«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2005-02-12 | #26, 2005-02-15 | #27, 2005-02-16


ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆԸ ԺԽՏՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ՃՇՄԱՐՏԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ

Առայժմ միայն խոսքերով

«Ազգ»-ն իր էջերում անդրադարձել էր վերջերս Թուրքիայում գտնվող Հայաստանի երիտասարդական կուսակցության պատվիրակության նախագահ Սարգիս Ասատրյանի անվամբ թուրքական մամուլում հրապարակված խոսքերին, ըստ որոնց նա առասպել կամ ասեկոսե էր համարել Հայոց ցեղասպանությունը եւ էլի նման այլ հայտարարություններ արել:

Երեկ Թուրքիայից Հայաստան ժամանելուց 2 ժամ անց Սարգիս Ասատրյանը մամուլի ասուլիս էր հրավիրել` ներկայացնելու իր ասածներն ու իրականությունը:

Սարգիս Ասատրյանը նշեց, որ Հայաստանի երիտասարդական կուսակցության պատվիրակությունը Թուրքիայում է գտնվել «Թուրքիայի գործարարների միության նախագահ Սինան Այգյունի հրավերով»: Չներկայացնելով ոչ գործադիր իշխանությունը, ոչ էլ որեւէ պետական օղակ` պրն Ասատրյանը փետրվարի 7-15-ը գտնվել է Թուրքիայում, իր իսկ խոսքերով, չլինելով ուղարկված նախագահ Քոչարյանի կողմից:

Հարկ է նշել, որ Սինան Այգյունը ոչ թե Թուրքիայի գործարարների միության, այլ Անկարայի առեւտրի պալատի նախագահն է: Բացի այդ, պրն Ասատրյանի` լրագրողներին ցույց տըրված նամակ-հրավերն, ըստ էության, հրավեր չէր, այլ պատասխան-համաձայնություն` Երիտասարդական կուսակցության պատվիրակության Թուրքիա կատարելիք այցի շրջանակներում նաեւ Այգյունին հանդիպելու ցանկությանը: Ընդ որում, պետք է նաեւ հաշվի առնել, որ նույն Սինան Այգյունը հայտնի է որպես հակահայկական, ազգայնամոլ քաղաքական գործիչ:

Կարեւորելով հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը` Սարգիս Ասատրյանը արդեն Երեւանում ասաց, թե թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «1915 թ. տեղի է ունեցել ցեղասպանություն մեկ ազգի` հայերի նկատմամբ, որի արդյունքում 1.5 մլն հայ ջարդվել են եւ դա իրականացրել է Օսմանյան կայսրությունը»: Ու չնայած պրն Ասատրյանը, իր հավաստմամբ, շեշտել է ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը, նա նաեւ նշել է. «Մենք չենք եկել Օսմանյան կայսրության Թուրքիա, այլ Աթաթուրքի կողմից հիմնված ժողովրդավարական Թուրքիա»:

Այդ օրվա լրատվամիջոցների հետ հանդիպումից հետո Անկարայում բոլոր հանդիպումները, ըստ Ասատրյանի, դադարեցվել են, հրավիրվել են լրատվամիջոցներ, որոնցից, սակայն, միայն թուրքական NTV հեռուստաընկերությունն է անդրադարձել կրկնական հանդիպմանը: Մի քանի օր անց, Սարգիս Ասատրյանի ներկայացմամբ, «Միլիեթ» թերթը տպագրել է հերքում:

Անդրադառնալով պրն Ասատրյանի այս հայտարարությանը` տեղեկացնենք, որ «Միլիեթ» թերթի օրեր ուշացումով եւ թերթի բազմաթիվ էջերից վերջից երրորդում տպագրված հերքման մեջ նշվում է, որ նախորդ հրապարակման մեջ սխալ չկա, քանի որ սկզբնաղբյուրը Անատոլու գործակալությունն է եղել, ըստ որի տարածած հաղորդագրության Ասատրյանը ասել է հենց հրապարակված խոսքերը: Տեղեկացնելով այդ մասին, «Միլիեթ»-ի խմբագրությունը հենց հերքում որակվող հոդվածում եզրակացնում է. «Թվում է, թե Ասատրյանը ջանացել է բացատրել, որ 1915-ին պատահածները չի կարելի բարդել Թուրքիայի Հանրապետության ուսերին»:

Այս կերպ «Միլիեթ» թերթի տպագրած հոդված-հերքումն էլ, ըստ էության, հերքման նման չէ, ավելի շուտ հաստատում է նախկին հրապարակման ճշմարտացիությունը` մեղքի ողջ պատասխանատվությունը գցելով թուրքական Անատոլու գործակալության վրա, թեեւ հիշեցնենք, որ թերթը Ասատրյանի ասածների վերաբերյալ հոդված էր տպագրել իր սեփական թղթակից Այդըն Հասանի ստորագրությամբ` առանց որեւէ գործակալության հղում կատարելու:

Ամեն դեպքում, Սարգիս Ասատրյանը խոստացավ, որ իր ասածները հավաստելու համար կներկայացնի իր իսկ հեղինակած մի տեսաֆիլմՙ «Փակ ճանապարհ», որտեղ կլինեն նաեւ իր ելույթն ու թուրքական լրատվամիջոցներին ասածները: Ինքն իրեն պետական մտածողությամբ եւ խիզախ մարդ որակող Սարգիս Ասատրյանի խոսքերով, Անկարայի առեւտրի պալատի նախագահ Սինան Այգյունը ասել է, որ հավանաբար մայիսին Հայաստանի երիտասարդական կուսակցության հրավերով ինքը «Հայաստան կբերի թուրքական խոշոր բիզնեսը»:

«Ազգ»-ի հարցին ի պատասխան պրն Ասատրյանը ասաց, որ թուրքական հեռուստաընկերությունները դեռ հերքում չեն տարածել: Բացի այդ, «Ազգ»-ի այն հարցին, թե քաղաքական անհեռատեսություն չէ՞ արդյոք թուրքական մամուլին նման տեղեկություններ տարածելու հնարավորություն տալը, պրն Ասատրյանը պատասխանեցՙ մի՞թե պետք չէր հանդիպել:

Նման միջադեպերն ու աշխարհի տարբեր երկրներում հեռարձակվող թուրքական հեռուստաընկերության եթերից հայի անունից ներկայացվող հայտարարությունները փաստում են, որ անպատրաստությունը եւ անհեռատեսությունը վնասում են ազգային եւ պետական շահերին, հատկապես եթե հաշվի առնենք մամուլի տեղեկատվության ազդեցությունը` հենց տպագրված եզակի «հերքման» ֆոնին:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4