«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#22, 2005-02-09 | #23, 2005-02-10 | #24, 2005-02-11


ԹՈՒՐՔԵ՞ՐՆ ԵՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄ

Թե՞ հայ գործիչներն են նրանց խեղաթյուրման առիթ տալիս

Փետրվարի 9-ին թուրքական հանրային հեռուստատեսությունը, որն իրականում պետական է, լրատվական գլխավոր թողարկմանը խիստ աղմկահարույց տեղեկություն հաղորդեց: Համաձայն դրա Հայ-թուրք գործարար միության նախագահ Արսեն Ղազարյանի ուղեկցությամբ Անկարայի առեւտրի պալատի նախագահ Սինան Այգյունին այցելելիս հայկական պատվիրակության անդամ, Հայաստանի երիտասարդական կուսակցության ղեկավար Սարգիս Ասատրյանը ասեկոսե է համարել «ցեղասպանության մասին պնդումները», ասել է, որ օսմանյան շրջանում նման բաներ եղել են, սակայն մենք մոռացել ենք, ապա եւ ավելացրել. «Հայ ժողովուրդն այսօր 100 տոկոսով ուզում է կապեր հաստատել Թուրքիայի հետ»:

Հաղորդումը հագեցած էր համապատասխան տեսանյութով: Դրա նպատակամղվածությունը կրկնություն էր ենթադրում, որ դա հեռարձակվեց նաեւ փետրվարի 10-ի առավոտյան: Նույն օրը, Այդըն Հասանի թղթակցությամբ, Ասատրյանի խոսքերին արձագանքեց նաեւ «Միլիեթը»: Թուրքական թերթը, նշելով հայկական պատվիրակության ՀՀ նախագահի հավանությամբ Անկարա այցելելու մասին, այցելությունը պայմանավորում է Թուրքիայի հետ հարաբերությունները բարեկամության շջանակներում զարգացնելու հայաստանյան իշխանությունների բարի կամքով եւ դա հակադրում «Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի առնչությամբ աշխարհով մեկ քարոզարշավ ծավալելու» հայկական սփյուռքի ջանքերին:

Ըստ «Միլիեթի», հայկական պատվիրակությունը փետրվարի 9-ին Մեջլիսում հանդիպել է 7 թուրք պատգամավորի հետ: Ինչ վերաբերում է Անկարայի առեւտրի պալատի հանդիպմանը, ապա դրա ընթացքում Այգյունը դիմել է Հայաստանի երիտասարդական կուսակցության ղեկավար Ասատրյանին. «Դուք պարտավոր եք իշխել սփյուռքահայերին, պետք է կասեցնել նրանց գործունեությունը: Ընդունո՞ւմ եք, որ 1915-ին հայերը կոտորածի են ենթարկվել»:

Ասատրյանը պատասխանել է. «Ժամանակին եղել են այդպիսի խոսակցություններ: Օսմանյան պետությունը կայսրություն էր: Թուրքիան դրա հետ առնչություն չունի: Քեմալ Աթաթուրքը տապալեց սուլթանական իշխանությունը, կայսրության վերջին շրջանում նման բան եղել է: Ասում են, որ թուրքերը մորթեցին հայերին: Սրանք ասեկոսեներ են: Շատ բաներ պատահել են, անցել եւ գնացել: 1,5 մլն մարդ է մահացել: Տարիներ անցան: Ներկա պահին Թուրքիան ժողովրդավարական երկիր է: Մենք մոռացել ենք այդ ամենը: Թող ոչ ոք չմտնի Թուրքիայի եւ Հայաստանի արանքը, ինչպես Ամերիկան, Ֆրանսիան, Ադրբեջանը, Ուրուգվայն ու Չինաստանը»:

Թուրքական թերթերը հաճախ խեղաթյուրում են իրականությունը: Հատկապես երբ խնդրո առարկան Հայոց ցեղասպանության մասին հայաստանյան գործչի դատողություններն են: Թեեւ «Ազգին» հասած տեղեկությունների համաձայն, Հայաստանի երիտասարդական կուսակցության ղեկավարը պաշտոնապես հերքում է պահանջել, սակայն խեղաթյուրման պարագայում խնդիրը սոսկ «Միլիեթը» չէ, այլ պետական բնույթ կրող թուրքական հանրային հեռուստատեսությունը: Կարծում ենք, նախքան հերքում պահանջելը չպետք է խեղաթյուրման առիթ տալ: Որեւէ մեկի համար գաղտնիք չեն օտարերկրյա, առավել եւս հայ գործիչներին Հայոց ցեղասպանության ժխտողականությանը ծառայեցնելու թուրքական նկրտումները:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4