«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2005-02-03 | #19, 2005-02-04 | #20, 2005-02-05


ԴՈԼԱՐ-ԵՎՐՈ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌԵՎՍ ՄՆՈՒՄ Է ԱՆՈՐՈՇ

Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի, քաղաքականությունը ֆինանսական ոլորտում կտրուկ փոփոխությունների չի ենթարկվում: Մոտ օրերս կայանալիք եվրոպական պետությունների ֆինանսների նախարարների հանդիպումը չափազանց կարեւոր է: Այն քաղաքականությունը, որ իրականացնելու է Եվրոմիությունը, ինչպես նաեւ այդ քննարկումներին մասնակցող Չինաստանը եւ Ռուսաստանը, ունի մեծ նշանակություն:

Բանկային վերահսկողության Բազելյան հանձնաժողովի անդրկովկասյան, Կենտրոնական Ասիայի եւ Ռուսաստանի Դաշնության երկրների տարածաշրջանային խմբի 15-րդ կոնֆերանսի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում դոլար-եվրո հարաբերակցության առումով Տիգրան Սարգսյանը կարեւորեց նաեւ Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի դիրքորոշումն այս հարցում:

Ընդհանուր քննարկումների ավարտից հետո, որ նախատեսվում է սկսել փետրվարի կեսից, ըստ ԿԲ նախագահի, կսկսվեն ինտենսիվ բանակցություններ Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի հետ միջին ժամկետ ծրագրերի առումով եւ համագործակցության նոր շրջանակների ներքո: «Բնականաբար այս խնդիրները լինելու են առաջնահերթ խնդիրներ, եւ այդ քննարկումներից հետո մենք հանդես կգանք համապատասխան հայտարարություններով», ասաց Տիգրան Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգների թույլ դոլարի քաղաքականություն վարելու կամ հակառակ դիրքորոշմանը, Տիգրան Սարգսյանն ասաց, որ երկու տեսակետներն էլ այսօր հնչում են եւ ունեն իրենց կողմնակիցները: «Մենք հետեւում ենք, թե Սենատում եւ Կոնգրեսում ինչպիսի տրամադրություններ կան Միացյալ Նահանգներում բյուջեի դեֆիցիտի կապակցությամբ, արդյոք այդ բյուջետային դեֆիցիտի մեծ տեսակարար կշիռը պահպանվելո՞ւ է հետագա տարիների ընթացքում», նշեց ԿԲ նախագահը:

Պրն Սարգսյանի խոսքերով, այդ բյուջետային դեֆիցիտը էական ազդեցություն է թողնելու համաշխարհային բոլոր միտումների վրա: Եվ եթե բյուջետային դեֆիցիտի այս մեծ տեսակարար կշիռը շարունակի պահպանվել, ապա դա նշանակում է, որ դոլարի պահվածքը կշարունակի նախորդ տարիների միտումները:

«Եթե բյուջետային դեֆիցիտի կրճատում տեղի ունենա, դա կնշանակի, որ շուկաներում դոլարի վարքագիծը կլինի ավելի կայուն», ասաց Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա, այս առումով երկրորդ գործոնն այն է, թե ինչպիսին կլինի վերաֆինանսավորման տոկոսադրույքը: «Երբ տոկոսադրույքի բարձրացում տեղի ունեցավ 0,25 տոկոսով եւ այսօր վերաֆինանսավորման տոկոսադրույքը Միացյալ Նահանգներում արդեն 2,5 տոկոս է, իսկ Եվրոպայում Կենտրոնական բանկը այն պահպանել է նույն մակարդակի` 2 տոկոսի վրա, դա նշանակում է, որ ներդրումները դոլարային գործիքների մեջ ավելի բարձր եկամտաբերություն են ապահովելու, քան եվրոյում, եւ դա նույնպես կարող է ունենալ կայունացման միտում փոխարժեքների առումով», պարզաբանեց Տիգրան Սարգսյանը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4