«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#30, 2005-02-19 | #31, 2005-02-22 | #32, 2005-02-23


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ԸՍՏ ԱՍԻՄ ՄՈԼԼԱԶԱԴԵԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՐԻ ՀԱՐԵՎԱՆՆ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՕՆ-ԼԱՅՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ

Երեկ կովկասյան լրագրողների ցանցում (www.caucasusjournailsts.net) տեղի ունեցավ օն-լայն հարցազրույց Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության անդամ, պատգամավոր Ասիմ Մոլլազադեի հետ: Վերջինս նաեւ Եվրոխորհրդի եւ Եվրոմիությունում խորհրդարանական հանձնաժողովի անդամ է:

Ըստ Մոլլազադեի, Ադրբեջանն ու Վրաստանը հայտարարել են իրենց վճռականությունը եվրատլանտյան ինտեգրման ուղղությամբ զարգանալու առումով, իսկ Հայաստանը Ռուսաստանի եւ Իրանի հետ համագործակցության առաջնահերթություն ունի: Ռուսաստանը Ադրբեջանի համար «բարի հարեւան է, երկիր, որի հետ մենք կապված ենք մշակութային, գիտական, տնտեսական, ուղղակի բարիդրացիական կապերով»:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցի ուժային լուծման հնարավորությանը, ապա ադրբեջանցի քաղաքական գործչի կարծիքով ռազմական ելքը կործանարար կլինի եւ կբերի մարդկային անդառնալի կորուստների: Իսկ բանակցություններն ընդհանրապես, Մոլլազադեի կարծիքով, ներկայումս հաջողություն չունեն: Ընդ որում, բանակցություններին խոչընդոտում են այն քաղաքական գործիչները, ովքեր պատերազմի շնորհիվ են ստեղծել իրենց քաղաքական կարիերան: Ադրբեջանցի պատգամավորը գտնում է, որ թշնամու կերպարի ամրացումը բանակցային գործընթացի խոչընդոտման արդյունավետ մեթոդ է:

Ամեն դեպքում, Մոլլազադեն համոզված է, որ Ղարաբաղում, Սուխումում եւ Օսիայում կանանց եւ երեխաների սպանությունների համար պատասխանատվությունը պետք է անխուսափելի լինի, այլապես նման հանցագործությունները կկրկնվեն: Ավելին, անդրադառնալով Օսվենցիմի ազատագրման 60-րդ տարեդարձին, Ասիմ Մոլլազադեն ասում է, որ այդ ժամանակ կրկին նշվել է նման հանցագործությունների վաղեմության ժամկետ չունենալու մասին:

Իհարկե, Մոլլազադեն չի մոռանում ավելացնել, որ իբր Ղարաբաղում ապրում էին «100 հազարավոր ադրբեջանցիներ»: Ադրբեջանցի պատգամավորը նաեւ նշում է. «Երբ կազատվեն տարածքները, փախստականները կվերադառնան, այն ժամանակ հնարավոր կլինի ոչ միայն երկխոսությունը, այլեւ մարդկանց համատեղ նորմալ կյանքըՙ անկախ ազգային եւ կրոնական պատկանելությունից»:

Ադրբեջանի ժողովրդավարական զարգացումն, ըստ Մոլլազադեի, շարունակվում է: Բայց եւ «երկիրը (Ադրբեջանը- Ա. Հ.) կարիք ունի քաղաքական, օրենսդրական, տնտեսական բարեփոխումների»: Ինչ վերաբերում է Վրաստան-Ադրբեջան հարաբերություններին, ապա Ասիմ Մոլլազադեն նշում է, որ իրենք ռազմավարական գործընկերներ են: «Վրաստանն ու Ադրբեջանը Հարավային Կովկասում համագործակցության օրինակելի մոդել են ստեղծում»:

Երբ որեւէ տեղ մի ադրբեջանցի հարցազրույց է տալիս, հնարավոր չէ, որ չնշեն այսպես կոչված անջատողական ուժերի մասին: Ասիմ Մոլլազադեն եւս Վրաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված հարցադրումներին ի պատասխան նշեց, որ երկու երկրները «ծայրահեղ անջատողականության, կայսրական ամբիցիաների զոհ են դարձել»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4