«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#23, 2005-02-10 | #24, 2005-02-11 | #25, 2005-02-12


ՕՐՀԱՆ ՓԱՄՈՒՔԸ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Թուրքական թերթերը նրան հռչակում են ազգի դավաճան, իսկ թուրք գիտնականները ձայնակցում են

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Շվեյցարական «Տագեսանցայգեր» թերթը փետրվարի 6-ի համարում հրապարակել է հայտնի թուրք վիպասան Օրհան Փամուքի հետ Գերմանիայում անցկացված հարցազրույցը: «Ազգը» նախորդ համարում տեղեկացրել էր այդ մասին: Հիշեցման կարգով նշենք, որ թուրք վիպասանը հարցերին պատասխանելիս ընդգծել էր անցյալում տեղի ունեցած տխուր իրադարձությունների մասին հրապարակավ ազատ արտահայտվելու անհրաժեշտությունը եւ ավելացրել. «Թուրքիայում 30 հազար քուրդ է սպանվել եւ 1 միլիոն հայ: Գրեթե ոչ ոք չի հանդգնում, բայց ես ասում եմ, եւ ազգայնամոլները դրա համար ատում են ինձ»:

Փամուքի հայտարարությունը (ի դեպ, նա Յաշար Քեմալի հետ Նոբելյան մրցանակի այս տարվա թուրք թեկնածուներից է), բուռն հակազդեցություն է առաջացրել Թուրքիայում, նա դավաճանության մեղադրանքով դարձել է թուրքական թերթերի նշանառության թիրախ: Հատկանշական է, որ մեղադրանքի պարագայում խոսքը սոսկ «գորշ գայլերին» հարող թերթերի մասին չէ, ինչպիսին է «Ենի չաղը», այլ գրեթե բոլորի:

Օրինակ, փետրվարի 11-ի համարում «Վաթան» թերթը Փամուքի «30 հազար քրդի եւ 1 միլիոն հայի սպանության» մասին հայտարարությանն անդրադառնում է «Մի՞թե խոսքի ազատությունը դավաճանության ազատություն է», «Աքշամը»ՙ «Ինչո՞ւ Փամուքն ատելությամբ է լցված», «Սթարը»ՙ «Օրհան Փամուք, հոգի ես հանում» խորագրերով: Դրանցից թերեւս կարելի է առանձնացնել «Հյուրիեթին», որովհետեւ այս թերթը Թուրքիայում աշխարհիկ կարգերի, ժողովրդավարության եւ խոսքի ազատության ջատագովների մեջ հավակնում է ախոյանի կոչմանը:

«Հյուրիեթը» Ֆաթիհ Ալթայլը ստորագրությամբ, Փամուքին որակում է «սեւ գրող», վերոհիշյալ հայտարարության առնչությամբ նրան անվանում է ստախոս, ընդգծում, որ նրա մոտեցումն արժանավայել է ոչ թե մտավորականին, այլ ոխերիմ թշնամուն, համարելով վիպասանին «խղճուկ արարած», գրում է. «Թշնամանքն ափսոս է նրան»:

Թուրքիայում Օրհան Փամուքին նշանառության թիրախ դարձնելու հարցում թուրքական թերթերին են միանում նաեւ թուրք գիտնականները: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ «Գազեթե վաթանի» փետրվարի 11-ի համարին: Այս թերթը «30 հազար քրդի եւ 1 միլիոն հայի սպանության» Փամուքի հայտարարությունը մեկնաբանելու համար դիմել է գիտնականներին: Նրանցից Ստամբուլի համալսարանի դասախոս, դոկտ., պրոֆ. Թոքթամըշ Աթեշը դա համարել է անիմաստ եւ մեծ թերություն վիպասանի համար, ավելացնելով, որ պատմությունն այդպես չեն վերլուծում: Դոկտ., պրոֆ. Բահադդին Եդիյլդըզը, որը Թուրքիայի սոցիալական պատմության հայտնի մասնագետ է, Փամուքին մեղադրել է անգրագիտության մեջ եւ նշել. «Աշխարհում չկա մի երկիր, որտեղ առանձին էթնիկ խմբի ապստամբությանը չմիջամտեն պետական իշխանությունները»:

Թուրքական պատմական ընկերության հայկական ուսումնասիրությունների բաժնի վարիչ, դոկտ., պրոֆ. Հիքմեթ Օզդեմիրն սպառնացել է առաջիկայում գիտականորեն հերքել Փամուքի անիրավի պնդումներն ու ամաչեցնել նրան: Օզդեմիրը միաժամանակ ընդգծելով, որ ինքն իբրեւ գիտնական չի կարող լուրջ ընդունել Փամուքին, «մեծ սուտ» է համարել 1 միլիոն հայի սպանության նրա պնդումը:

Բոսֆորի համալսարանի դասախոս, դոկտ., պրոֆ. Հալիլ Ինալջըքն ընդունելով Օրհան Փամուքի համաշխարհային հռչակը, այնուամենայնիվ, թուրքական պետությանն ու թուրք ազգին մեղադրող անպատասխանատու հայտարարության համար դատապարտել է նրան: Թերեւս վիպասանին պաշտպանել է «Սաբանջը» համալսարանի դասախոս, դոկտ. Հալիլ Բերքթայը: Նա Փամուքին բնութագրել է ազնիվ մտավորական, մատնանշել, որ արտահայտում է ճշմարտությունը եւ դա հիմնավորելու համար ավելացրել. «1915-16 թթ. գուցե 800 հազար, գուցե եւ 1 միլիոն հայ հաստատ սպանվել է: Երկրի հարավ-արեւելքում սպանված քրդերի թիվը չգիտեմ: Սակայն միանգամայն հնարավոր եմ համարում, որ սպանված քրդերը 30 հազար լինեն»:

Հայտնի թուրք վիպասան Օրհան Փամուքի «Թուրքիայում 1 միլիոն հայի եւ 30 հազար քրդի սպանության» հայտարարությանը թուրքական թերթերի եւ թուրք գիտնականների համատեղ հակազդեցությունը մեկնաբանության կարիք չի զգում: Հայտարարության համար վիպասանին նախատելն ու նրան երկրում «ազգի դավաճան» հռչակելը, առավել եւս: Պարզապես ընթերցողին իրազեկ ենք պահում հակազդեցությանը, որպեսզի հայ հասարակությունը դա համադրի Հայաստանում թուրք-ադրբեջանական քարոզչություն ծավալելու հարկադրանքի տակ գտնվող թափթփուկների հայատյաց ելույթներին, միաժամանակ ցանկանում ենք, որ վերոհիշյալ հակազդեցությունն ի գիտություն ընդունեն Թուրքիա մեկնող հասարակական, քաղաքական, մշակութային հայ գործիչները եւ Անկարայում այլակարծության նկատմամբ հանդուրժողականությունը չշփոթեն Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականությանը ձայնակցելու հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4