«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#25, 2005-02-12 | #26, 2005-02-15 | #27, 2005-02-16


ՖՐԱՆՍԻԱՑԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՇՏՎԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՀԵՏ

Ֆրանսիայի Եվրոմիության գծով պատասխանատու նախարար Կլոդ Հեյգները Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայից հաշտեցում է պահանջել: Նա փետրվարի 14-ին մասնակցելով CNN-Turk-ի հաղորդմանը, պատասխանել է հայտնի թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդի Հայոց ցեղասպանությանն առնչվող հարցերին: Նախարար Հեյգները, ինչպես տեղեկացնում է թուրքական ինտերնետային «Սանսուրսուզ» թերթը, Ֆրանսիայի եւ Գերմանիայի օրինակով ցույց է տվել հաշտեցման հնարավորությունըՙ որքան էլ անհաղթահարելի լինեն պատմական խնդիրներ, նշել է, որ ԵՄ-ը հաշտեցման նախագիծ ունի, եւ ավելացրել. «Հիշողության թարմացումը որպես գործընթաց անխուսափելի է, որովհետեւ Եվրոպան կառուցվել է այս մոտեցման վրա»:

Ընդգծելով հաշտեցման անհրաժեշտությունը, ֆրանսիացի նախարարն ասել է, որ Հայոց ցեղասպանության հարցում անելիքների առումով որոշումները պետք է կայացնի Թուրքիան: Նա միաժամանակ հիշեցրել է 2001 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Ֆրանսիայի ընդունած օրենքի մասինՙ մատնանշելով. «Դեռ բավականին ժամանակ ունենք: Հիշողության թարմացումը երբեմն զգալի ժամանակ է խլում: Ինչպես հայտնի է, ֆրանկո-գերմանական հաշտեցումը 50 տարի է տեւել: Հաշտեցման ուղղությամբ առաջընթաց է պետք: Թեեւ խոսքը ժամկետ պարտադրելու մասին չէ, սակայն թեկնածու երկրների անդամակցությունը ԵՄ-ին հնարավոր է միայն հաշտեցման գործընթացի շրջանակներում»:

Սա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի համար եթե ոչ ԵՄ-ի հետ անդամակցության բանակցություններն սկսելու, ապա անդամակցության նախապայմանն է լինելու:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4