«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2005-05-24 | #94, 2005-05-25 | #95, 2005-05-26


ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Սկսած 60-ականներիցՙ Արմեն Հովհաննիսյանը թարգմանչական աշխատանքով է զբաղվում. շնորհիվ նրաՙ Պուշկինի, Բուլգակովի, Կուպրինի, Շուկշինի եւ ռուս այլ գրողների ստեղծագործություններից շատերը առաջին անգամ հայ ընթերցողին ներկայացվեցին հայերենով: Նրա վերջին խոշոր աշխատանքներն են Դոստոեւսկու «Դեւեր» վեպի եւ «Գրառումներ մեռյալ տնից» վիպակի թարգմանությունները: Դրանք լույս տեսան առանձին հրատարակություններով, վերջերս:

Գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանում, որը եւ ֆինանսավորել է դրանց հրատարակությունը (նշենք, որ նույն համալսարանի հրատարակչությունում անցած տարի լույս են տեսել Արմեն Հովհաննիսյանի երկու թարգմանություններըՙ Դոստոեւսկու «Դեռահասը» ու Բուլգակովի «Սպիտակ գվարդիան»):

Ուսումնասիրելով Արմեն Հովհաննիսյանի թարգմանություններըՙ համոզվում ես. դրանք համարյա թե չեն տարբերվում բնօրինակից: Դիտելով երեւույթը նրա վերջին երկու թարգմանությունների շրջանակում, կարող ես հստակ ասելՙ եթե դրանցում անգամ հանդիպում են թարգմանչական որոշակի սուբյեկտիվ մոտեցման դրսեւորումներ, ապա դրանք նույնպես ասես Դոստոեւսկու ոճին ձգտելիս լինեն:

Այսօր շատերի մեջ կարող է հարց ծագել. մի՞թե անհրաժեշտ է թարգմանել ռուս գրականությունը հայերեն: Չէ՞ որ հայերը կարող են ռուսերեն ընթերցել: Անշուշտ, բնօրինակն ընթերցելն ավելի արդյունավետ ու հետաքրքրական կլինի գրողին հասկանալու առումով: Արմեն Հովհաննիսյանը, սակայն, համոզված է, որ այսօր Հայաստանի բնակչության միայն 30 տոկոսը կարող է իսկապես ընթերցել ռուս գրականությունը ռուսերեն : «Մյուս կողմից էլ,- ասում է նա,- թարգմանություններն այդ արվում են առաջին հերթին երկրի մշակույթի, մասնավորապեսՙ լեզվի զարգացմանը աջակցելու նպատակով»:

Այն հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվում ստեղծագործությունները թարգմանելու համար, Արմեն Հովհաննիսյանը շատ պարզ բացատրություն է տալիս. թարգմանիչը պարզապես պետք է սիրի հեղինակին: Այլ կերպ թարգմանությունը շինծու, արհեստական կլինի:

Իսկ ահա ոմանց կողմից թարգմանչական գործունեությունը հանգում է ուղղակի բառարանով կատարվող աշխատանքի: Սկզբունքն այս միանգամայն սխալ է: Համենայն դեպս Արմեն Հովհաննիսյանի համար, որը համոզված է. թարգմանելը համարժեք է ստեղծագործելուն: «Պոեզիան այն է, ինչ մահանում է թարգմանության մեջ», բրիտանացի լեգենդար հաղորդավար Ռոբերտ Ֆրոստի այս բառերը դժվար թե վերագրվեն Արմեն Հովհաննիսյանին:

Գրքերի շնորհանդեսին ներկա մի շարք հասարակական գործիչները (Զորի Բալայան, Դավիթ Մուրադյան, Ազատ Եղիազարյան, Արմեն Դարբինյան եւ ուրիշներ) եկան ընդհանուր եզրակացության. Արմեն Հովհաննիսյանը շարունակում է հայկական արմատավորված մշակութային ավանդույթները:

Աներկբա է, որ շարունակել դրանք անհրաժեշտ է: Հատկապես այսօր, երբ քիչ-քիչ մեծանում է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Այս հանգամանքի վրա մասնավորապես կանգ առավ գրող Դավիթ Մուրադյանը: Նա օրինակ բերեց վերջերս Մոսկվայում լույս տեսած «ԺՐցՋոՈ վՈՐՏՊՏՉ» ամսագրի համարներից մեկըՙ ամբողջովին նվիրված ժամանակակից հայ գրականությանը (նրա էջերում տեղ է գտել նաեւ իրՙ Դավիթ Մուրադյանի «Եվրոպան անիվների վրա» գիրքը, ինչպես նաեւՙ Վիլյամ Սարոյանի ու Հրանտ Մաթեւոսյանի պատմվածքները, Շարլ Ազնավուրի քրոջ հուշերը): «Թող այս ամսագրի համարը մեզ համար յուրօրինակ դաս լինի», եզրափակեց նա իր խոսքը:

Ինչ վերաբերում է թարգմանչի մոտակա ծրագրերին, ապա իրագործման ընթացքում է գտնվում ռուս գրող Անդրեյ Բիտովի ստեղծագործությունների եւ, ինչն ավելի կարեւոր է, ժամանակակից հայ հեղինակների ռուսերեն պարբերական թարգմանությունը:

«Աշխատել եմ, էլի կաշխատեմ», անընդհատ պնդում է Արմեն Հովհաննիսյանը: Հայացք գցելով թարգմանչի 40 տարվա ընթացքում կատարած աշխատանքինՙ համոզվում ես, որ դրանք հենց այնպես, պարզապես խոսքեր չեն:

ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4