«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2004-12-24 | #233, 2004-12-25 | #234, 2004-12-28


«2005 Թ. ԲՈՒՆ ԿՌԻՎԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ» ՇՈՒՐՋ Է ԼԻՆԵԼՈՒ»

Խոստովանում է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը

Օրերս արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի համապատասխան հանձնաժողովներում պարզաբանումներ է արել դեկտեմբերի 16-17-ին Բրյուսելում հրավիրված Եվրոմիության գագաթաժողովի արդյունքների մասին: Տեղեկացնելով այդ մասին, թուրքական «Ռադիկալ» թերթը դեկտեմբերի 25-ի համարում անդրադառնում է Գյուլի պարզաբանումների կարեւորագույն մանրամասներին, որոնց մեջ Թուրքիայի արտգործնախարարը առանցքային տեղ է հատկացրել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նախաձեռնությունների դեմ պայքարին: Ահա թե ինչ է ասել նա, ըստ «Ռադիկալի».

Չենք կարողանում բացատրել

«Արտգործնախարարությունում գնահատեցինք առաջիկա տարվա քաղաքական հնարավոր զարգացումները, թե ինչ հարցեր կծագեն, ինչին ենք կարեւորություն տալու, որոնք են այն խնդիրները, որոնց մասին թուրքական հասարակական կարծիքը դեռեւս տեղյակ չէ, սակայն առաջիկայում Թուրքիան ստիպված կզբաղվի դրանցով: Խնդիրներից առաջինը Հայկական հարցն է: Ներկան մի կողմ, մենք երբեք չենք կարող թույլ տալ, որ մեր նախնիներն ու անցյալն իրենց վրա կրեն այդպիսի մեղադրանքի կնիքը: Դա պետք է բացատրել (աշխարհին), թեեւ փորձում ենք, սակայն, կասկածում եմ մեր բացատրությունների արդյունավետությանը:

Երեկ արտգործնախարարության աշխատակիցներն ասացին, որ քարոզչության առումով «եթե նրանք (հայերը) հարյուր են ծախսում, ապա մենքՙ հազար»: Թուրքիայում հարցին հետեւում են մի շարք հաստատություններ, նաեւՙ արտգործնախարարությունն ու այլ հիմնարկներ: Հարցն ուշադիր քննարկում ենք, (պայքարի) մեր մեթոդները վերանայելուց հետո վերստին կքննարկենք»:

Հայերի փոքրիկ քայլերը

«Որքան ինձ հայտնի է, պատմաբանները, գիտնականները, որոնց մեջ են նաեւ նրանք (հայերը), Թուրքիայից որոշ գիտնականների հետ հանդիպում են, ինչը խրախուսում ենք: Վերջերս Վիեննայում հանդիպում էր հրավիրվել: Հանդիպմանը նրանք չներկայացան, սակայն անուղղակի ուղարկեցին իրենց տեսակետները: Սա եւս քայլ է հայերի տեսանկյունից: Առաջիկայում այս միջոցառումները կարող են ծավալվելով շարունակվել: Մենք չենք կարող խուսափել դրանցից»:

Ավելի զինված ենք լինելու

«Պետք է իմանանք, թե ինչով ենք դեմ դուրս գալու եւ ինչպես ենք այս ամենի դեմ պայքարելու: Այլապես անիմաստ է անընդմեջ դժգոհելը. «Մեզ այսպես են ասում»: Այդպես շարունակելու միակ ձեւը եվրոպական կառույցներից վերջնականապես դուրս գալն է: Քանի որ դուրս գալ չենք կարող, ուստի մնում է մինչեւ վերջ պայքարելը, իսկ պայքարելու համար անհրաժեշտ է զինվել»:

Լուծումը կդյուրացնի մեր գործը

«Անժխտելի փաստ է, որ ԵՄ-ի անդամ 25 երկրներից մեկի հետ մեր այս կռիվը (ցեղասպանության շուրջ) շարունակվելու է: Նրանք կձգտեն ամեն կարգի խոչընդոտ հարուցել մինչեւ ԵՄ-ի հետ մեր խնդրի վերջնական կարգավորումը: Այդ իսկ պատճառով շարունակելու ենք ակտիվ քաղաքականություն վարել ինչպես (ցեղասպանության ճանաչման) գործընթացի, այնպես էլ Կիպրոսի հարցերում, որպեսզի հասնենք դրանցՙ մեզ համար ընդունելի տարբերակով լուծմանը: Այսպիսի քաղաքականություն չվարելու դեպքում մեզ պարտադրելու են: Սակայն, եթե այդ քաղաքականությունը հաջողվի, նշված հարցերի մնայուն լուծումները կառաջարկենք մենք, առաջարկները կլինեն մեր նախաձեռնությամբ, իսկ դա, իմ խորին համոզմամբ (ԵՄ-ի հետ առաջիկա գործընթացում), անհամեմատ կդյուրացնի մեր գործը»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4