«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2005-04-30 | #79, 2005-05-03 | #80, 2005-05-04


ԳԵՐՇԱՀՈՒՅԹՆԵՐ ՍՏԱՑՈՂՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ ԽՂՃՄՏԱ՞ՆՔ ԶԳԱԼ

Այսքան ո՞ւշ...

Դոլար-դրամ հարաբերակցության մասին խոսակցություններն ու հրապարակումները այնքան շատ են եղել, որ այդ թեմային կրկին անդրադառնալու համար հիմնավոր պատճառներ են պետք, հատկապես որ տարատեսակ մեղադրանքներն անգամ մնում են անպատասխան: Պետական համապատասխան ատյանները նախընտրում են խճողված տնտեսագիտական կամ էլ ընդհանրապես այլաբանական բացատրություններ տալու տարբերակըՙ ամենայն անտարբերությամբ վերաբերվելով իրականությանն ու անտեղյակ բնակչության կրած վնասներին:

Անպատասխանատվությունն ու ամենաթողությունը հասել է այնտեղ, որ մարդիկ ամենայն հանդարտությամբ փաստում են գերշահույթներ ստանալու հանգամանքը, չմոռանալով նշել նաեւ պետական բյուջեի վնասները:

Օրերս ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի արած հայտարարությունը, թե ինքը գերշահույթ է ստանում ծխախոտի ներկրումից, սակայն դա իրեն չի գոհացնում, քանի որ տուժում է պետական բյուջեն, եզակի օրինակ է գերշահույթներ ստանալու մասին քաջաբար բարձրաձայնելու, բայց ոչ նման շահույթներ ունենալու առումով: Ստացվում է, որ պատգամավորի «խիղճն ու քաղաքացիական պարտքն» իրեն հանգիստ չեն տալիս, քանի որ ծխախոտ ներկրող գործարար Գուրգեն Արսենյանը մտածում եւ անհանգստանում է նաեւ դրամի արժեւորման հետեւանքով «արժեքազրկվող» պետբյուջեի մասին:

Հետաքրքրական է, թե ինչու է ներկայումս հարմար խոսել գերշահույթներից, արդյոք գերշահույթներ Հայաստանում նո՞ր են միայն սկսել ստանալ, թե նման շահութաբերությամբ աշխատում են վաղուց: Բացի այդ, մի՞թե հայաստանյան իրականության մեջ ամեն ինչ չի ծառայեցվում հենց գերշահույթներ, այլ ոչ թե սովորական շահույթ ստանալուն: Իսկ գուցե կարելի՞ է գներ իջեցնել կամ գերշահույթներից արված համապատասխան «մասհանումներով լցնել» պետական բյուջեի դրամ-դոլար հարաբերակցության պատճառով առաջացած նոր «ծակոտիները»:

Եվ ի վերջո, ինչո՞ւ է գերշահույթների մասին նույն Գուրգեն Արսենյանը խոսում այսօր, եթե մինչեւ օրս չի բացատրվել, թե ինչպես ստացվեց, որ մի քանի ամսում ծնված ու «զարգացած» Միավորված աշխատանքային կուսակցությունը միանգամից հայտնվեց երկրի խորհրդարանում:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4