«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2005-01-29 | #16, 2005-02-01 | #17, 2005-02-02


ԴԵՍՊԱՆ ԿՅՈՒՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԺԱԿ ՇԻՐԱԿԻ ԵԼՈՒՅԹԸ ԴԱՎՈՍՈՒՄ

Կրկին կարեւորվեց Մինսկի խմբի համանախագահների դերակատարումը

Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիի երեկ հրավիրած մամուլի ասուլիսը վերաբերում էր հունվարի 26-ին Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի ելույթին: Դեսպանը մասնավորապես նշեց, որ ցանկանում է ուշադրություն հրավիրել Դավոսի ամենամյա գագաթաժողովում Ժակ Շիրակի կատարած մի քանի շեշտադրումներին: Ըստ Անրի Կյունիի, իր զեկույցում Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել իրական առաջարկություններովՙ ներկայացնելով ընդհանրապես զարգացման նկատմամբ Ֆրանսիայի դիրքորոշումները:

Ժակ Շիրակն իր ելույթում անդրադարձել է համաշխարհային խնդիրներինՙ սկսած 2004 թ. վերջում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունից մինչեւ, Ֆրանսիայի նախագահի խոսքերով, «լռակյաց ցունամիներ»: Որպես այդպիսին Ժակ Շիրակը նշել է աշխարհի տարբեր երկրներում տիրող սովը, վարակիչ հիվանդությունները, բռնարարքները, ամբողջական տարածաշրջաններում տիրող անարխիան, անօրինական միգրացիաները եւ այլն:

Ըստ ելույթի տեքստի, աշխարհի համար լուրջ խնդիր են դառնում հարուստ եւ աղքատ երկրների խորացող տարբերությունները: Հետաքրքրական օրինակ է այն, որ երկու համաշխարհային ընկերությունների ապրանքաշրջանառությունն, ըստ դեսպան Կյունիի, գերազանցում է ողջ Աֆրիկայի համախառն ներքին արտադրանքը:

Կարեւորելով աղքատության հաղթահարման, կրթական, բնակչության գնողունակության աճի եւ այլ խնդիրներ, Ֆրանսիայի նախագահն իր ելույթում անդրադարձել է նաեւ դրանց լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներին:

«Կցանկանայի, որ Հայաստանը եւս այս քննարկումներին մասնակցեր, քանի որ տարածաշրջանային հնչեղության շատ խնդիրներ կապված են աշխարհում տիրող իրավիճակի հետ», ասաց Անրի Կյունին:

Պատասխանելով լրագրողների հարցերին, դեսպանը ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստահավաք առաքելության կապակցությամբ նշեց, որ ներկա փուլի վերաբերյալ որեւէ տեղեկություն չունի: Անրի Կյունին անդրադարձավ ընդհանրապես առաքելության նպատակին, որն է արձանագրել իրողությունները, փաստերը: Ըստ դեսպանի տեղեկության, տարածաշրջան այս այցելության ավարտին կկազմվի զեկույց, որը կստորագրեն Մինսկի խմբի 3 համանախագահները:

Ինչ վերաբերում է Աթկինսոնի զեկույցին, ապա, ըստ դեսպանի, Մինսկի խումբն ունի իր առաքելությունը, որ որեւէ մեկի կողմից կասկածի տակ չի դրվում, միեւնույն ժամանակ դա չի խանգարում, որ ուրիշ կազմակերպություններ վերլուծություններ կատարեն, աջակցություն ցուցաբերեն այսպես կոչված պրահյան գործընթացինՙ դրանով օժանդակելով նաեւ Մինսկի խմբի աշխատանքին:

Ամեն դեպքում, Անրի Կյունիի խոսքերով, կարգավորման գործընթացը մնում է Մինսկի խմբի իրավասության շրջանակներում: Ներկայումս բանակցությունների մասնակցող 2 երկրների հետընտրական շրջանում որոշակի ակտիվացում է նկատվում: Դեսպանը նշեց, որ այս փուլում կարելի է ցանկանալ, որ բանակցություններն ավարտվեն կայուն, տեւական խաղաղության որոշմամբ:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4