթ անելիքներից հիշատակվեցին երեքըՙ հիպոթեկային համակարգի ներդրումը, կենսաթոշակային նոր համակարգի ստեղծումը եւ ապահովագրական դաշտի զարգացումը: Տիգրան Սարգսյանը կարեւորեց նաեւ կորպորատիվ կառավարման համակարգի ներդրումը ինչպես բանկային համակարգում, այնպես էլ տնտեսության իրական հատվածում:

Սակայն Տիգրան Սարգսյանին ուղղված հարցերի մեծ մասը բնականաբար առնչվում էր արժութային շուկային: Պատասխանելով դրանցից մեկին, նա մասնավորապես հայտնեց, որ ստուգումները փոխանակման կետերում շարունակվելու են: Բացի այդ, ներկայացվելու է օրենսդրական փաթեթ, որը նախատեսում է հարկման դաշտ բերել փոխանակման կետերը:

Երկրի նախագահի հետ ԿԲ նախագահի եւ խորհրդի անդամների հանդիպման ու արժութային շուկայում այդ օրն արձանագրված տատանումների կապի վերաբերյալ հարցին Տիգրան Սարգսյանը վերստին նույն պատասխանը տվեց, ասելով, որ նախագահի հետ հանդիպումը չէր կարող շեղումներ մտցնել շուկայում, եւ որ այդ օրերին եվրոն դոլարի նկատմամբ կայունացավ եւ անգամ որոշ չափով արժեզրկվեց:

Փոխարժեքի տատանումների եւ դրա հետեւանքների վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին նաեւ կլոր սեղանի մասնակիցները: Տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը նշեց, որ դրամի արժեւորման արդյունքում նվազել են արտադրության եւ արտահանման աճի տեմպերը: Նա առաջարկեց երեք տոկոս սղաճի փոխարեն որպես ուղենիշ ընտրել 10-14 տոկոս սղաճային ցուցանիշը, որը կխթանի ներդրումները Հայաստանում: Նա նաեւ նշեց, որ Հայաստանի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը խորացել է:

Տնտեսագետ եւ ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը ճիշտ չհամարեց ԿԲ պասսիվ սպասողական դիրք գրավելը, երբ ֆինանսական շուկայում նման լուրջ սպառնալիքներ են լինում: Նրա կարծիքով, ԿԲ-ն պետք է ավելի ակտիվ գործի, քանի որ մասնավոր փոխանցումների հաշվին է ապրում մեր բնակչության գերակշիռ մասը: Նրա համոզմամբ, ԿԲ այդ քաղաքականությունը ճիշտ կլինի, եթե բնակչության գերակշիռ մասն ապրեր դրամով տրվող աշխատավարձով:

Ամփոփելով կլոր սեղանը, ԿԲ նախագահը հայտնեց, որ ընդհակառակը, Հայաստանի առեւտրային հաշվեկշիռը բարելավվել է: Նախորդ տարվա 15,5 տոկոսի փոխարեն 2004 թ. կազմել է 13 տոկոս: Նրա բերած այս ցուցանիշին, սակայն, Էդուարդ Աղաջանովը չհամաձայնեց: Ինչ վերաբերում է ակտիվ քաղաքականությանը, ապա ԿԲ-ն, ըստ նրա նախագահի, ակտիվ դեր է ունեցել այն հարցում, որ պատրաստ է եղել ամբողջովին բավարարել առեւտրային բանկերի դրամի պահանջարկը: Միաժամանակ ակտիվ քաղաքականություն է տարվել, որպեսզի թույլ չտրվի դրամի արհեստական արժեզրկում: Տիգրան Սարգսյանը անընդունելի համարեց դրամի արժեզրկման միջոցով արտահանումը խրախուսելը: Իսկ մասնավոր փոխանցումների հետ կապված խնդիրը որակելով որպես իսկապես սրված, նա նշեց, որ արտերկրից իրենց հարազատներին ուղարկվող դոլարներն արդեն արժեզրկված են ամբողջ աշխարհում, եւ դրանք Հայաստանում չեն արժեզրկվում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4