«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2005-03-26 | #54, 2005-03-29 | #55, 2005-03-30


«ԱՊՈԼԼՈՆ» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

Երեկ, այսօր եւ վաղը

Թվում է, թե ինֆորմացիայի այս մեծ աշխարհում գիրքն ու գրականությունը մտել են փակուղիՙ իրենց տեղը զիջելով հեռուստատեսությանն ու համակարգչին: Սակայն այլ կարծիք է ստեղծվում, երբ մտնում ես «Ապոլլոն» հրատարակչություն ու զրուցում հրատարակչության խմբագիր Վարուժան Այվազյանի հետ: Խմբագրի վկայությամբ, գիրքն է բարձրացնում մարդու ինտելեկտը եւ նրանք աշխատում ենՙ ելնելով երիտասարդների շահերից:

«Ապոլլոն» հրատարակչությունը հիմնադրվել է 1991 թ.: Հիմնադրման առաջին օրվանից հրատարակչության խմբագիրն ու խմբագրական կազմն ունեին մեկ գլխավոր գերխնդիրՙ ներկայացնել համաշխարհային գրականության լավագույն գործերը: Այդ ժամանակ դժվարին ու ծայրաստիճան անբարենպաստ պայմաններում էին աշխատում հրատարակչության աշխատողները: «Բնականաբար, կային դժվարություններ: Ամենամեծ դժվարությունը թղթի պակասությունն էր: Բայց հետագայում կարողացանք այդ խնդիրն էլ լուծել, եւ այլ կերպ դասավորվեց հրատարակչության ճակատագիրը»:

Հետագա տարիներին հրատարակվեց 250 անուն գրականություն (Կաֆկա, Քամյու, Ֆոլկներ, Բորխես), մատենաշարեր: Նաեւ տպագրվեցին կաթողիկոսների կենսագրականներ: Տպաքանակը հասավ մինչեւ 40 հազարի: Այսօր «Ապոլլոնի» գերխնդիրն է ստեղծել մշակութային քաղաքականություն:

- Ի՞նչ եք հասկանում մշակութային քաղաքականություն ասելով:

- «Ապոլլոնի» մոտեցումը դեպի մշակույթ այլ կերպ է: Հրատարակչության առաջին տարիներից շատերն առաջարկում են մեզ հրատարակել իրենց գրքերը, բայց «Ապոլլոնը» հիմնականում մերժում է, քանի որ նրանք խաթարում են գրականության զարգացմանը: Ի՞նչ եմ հասկանում մշակութային քաղաքականություն ասելով: Պատկերացնում եմ հսկայական եւ ծավալուն գործընթաց, որի արդյունքում պետք է հրատարակվեն ու ընթերցողի դատին ներկայացվեն հայկական եւ արտասահմանյան գրականության լավագույն գործերը: Անհնար է մի քանի գիրք տպագրելով մշակութային քաղաքականություն ստեղծել:

- «Ապոլլոնն» այդ քաղաքականությունը սկսե՞լ է:

- Մասամբ այո: 90-ականներին «Ապոլլոնի» մոտեցումը դեպի գրականությունը բազմացավ: Հրատարակվեցին բազմաթիվ տնտեսագիտական գրքեր, որոնք արտերկրի դպրոցների համար հանդիսանում են բարձրագույն մասնագիտական գրքեր: Այնուհետեւ փոխկապակցեցին մշակույթն ու կյանքը: Հրատարակվեցին փիլիսոփաներ Ժորժ Բարայի, Թեոդոր Ադուռնոյի գրքերը: Կարծում եմ, սա մշակութային քաղաքականության սկիզբն է:

- Ինչպիսի՞ն էր 2004 թվականն «Ապոլլոնի» համար:

- 2004 թ. հետաքրքրական եւ բեղմնավոր տարի էր հրատարակչության կյանքում: Հրատարակվեցին Ֆ. Կաֆկայի «Օրագրերը», Գ. Մահարու «Անանձնականը», հոբելյանական գրքերՙ նվիրված Մուրացանին, Հ. Շիրազին, Գ. Սարյանին: Նաեւ «Գարուն» ամսագրում բացվեց նոր էջ, որտեղ ներկայացրինք մոտավորապես 30 երկրի մշակույթ հետեւյալ խորագրերովՙ «Մեզ հյուր է Նյու Յորքը», «Մեզ հյուր է Վենետիկը» եւ այլն:

- Ինչո՞վ է զարմացնելու իր ընթերցողներին «Ապոլլոնը» 2005 թ.:

- 2005-ը համեմատաբար աղքատ տարի է, հրատարակվելու են շատ քիչ գրքեր: Նախաձեռնել ենք հրատարակել համաշխարհային գրականության էպոսները: Առանձնապես ուշագրավ է գերմանական էպոսըՙ «Նեբելունգների երգը», որ հայերեն հրատարակվում է առաջին անգամ: Զուգահեռաբար տպագրվելու են այսօրվա մեր մտածողության ստեղծագործությունները: Հավանական է, որ աշնանը տպագրվի Արմեն Դավթյանի «Հայոց դիցարանը» գիրքը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4