«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2004-12-15 | #226, 2004-12-16 | #227, 2004-12-17


ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ 4 ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ ԴԻՄԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

«Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միությունը երեկ տարածած մամլո հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ Շահումյանի շրջանից եւ Գետաշենի ենթաշրջանից բռնի տեղահանված 4 հայ ընտանիքներ ընդդեմ Ադրբեջանի հայցով դիմել են մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Գանգատում կվիճարկվեն այդ տարածքներից բռնի տեղահանված բնակիչների սեփականության պաշտպանության, ինչպես նաեւ բնակարանի նկատմամբ հարգանքի իրավունքի խախտման հարցերը», ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների հարցերով (ECOSOC) հանձնաժողովը նոյեմբերի 26-ին կայացած նիստի եզրակացության մեջ մտահոգություն էր հայտնել «Ադրբեջանում փախստականների եւ ներքին վերաբնակների կողմից հայերին ու էթնիկ այլ փոքրամասնություններին պատկանող գույքի յուրացման» փաստերի կապակցությամբ:

«Հանձնաժողովը խորհուրդ է տալիս Ադրբեջանին ձեռնարկել համապատասխան միջոցներ եւ ապահովել համարժեք փոխհատուցում կամ առաջարկել այլընտրանքային բնակավայրեր հայերին եւ այլ էթնիկ փոքրամասնություններին, որոնց գույքն ապօրինաբար յուրացրել են փախստականները եւ ներքին վերաբնակները», ասվում էր ECOSOC-ի եզրակացությունում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4