«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2005-06-03 | #102, 2005-06-04 | #103, 2005-06-07


ՄԻԱՅՆ ԵՌԱՆԴՆ ՈՒ ՆՎԻՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՎԱՐԱՐ ՉԷԻՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հայաստան-Մակեդոնիա` 1-2 (0-1)

4 հունիսի, Երեւան, «Հանրապետական» մարզադաշտ, 5 հազար հանդիսական:

Մրցավարՙ Թոմաշ Միկուլսկի (Լեհաստան):

Հայաստան- Ռոման Բերեզովսկի, Կարեն Դոխոյան, Ալեքսանդր Թադեւոսյան, Սարգիս Հովսեփյան, Ռոմիկ Խաչատրյան, Աղվան Մկրտչյան, Կարեն Ալեքսանյան (Ռոմեո Ջենեբյան, 79), Ալբերտ Սարգսյան (Էդգար Մանուչարյան, 52), Համլետ Մխիթարյան, Արմեն Շահգելդյան, Արամ Ոսկանյան (Արա Հակոբյան, 70):

Մակեդոնիա- Ֆիլիպ Մացովսկի, Վլադե Լազարեւսկի, Ռոբերտ Պետրով, Գոցե Սեդլոսկի, Ալեքսանդր Վասոսկի, Գորան Պոպով (Միլե Կրստեւ, 58), Ալեքսանդր Միտրեսկի, Վելիչե Շումուլիկոսկի (Իգոր Կրալեւսկի , 84), Գորան Մազնով (Իսմայիլ Իսմայիլի, 67), Գորան Պանդեւ, Վլատկո Գրոզդանոսկի:

Գոլերըՙ Պանդեւ (29ՙ 11 մ, 47), Մանուչարյան (55):

Զգուշացվեցին Պոպովը եւ Միտրեսկին:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մակեդոնացիների նկատմամբ ռեւանշի հասնելու վճռականությամբ էին մտել խաղադաշտՙ խաղասկզբում խելահեղ տեմպ հաղորդելով գրոհներին: Թվում էր, թե նրանց եռանդը, նվիրվածությունն ի վերջո ցանկալի արդյունք կտան: Սակայն, ցավոք, մեր հավաքականին վիճակված չէր այդ օրը հաղթանակ տոնելու: Ավելինՙ ընդհանուր առմամբ ցուցադրելով բավական դիտարժան խաղ, ունենալով զգալի առավելություն մրցակցի նկատմամբ, մեր ֆուտբոլիստներն ի վերջո խաղադաշտը թողեցին պարտված: Ինչ-որ տեղ մարզական բախտը չժպտաց մեզ, ինչ-որ տեղ էլ լեհ մրցավարի սուբյեկտիվ վճիռներն իրենց «սեւ» գործը կատարեցին: Եվ, իհարկե. ճակատագրական եղան պաշտպանությունում թույլ տված մի քանի կոպիտ սխալներն ու գոլային պահերն իրացնելու մեր ֆուտբոլիստների անկարողությունը: Հարկ չկա կենտրոնանալ խաղային առանձին դրվագների վրա: Ներկայացնենք մարզիչների մեկնաբանությունը:

Հենկ Վիսման (ՀՀ հավաքական)- Ծանոթ լինելով մակեդոնացիների խաղային հնարավորություններին, տղաներին առաջադրանք էի տվել մամլիչ գործողությունների դիմել մրցակցի կիսադաշտում: Առաջին խաղակեսում 2-3 անգամ սխալվեցին մեր ֆուտբոլիստները, եւ հյուրերն արագ հակագրոհ ձեռնարկեցին: Նման սխալի հետեւանք էր նաեւ 11 մ հարվածով գոլ ընդունելը: Նման մի սխալ էլ թույլ տրվեց 2-րդ խաղակեսի սկզբին, երբ գրավվեց մեր դարպասը: Ընդմիջումից հետո որոշ առավելություն ունեինք, սակայն, ցավոք, Էդգար Մանուչարյանն ու Արա Հակոբյանը չիրացրին գոլային պահերը: Սխալներ թույլ տվեց նաեւ Ալբերտ Սարգսյանը, որը հեշտությամբ կորցնում էր գնդակը: Նրան հանձնարարված էր լայն ճակատով գործել, սակայն չկատարեց առաջադրանքը: Առջեւում ռումինացիների հետ խաղն է: Նախ հարկ է պարզել վնասվածք ունեցող ֆուտբոլիստների վիճակը, որից հետո միայն հնարավոր կլինի որոշել կազմը:

Սլոբոդան Սանթրաչ (Մակեդոնիայի հավաքական)- Ընդհանուր առմամբ գոհ եմ իմ թիմի խաղից, որի կազմում մի քանի նորեկներ էին ընդգրկված: Հանդիպումը մեզ համար բարդ էր, մանավանդ թաց խաղադաշտում: Կարծում եմ, մեր հավաքականին լավ ապագա է սպասում: Հայաստանի հավաքականը շատ լուրջ մրցակից էր: Դիտել էի թիմի խաղերի տեսագրությունները եւ համոզվել, որ հիանալի ֆուտբոլիստներ ունեն: Այսօրվա խաղում մրցակցից կառանձնացնեի 6 համարի մարզաշապիկով խաղացողին (Ռոմիկ Խաչատրյան): Կցանկանայի մեր թիմում նման ֆուտբոլիստ ունենալ: Նա կարողանում է փոխել խաղի պատկերը: Գիտեմ, որ տարիքով է, սակայն փորձի շնորհիվ կարողանում է խաղն իր վրա վերցնել: Լավ խաղացողներ կան նաեւ հարձակման գծում:

Չեմ ցանկանում մեկնաբանել մրցավարի գործողություններն առանձին դրվագներում: Ընդհանուր առմամբ նա ընդունված չափանիշներին համապատասխան վճիռներ էր կայացնում: Որոշ դրվագներում թեժ պայքար էր ընթանում, սակայն մրցավարը տիրապետում էր իրավիճակին եւ խաղը չփչացրեց: Կարծում եմ, մեզ համար ամենավճռական պահը 2-րդ խաղակեսի սկիզբն էր, երբ 2-րդ գնդակը խփեցինք: Սա իմ հաղթանակը չէր, այլ Մակեդոնիայի հաղթանակը:

Ընտրական 1-ին խմբի առաջատարները վստահ հաղթանակներ տոնելով, ավելի ամրապնդեցին իրենց դիրքերը: Հոլանդացիները 2-0 հաշվով պարտության մատնեցին ռումինացիներինՙ շնորհիվ Ռոբենի ու Քեյթի խփած գոլերի: Իսկ Չեխիայի ընտրանին պարզապես ջախջախեց Անդորրայի հավաքականին (8-1): Այդ խաղում չեխ հարձակվող Յան Կոլերն իր օգտին գրանցեց 35-րդ գոլը եւ դարձավ Չեխիայի հավաքականի լավագույն ռմբարկունՙ գերազանցելով 30-ական թթ. հանդես եկած լեգենդար Անտոնին Պուչի ռեկորդային ցուցանիշը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Հոլանդիա761016-319
2. Չեխիա760122-618
3. Ռումինիա841312-1013
4. Ֆինլանդիա630313-109
5. Մակեդոնիա82249-108
6. Հայաստան81165-174
7. Անդորրա81164-254

Հունիսի 8-ին կկայանան Ռումինիա-Հայաստան, Ֆինլանդիա-Հոլանդիա, Չեխիա-Մակեդոնիա ընտրական հանդիպումները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4