«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2005-02-10 | #24, 2005-02-11 | #25, 2005-02-12


«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՉԻ ԲԱՑՎԻ»

Հավաստում է Գյուլը Մամեդյարովին

Փետրվարի 10-ին Անկարայում արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը հանդիպել է պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Հանդիպման ավարտինՙ մամուլի համատեղ ասուլիսում Գյուլը պատասխանելով լրագրողիՙ հայ-թուրքական սահմանի բացմանն առչվող հարցին, ասել է. «Թող ադրբեջանցիներն անհոգ մնան: Քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Թուրքիան չի բացի իր հայկական սահմանը, ոչ էլ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ»:

Այդ մասին փետրվարի 11-ի առավոտյան տեղեկացրել էր թուրքական հանրային հեռուստատեսությունը: Տեղեկությունը նույն օրվա համարում հավելում է «Հյուրիեթը»: Աբդուլլահ Գյուլն, ըստ թերթի, չափազանց խորիմաստ ազդանշան է հաղորդել Մամեդյարովինՙ մատնանշելով. «Ադրբեջանը բարեկամ է եւ եղբայրական երկիր ինչպես Թուրքիայի, այնպես էլ Կիպրոսի թուրքերի համար: Վերջիններիս ձեր ընդառաջ քայլը օրինակ կհանդիսանա այլ երկրների համար»:

Թուրքիայի արտգործնախարարը, հիշեցնելով Մամեդյարովին «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» միջազգային մեկուսացվածության մասին, ադրբեջանցիներից պահանջել է, որ նրանք իրենց եղբայրությունը ցույց տան Կիպրոսի թուրքերին եւ ավելացրել. «Մենք ձեր այդ քայլին ենք սպասում»: Այլ կերպ, Գյուլը ցրելով Հայաստանի առնչությամբ ադրբեջանցիների մտավախությունը, հայ-թուրքական սահմանը փակ պահելու դիմաց Ադրբեջանին որպես պայման առաջադրել է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ճանաչումը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4