«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2005-01-15 | #6, 2005-01-18 | #7, 2005-01-19


ՈՐ ԳՅՈՒՄՐԻՆ ԼԻՆԻ ԳՐԱՎԻՉ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳ

Առաջարկում են հասարակական կազմակերպությունները

Համայնքային շատ խնդիրների լուծման համար պատասխանատու են ոչ միայն տեղական իշխանությունները, այլեւ իրենքՙ համայնքի անդամները: Առաջնորդվելով այս նկատառումով, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւ Ա. Դ. Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը նախաձեռնել են Գյումրու Հանրային խորհրդի ստեղծում եւ մշակել են այդ խորհրդի առաջարկությունների նախագիծ համայնքային բյուջեի ու քաղաքի զարգացման վերաբերյալ: Սախարովի անվան կազմակերպության Գյումրու գրասենյակում անցած շաբաթվա վերջին հրավիրված հանդիպման ժամանակ այս նախագիծը քննարկվեց քաղաքի մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, համայնքային ավագանու երեք անդամների եւ լրագրողների մասնակցությամբ:

Նախաձեռնության հեղինակները մասնավորապես առաջարկում են քաղաքապետարանում ստեղծել 4-5 բարձրակարգ մասնագետներից կազմված, ժամանակակից տեխնիկական եւ այլ անհրաժեշտ միջոցներով ապահովված հատուկ բաժին, որը զբաղվելու է համայնքային բյուջեի համալրման այլընտրանքային, լրացուցիչ միջոցների որոնմամբ: Ենթադրվում է, որ այդ բաժնի հիմնական գործն է լինելու միջոցների որոնումն ու հայթայթումը քաղաքում կյանքի որակի բարելավմանն ուղղված հատուկ, նպատակային ծրագրերի համարՙ սկսած աղբահանության, ձյունահավաքման ու ջրահեռացման ժամանակակից լուծումների ներդրումից, փողոցների, ճանապարհների նորոգումից, գետնանցումների բարեկարգումից մինչեւ խաղահրապարակների եւ ժամանցի գոտիների կառուցում, հանրային ժամանակակից գրադարանների ստեղծում, ներհամայնքային ուղեւորափոխադրումների համակարգի բարելավում եւ այլն: Առաջարկության հեղինակների հաշվարկովՙ բաժնի տարեկան ընթացիկ ծախսը կկազմի Գյումրու բյուջեի 0,6 տոկոսը, փոխարենը բազմապատիկ մեծ կարող է լինել նրա աշխատանքից ստացվող արդյունքը: Առաջարկվում է նաեւ Գյումրու համայնքային բյուջեում ամեն տարի նախատեսել համայնքի տարբեր հետաքրքրություններից բխող դրամաշնորհային եւ մրցութային ծրագրերի ֆինանսավորման ծախսեր քաղաքային բյուջեի 1-2 տոկոսի չափով:

Այս խնդիրների տնօրինման գործում միաժամանակ կարեւորվում է առաջարկվող Հանրային խորհրդի մասնակցությունը: Վերջինս, ըստ մտահղացման, քաղաքի կառավարմանը նրա համայնքի անդամների ավելի գործուն մասնակցության լավ օրինակ կարող է լինել: Հիշյալ հանդիպման ժամանակ որոշվեց մի շարք ճշտումներից եւ վերջնական տեսքի բերելուց հետո առաջարկությունները ներկայացնել համայնքային ավագանու քննարկմանը:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4