«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2005-04-08 | #63, 2005-04-09 | #64, 2005-04-12


ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ԲԱԲԿԵՆ ՔՈԼՈԶՅԱՆԸ

«Լավագույն մասնագետը պետք է տիրապետի իր արվեստի նրբություններին եւ շատ այլ բաներ իմանա ուրիշ արվեստներից»:

Հայ կերպարվեստի վաստակաշատ գործիչ Բաբկեն Քոլոզյանն արվեստում առաջնորդվել է իր ստեղծած այս սկզբունքով: Նկարչի ստեղծագործական ուղին սկսվել է անցյալ դարի 30-ական թթ.: Քոլոզյանը շուրջ 60 տարվա ստեղծագործական կյանքի ընթացքում ստեղծել է բազմաթիվ նատյուրմորտներ, բնանկարներ ու դիմանկարներ: Ունեցել է 5 անհատական ցուցահանդես Հայաստանում եւ բազմաթիվ անհատական ու խմբակային ցուցահանդեսներ արտերկրում:

1994 թ., ցավոք, նրա կյանքի ուղին ավարտվեց:

Նրա վրձնած նկարներում միաձուլված են սարյանական վառ գույներն ու միայն իրեն հատուկ նկարչական նրբությունները, որոնք նկարները դարձնում են ինքնատիպ ու հետաքրքրական: Նրա ստեղծագործությանը բնորոշ է լավատեսությունը, անկեղծ սերը մարդու եւ բնության հանդեպ, գարնան շունչն ու թարմությունը:

Գուցե սա է պատճառը, որ նրա առաջին հետմահու անհատական ցուցահանդեսը նվիրված էր ապրիլյան ամենագեղեցիկՙ մայրության եւ գեղեցկության տոնին:

Օրերս Երեւանի Մկրտչյան պատկերասրահում կայացավ Բ. Քոլոզյանի առաջին անհատական հետմահու ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված էին նրա լավագույն նատյուրմորտներն ու բնանկարները:

Հրավիրված ընկերները, մտավորականներն ու հարազատները բարձր էին գնահատում մեծ արվեստագետի արժանիքները, ցավ հայտնում, որ իրենց հետ չէ եւ անթաքույց ուրախանում, որ առիթ են ունեցել կրկին շփվելու նկարչի հետ:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4