«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#47, 2005-03-17 | #48, 2005-03-18 | #49, 2005-03-19


ՀՈՒՅՆ-ՀԱՅ-ԱՋԱՐԱԿԱՆ ՆՈՐ ԲԱԽՈՒՄ ԾԱԼԿԱՅԻ ԱՎՐԱԼՈ ԳՅՈՒՂՈՒՄ

Վրաստանի Ծալկայի շրջանում տեղի է ունեցել նոր հույն-հայ-աջարական ընդհարում: Այս մասին երեկ հաղորդել են վրացական ինտերնետային լրատվամիջոցներն ու հեռուստաընկերությունները: Ըստ վրացական լրատվամիջոցների, Ծալկայի շրջանի Ավրալո գյուղում դեռեւս հինգշաբթի օրը մի քանի աջարներ գողության նպատակով հարձակվել են հույն մի ընտանիքի վրա, ծեծել տանը եղածներին, որին ի պատասխան գյուղի հայերն ու հույները բռնել եւ ծեծել են գողերին:

Աջարների խոսքերը մեջբերող վրացական աղբյուրների ներկայացմամբ, տեղացի հույներն ու հայերը փորձել են աջարներին ստիպել հեռանալ շրջանից: Եվ որպեսզի ազգամիջյան որակված ընդհարումները չշարունակվեն, Վրաստանի ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանման ուժերն այժմ վերահսկում են իրավիճակը:

Ինչ վերաբերում է այս ամենի առնչությամբ հայկական կողմի տեսակետին, ապա Ծալկայի շրջանի ղեկավարի տեղակալ Վարդո Եղոյանի խոսքերով, աջարները գողության նպատակով մտել են հույն ընտանիքի տուն, ծեծել մի կնոջ եւ տղամարդու, գողացել մոտ 1000 լարի եւ 300 դոլար: Մոտ բնակվող հայերն ու հույները շտապել են օգնության եւ գողության ավարով բռնել 3 աջարներից երկուսին, որոնց էլ գյուղացիները ծեծել են: Այդ երկուսը ձերբակալված են, գողության երրորդ մասնակիցը հասցրել է փախչել:

Ծալկայի շրջանից մեծամասնական ընտրակարգով Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հայկ Մելտոնյանն, ըստ էության, կրկնեց վերը նշվածը, որն ինքը լսել է ուրիշներից: Ինչ վերաբերում է ներկայումս շրջանում տիրող իրավիճակին, ապա, ըստ պրն Մելտոնյանի, ընդհանուր առմամբ ամեն ինչ նորմալ է, բնակչությունը սպասում է վրացական իշխանությունների հետագա քայլերին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4