«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2004-12-15 | #226, 2004-12-16 | #227, 2004-12-17


ՀՂԻ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ԿՀԱՃԱԽԵՆ «ՄԱՅՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ»

«Մայրական դպրոց» հաճախելը խորհրդային տարիներին պարտադիր է եղել բոլոր հղի կանանց համար, սակայն հետագայում մոռացության է մատնվել, իսկ այժմ վերականգնելու փորձ է արվում, քանի որ հղիության ու ծննդաբերության ընթացքում հղի կնոջ սոցիալհոգեբանական ու ֆիզիկական աջակցության կարեւորությունը վերստին գիտակցվում է:

Կանադայից ժամանած միջազգային խորհրդատու, Տորոնտոյի համալսարանի մանկաբարձության, գինեկոլոգիայի եւ հանրային առողջության բաժնի պրոֆեսոր Բեւերլի Չալմերսը դեկտեմբերի 14-16-ը եռօրյա դասընթացներ է անցկացնում նախածննդային եւ նորածնային խնամքի վերաբերյալ, հայ մասնագետներին ծանոթացնելով Կանադայում եւ այլ երկրներում կիրառվող առողջապահական եւ հոգեբանական նոր մոտեցումներին, որոնց անհրաժեշտությունը մեզանում արդեն հասունացել է:

Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնումՙ Կրթության զարգացման ակադեմիան (AED), որն արդեն 10 տարի Հայաստանում վերապատրաստման ծրագրեր է անցկացնում: Հիշյալ ակադեմիայի հայաստանյան գրասենյակի տնօրեն Անուշ Եդիգարյանն ասաց, որ ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի բոլոր մարզերում երեխա սպասող ծնողներին գիտելիքներ եւ հմտություններ մատուցելն է, որի համար ծրագրի առաջին փուլում կվերապատրաստվեն 22 մասնագետներ: Վերապատրաստված 22 մանկաբարձները ծրագրի երկրորդ փուլում կմեկնեն հեռավոր շրջաններ, ուսուցանելու այդ համակարգում ընդգրկված 60 բուժաշխատողների, իսկ երրորդ փուլում կանցկացվի ապագա ծնողների եւ նրանց հարազատների ուսուցում:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, պետական բժշկական համալսարանի դոցենտ Գայանե Ավագյանը «Ազգի» հետ զրույցում նշեց, որ ուսուցանվող մեթոդը իրենց համար նորություն չէ, նախկինում կոչվել է ֆիզիոհոգեբանական պրոֆիլակտիկա: Մեթոդի հեղինակները եղել են ռուս գիտնականները, որոնց ուսումնասիրությունների հիման վրա ամերիկացի գիտնական Լամազը նորովի մշակել է եւ այդ մասին նշել իր գրառումներում: Տկն Չալմերսն այդ մեթոդի դասավանդման մեծ փորձ ունի, ինչը խիստ ուսանելի կլինի մեր մասնագետների համար:

Ալավերդու ծննդատան տնօրեն Ամալյա Ազատյանը նույնպես նշեց, որ Հայաստանում «Մայրական դպրոցը» հետեւել է խորհրդային մեթոդներին, սակայն այս դասընթացներից հետո հղիների ուսուցումը կկազմակերպվի ոչ միայն խմբերով, ինչպես նախկինում, այլեւ նրանց հետ կտարվի անհատական աշխատանք: Նա համոզված է, որ դասավանդվող մեթոդի նորովի կիրառումը շատ արդյունավետ կլինի հղի կանանց աջակցության առումով, սակայն ծննդաբերության ավանդական ձեւից հրաժարվելը դեռ վաղ է մեր կանանց համար:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4