«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#233, 2004-12-25 | #234, 2004-12-28 | #235, 2004-12-29


ԾՈՒՂՐՈՒՂՈՒ, ԾՈՒՂՐՈՒՂՈՒ... ԳԱԼԻՍ Է ՆՈՐ ՏԱՐԻՆ

Շուտով մեր դռները կբացենք ոսկե աքաղաղի առջեւ, իսկ դա նշանակում է, որ հատուկ ծեսով, անսահման շատ լույսեր վառած պետք է դիմավորենք նորՙ 2005 թվականը: Աքաղաղը լինելով լույսի եւ մթի միջնորդՙ հենց Նոր տարվա գիշերը լույս է բերելու իր հետ ու ողջ տարին պայծառացնելու է բոլորիս միտքն ու հոգին, աննախադեպ առաջընթաց է պարգեւելու մեզ: Ահա այսպես է գուշակում ոսկե աքաղաղի գալը «Հրե գունդ» շաբաթաթերթի հիմնադիր խմբագիր Անժելա Հակոբյանը եւ օգնում մեզ իր խորհուրդներով, որպեսզի ճիշտ դիմավորենք Նոր տարին:

Ինչպես դիմավորենք Նոր տարին. քանի որ աքաղաղը հետաքրքրասեր, հյուրասիրության մեծ վարպետ է, ապա դռան շեմից նա կորոշիՙ մտնե՞լ այդ տունը, թե՞ ոչ: Իսկ որպեսզի նա մտնի մեր տունՙ դուռը կամ որեւէ պատուհան կեսգիշերից 5 րոպե առաջ բաց թողեք: Ահա այս միջոցով աքաղաղը կվանի իր կամակորությունը. կմտնի ձեր տուն եւ ոսկե երջանկությունից ձեզ բաժին կբերի: 2005 թ. հաջողության հասնելու համար մեծ ջանքեր են հարկավոր: Աքաղաղի պահանջներից մի քանիսը ներկայացնում ենք «Ազգի» ընթերցողներին:

Տարվա տարերքը մետաղն է, որն ուղեկից է ոսկե աքաղաղինՙ մեր կենսուրախ պաշտպանին: Առանց վարանելու ձեռնարկեք ամենաբարդ գործերը եւ համարձակ եղեք դրանք իրականացնելիս... Տարվա ընթացքում սեղանին որքան հնարավոր է փայլուն մետաղից սպասք (արծաթափայլ, ոսկեփայլ) դրեք, որի շնորհիվ ձեր տուն կմտնի դրական էներգիայի հզոր ալիք:

Ինչպես ձեւավորել տոնական սեղանը: Սփռոցը պետք է ունենա վառ, խառը կոնտրաստային գույներ: Սեղանի երեւացող մասում տեղավորեք աքաղաղի խորհրդանիշ ֆիգուրըՙ զարդարված ու փայլուն: Ճաշացանկը պետք է լինի բազմազան: Ճաշատեսակները, նախուտեստները պետք է վառ զարդարանք ունենան: Մանր կտրատած աղցանները, բուտերբրոդները, կարկանդակները պետք է մատուցվեն փայլփլուն սպասքով, ոչ մեծ քանակությամբ, որպեսզի աքաղաղը կարողանա կտցել: Սեղանի վրա տեղ թողեք մի բուռ հացահատիկի համար, որը ոսկե թռչունի սիրելի կերակուրն է: Իսկ հավի մսից պատրաստված ուտեստները ցանկալի չեն տոնական սեղանին: Խորհուրդ է տրվում պատրաստել տապակած կանաչեղենՙ ավելուկ, սպանաղ, փիփերթ... Տնային տնտեսուհիներին հիշեցնենք նաեւ, որ ձկնատեսակները պահեն Զատիկի համար:

Չմոռանանք նաեւ պասուց տոլման (ընդեղենով), աղանձը եւ հալվան (գետնանուշով): Իսկ ամենագլխավորըՙ սեղանի սփռոցի տակ չմոռանաք դնել 5 կամ 10 հազարանոց թղթադրամ, որը ողջ տարին ձեզ եկամուտ կբերի: Տոնական սեղանի համար ընտրեք այնպիսի խմիչքներ, որ աքաղաղը միանգամից չհարբի: Նախընտրելի են դառը գինիները, թույլ ալկոհոլային խմիչքները: Իսկ հյութերից գերադասելի է հատապտղայինը: Չմոռանաք շամպայնի բաժակի մեջ նետել մետաղադրամ, որպեսզի 2005 թ. ձեր եկամուտները բազմապատկվեն: Ժամացույցի 12 զարկերից հետո չմոռանաք առաջին բաժակը բարձրացնելուց առաջ ողջունել աքաղաղինՙ ծուղրուղու, ծուղրուղու կանչելով եւ հիշեք, որ այդ դեպքում դուք հուսալի բարեկամ եք ձեռք բերել:

