«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2005-05-03 | #80, 2005-05-04 | #81, 2005-05-05


«ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԵՄ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ»

Համաշխարհային հայկական կոնգրեսի հրատարակած հանդեսըՙ նվիրված ցեղասպանության 90-րդ տարելիցին

«Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական կազմակերպությունների միջազգային միությունը Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում հրատարակել է «Հիշողություն ընդդեմ մոռացության» հանդեսը: Այն բովանդակում է Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձները, իրավաբանական գիտությունների դոկտոր Յուրի Բարսեղովի հոդվածը, որը գիտականորեն ներկայացնում է ցեղասպանության հիմնախնդիրը:

Հանդեսում տեղ գտած մնացած նյութերը համաշխարհային հանրությանը հանրամատչելի, ոչ գիտական լեզվով ներկայացնում են ցեղասպանության հիմնախնդիրը: Հանդեսն անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը վկայող փաստաթղթերին, ժամանակին թուրքական կառավարության իրագործած չարագործություններին, դրանց ծրագրված բնույթին, կիրառված մեթոդներին: Հանդեսում տեղ են գտել համեմատություններ Հայոց ցեղասպանությունն իրագործած թուրքական կառավարության եւ ֆաշիզմի ղեկավարության միջեւ: Ըստ հանդեսի նյութերի, եղել են դեպքեր, երբ ե՛ւ Հայոց ցեղասպանության, ե՛ւ հրեաների Հոլոքոսթի կազմակերպիչներից ու մասնակիցներից որոշ անձինք նույնն են, այսինքնՙ հայերի ցեղասպանության իրականացմանը մասնակցած գերմանացի որոշ սպաներ հետագայում իրենց «փորձն» օգտագործել են արդեն ընդդեմ հրեաների:

Լայն հասարակությանը ներկայացվել են նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման խնդիրը, 1915 թ. ոճրագործությունների ականատեսների վկայությունները, ինչպես նաեւ ժամանակակիցների փաստաթղթային ձեւակերպումներ ստացած նամակագրությունն ու կարծիքները: Հանդեսում աշխարհին ներկայացված են նաեւ ցեղասպանության վերապրածների վկայությունները: Մեջբերված են նաեւ աշխարհում հայտնի մարդկանց մտորումները հայ ժողովրդի դարասկզբի ողբերգության մասին, որոնցով տարբեր ազգերի մտավորականներ իրենց ցավն ու մտահոգությունն են հայտնել ոչ միայն նման ողբերգության, այլեւ աշխարհի դրսեւորած անտարբերության կապակցությամբ:

Սկսելով ցեղասպանության ու վկայությունների մասով, հանդեսն ավարտվում է լավատեսությամբ, այն մտքով, որ հայերը եղել են, կան եւ կլինեն: Այդ մասին ընթերցողին ասում է գրող Սիլվա Կապուտիկյանն իր «Ապրելու համար պետք է հիշենք» հոդվածում:

ՀՀԿ-ն ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված հանդեսը հրատարակել է 3 լեզուներովՙ հայերեն, ռուսերեն, անգլերեն, եւ նպատակ ունի այս կերպ աշխարհին առավել մատչելի ներկայացնել 20-րդ դարասկզբին տեղի ունեցած ցեղասպանության մանրամասներն ու էությունը, ինչպես նաեւ նման ոճրագործությունների հիշեցմամբ նպաստել ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործին:

Ի վերջո Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու, մոռացության դեմ հիշողությամբ պայքարելու գերնպատակը ցեղասպանությունների եւ ընդհանրապես մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ոչ միայն դատապարտումն է, այլեւ կանխումը, ինչպիսի դրույթ դեռեւս կես դար առաջ ամրագրվեց Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան կոնվենցիայում:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4