«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2005-04-30 | #79, 2005-05-03 | #80, 2005-05-04


ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...

Վալմարի նկարների ցուցահանդեսում

«Նկարչությունը զգացմունքների գիտություն է: Պետք է զգացմունքը մեծ լինի, որ դիտորդը տեսնի, զգա եւ էներգիա ստանա: Յուրաքանչյուր արվեստագետ պետք է լավատես լինի, հավատա իրեն: Պետք է սեր լինի, որ բացահայտես էությունդ»:

Գեղանկարիչ Վոլոդյա Մարգարյանի (Վալմարի) անունը հայտնի է արվեստասեր հասարակության շրջանում: Նրա վրձնած նկարներում արտահայտված են նկարչի հարուստ ու ռոմանտիկ ներաշխարհը, լավատեսական զգացումներն ու մարդկային հուզումները: Աշխատանքներում նկարիչը կարծես եթերային կամուրջ է ձգում երկնայինի եւ հոգեւորի միջեւ: Այդ նկարներում միահյուսվում են վառ գույներն ու նկարչի «հոգնած» վրձնի վարպետությունը, որոնց շնորհիվ նկարներն ինքնատիպ են ու հետաքրքրական:

Օրերս Երեւանի «Վալմար» արվեստի սրահում կայացավ նկարչի անհատական ցուցահանդեսըՙ նվիրված եղեռնի 90-ամյակին: Ցուցադրված էր 21 նկար «Տեսարան Գյումրիից» շարքից (21-ը խորհրդանշային է, ապրիլի 21-ին ծնվել է նկարիչը), որոնք պատկերում են 80-ականների Գյումրին, բակեր, փողոցներ, որոնք գյումրեցու համար դարձել են հիշողություն: Վալմարի բազմաթիվ նկարաշարեր նվիրված են ցեղասպանությանը: Առավել ուշագրավ է «15 թիվ իրավիճակ» շարքը: Նա աղաղակով չէ, որ մերժում ու դատապարտում է ցեղասպանությունը: Վալմարի նկարներում չկան յաթաղան, արյուն ու կոտորած: Կա միայն լույս, լավատեսության զգացում, որ ապագան պետք է լինի իր վրձնած երկնքի պես անամպ:

«Ծնունդն ու կյանքը շարունակվում են: Միայն մշակույթով, արվեստով եւ ուժեղ պետությամբ պետք է կարողանանք աշխարհին հպարտ ներկայանալ», ասում է նկարիչը:

Արվեստագետը ապագայի բազմաթիվ ծրագրեր ունի: Սեպտեմբերին Վալմարն անհատական ցուցահանդեսներով կներկայանա ԱՄՆ-ում, իսկ հետոՙ Գերմանիայում եւ եվրոպական այլ երկրներում:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4