«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#229, 2004-12-21 | #230, 2004-12-22 | #231, 2004-12-23


ՈՒԶԲԵԿԱԿԱՆ ԳՈՐԾՆ ԱՎԱՐՏՎԵՑ

2004 թ. հունիսի 28-ից հոկտեմբերի 19-ը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի առաջին ատյանի դատարանը լսեց եւ ուժի մեջ մտած նոր հոդվածով կայացրեց առաջին վճիռն աղմկահարույց «ուզբեկական գործի» վերաբերյալ: Երիտասարդ կանանց մարմնավաճառության մեջ ներգրավելու եւ այդ միջոցով գործունեությունն էլ ավելի ընդլայնելու նպատակով, ամբաստանյալ Անուշ Զախարյանցի առաջարկությամբ 2003 թ. նոյեմբերին ամբաստանյալ Արսեն Զախարյանը մեկնել է Ուզբեկստանՙ աղջիկներ հավաքագրելու եւ Երեւան տեղափոխելու համար:

Թեպետ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Անժելիկա Այրումյանը դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չճանաչեց, սակայն դատական վիճաբանությունների փուլում իրեն լիովին մեղավոր ճանաչելով հայտնեց, որ, ընդունելով Անուշ Զախարյանցիՙ Երեւանում բուժվելու եւ իրենց բացելիք ուզբեկական ռեստորանում աշխատելու առաջարկը նրա որդուՙ Վազգեն Բալասանովի, եղբորՙ Արսեն Զախարյանի եւ նրա կնոջՙ Օքսաննա Խայկովայի, Մարինա Ուալիեւայի, Օքսաննա Մակավոզի, Մարիա Շկուցկոյի եւ Էլեոնորա Բոնեի հետ օգոստոսի 9-ին ժամանել են Երեւան: «Զվարթնոց» օդանավակայանում Անուշ Զախարյանցը հավաքել եւ հետագայում վարձած բնակարանում բանալիով փակվող ննջասենյակում թաքցրել է 8 ուզբեկ կանանց անձնագրերը: Անուշ Զախարյանցը, նրա որդինՙ Արսենը եւ Անժելիկա Այրումյանն այդ 8 կանանց զրկել են ինքնուրույն տեղաշարժվելու իրավունքից, մշտապես պահել են հսկողության եւ նյութական կախվածության պայմաններումՙ դրդելով մարմնավաճառության, հեռախոսով պայմանավորվելով հաճախորդների հետ 3 ժամը 50 ԱՄՆ դոլարով վաճառել նրանց ու ենթարկել սեռական շահագործման... Եվ վերջապես 2004 թ. հունվարի 13-ին բոլոր տուժողները եւ կազմակերպիչները բերման են ենթարկվել ոստիկանություն:

Մի քանի ամիս տեւած դատական գործընթացն ավարտվեց, եւ Կենտրոն-Նորք Մարաշ համայնքի առաջին ատյանի դռնբաց դատական նիստում (դատավորՙ Հ. Հովհաննիսյան) քննեց քր. գործը եւ օրերս կայացրեց վճիռ: Գործով ձեռք բերված բազմակողմանի եւ օբյեկտիվ ստուգված յուրաքանչյուր ցուցմունք դատարանն ապացուցված համարեց, եւ ամբաստանյալներ Անուշ Զախարյանցին, Արսեն Զախարյանին եւ Անժելիկա Այրումյանին հանցավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի երկրորդ մասի 1-ին եւ 4-րդ կետերովՙ նրանց դատապարտելով համապատասխանաբար 4 տարի 6 ամիս, 4 տարի, վերջինիս նկատմամբ կիրառվեց նաեւ 64 հոդվածըՙ 2 տարի ազատազրկում: Երեքն էլ պատիժը պետք է կրեն ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում: Իսկ Ուզբեկստանի 8 քաղաքացուհիները հոգեբանական կուրս անցնելուց հետո տեղափոխվել են հայրենիք:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4