Աքաղաղի խորհուրդը 12 կենդանակերպներին

Ցուլ - Այս տարի կիրականանան ձեր բոլոր երազանքները: Հարազատները ձեր ուշադրության կարիքն ունեն, նրբորեն վերաբերվեք նրանց:

Վագր - Անակնկալներով լի տարի է: Ձեզ կհաջողվի լինել այնտեղ, ուր ձեզ սպասում են, խուսափեք ձեւականություններից եւ գնացեք վերելքի ճանապարհով:

Կատու - Ցանկացած գործում շարժվեք տարեց հարազատների խորհուրդներով: Ձեր դիվանագիտությամբ հեշտությամբ կգտնեք հաջողության բանալին:

Վիշապ - Փորձեք ձերբազատվել արմատավորված սովորույթներից, փնտրեք նոր ծանոթություններ, ապրեք նոր կենսակերպով եւ ձեզ ամեն ինչ կհաջողվի:

Օձ - Նոր բարեկամներ եք ունենալու, որոնք նպաստելու են ողջ տարվա ընթացքում բարձր տրամադրության պահպանմանը: Որոշ հին ընկերների հրաժեշտ եք տալու հանգամանքների բերումով, որի համար չարժե զղջալ:

Ձի - Հաջողությունը ձեր կողմից է: Համարձակ քայլերից մի խուսափեք: Իրականացրեք ձեր բոլոր նպատակները, որովհետեւ ոսկե աքաղաղը ձեր լավագույն բարեկամն է:

Այծ - Եկել է երազանքներն իրականացնելու ժամանակը: Ռացիոնալ օգտագործեք յուրաքանչյուր օր, որպեսզի տարվա ընթացքում երբեւէ չզղջաք: Ձգտեք համագործակցել պատվախնդիր ու պարտաճանաչ մարդկանց հետ, ինչը կբարձրացնի ձեր վարկանիշը:

Կապիկ - Այս տարի նույնպես ձեր աշխատասիրությունը կտա ցանկալի արդյունք: Կունենաք ֆինանսական մեծ հաջողություններ, որը կնպատակաուղղեք նոր մտահղացումների իրականացմանը: Աքաղաղը դա կողջունի: Կորցնելու բան չունեք:

Աքլոր - Աշխատեք լինել առաջնորդի դերում, որպեսզի հաջողությունը չանցնի ձեր կողքով: Անցյալի նկատմամբ եղեք ներող եւ անհիշաչար:

Շուն - Անձնական կյանքը լինելու է բազմազանՙ նոր ծանոթություններ, հետաքրքրական հանդիպումներ, հնարավոր է ճանապարհորդություն մտերիմ անձնավորության հետ: Կլինեն ինչպես բերկրանքի, այնպես էլ հիասթափության պահեր: Սակայն ձեզ ոչինչ չի ընկճի:

Վարազ - 2005 թվականին հատկապես պետք է հաշվարկեք ձեր բոլոր քայլերը: Ավելի մեծ ձեռքբերումներ ունենալու համար ամեն ինչ նախապես ծրագրեք: Սպասվում են հաճելի հանդիպումներ, հանգստություն:

Մուկ - Նոր տարին հաջողության գլխավոր նպատակի հուսալի հովանավորն է: Ըստ աքաղաղի խորհրդի, պետք է կարողանաք դրամ տնտեսել նոր գործեր սկսելու համար կամ վերանորոգման աշխատանքներ իրականացնել, որին դեռ նախորդ տարվանից տրամադրված եք:

Իսկ Նոր տարին դիմավորել ցանկալի է նոր զգեստով, զարդարված ոսկյա կամ արծաթյա զարդերով, նախըտնրելի են բոլոր գույներն ու երանգները, իսկ սեւ գույնն արգելվում է: Հիշեք, որ Նոր տարվա գիշերը պահած ցանկությունը իրականանալու է, ուստի ճիշտ կողմնորոշվեք, կենտրոնացեք միայն մեկ ցանկության վրա ու ծուղրուղու կանչեք:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4