«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2005-06-03 | #102, 2005-06-04 | #103, 2005-06-07


ԴԱՐՊԱՍՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՆԱՌԻԿ

Հայաստանի եւ Մակեդոնիայի երիտասարդական հավաքականների մրցախաղում հաշիվն այդպես էլ չբացվեց: Կարելի է փաստել, որ այդ խաղում մարզական բախտը մեր թիմի օգտին էր եւ վաստակած մեկ միավորով պետք է գոհ լինել: Մարզիչների այն մտավախությունը, թե մեր պատանի ֆուտբոլիստները չեն հասցնի վերականգնել ուժերը Հունգարիայում անցկացրած ծանր մրցախաղերից հետո, հաստատվեց: Հոգնածությունն, իրոք, զգալ տվեց: Սակայն միայն դա չէր մեր հավաքականի ցուցադրած դժգույն խաղի պատճառը: Բացակայում էին մտածված գործողությունները, խելացի կոմբինացիոն խաղը: Ողջ հանդիպման ժամանակ մեր երիտասարդ ֆուտբոլիստներն ընդամենը մեկ-երկու վտանգավոր պահ ստեղծեցին մրցակցի դարպասին, մինչդեռ մակեդոնացիները կարող էին հաղթել նույնիսկ խոշոր հաշվով, եթե իր վարպետությունը չցուցադրեր դարպասապահ Բետեն: Վերջինս, անկասկած, մեր թիմում լավագույնն էր: Հետաքրքրական է, որ հավաքականների մարզիչները տարբեր կերպ գնահատեցին հանդիպումը:

Միրսա Յոնուզ (Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ) - Շատ գեղեցիկ խաղ ստացվեց: Կոռեկտ պայքար ընթացավՙ լավ մրցավարությամբ: Թեեւ մեր հավաքականից բացակայում էին հիմնական կազմի 5 ֆուտբոլիստներ, սակայն մենք ավելի լավ խաղացինք եւ կարող էինք հաղթել: Սակայն չկարողացանք իրացնել գոլային պահերը: Արդյունքը մեզ համար գոհացուցիչ չէ:

Աշոտ Բարսեղյան (ՀՀ հավաքականի մարզիչ) - Մենք սպասում էինք, որ ծանր խաղ է լինելու, քանի որ հավաքականի պատանի ֆուտբոլիստները չէին հասցրել լիովին վերականգնվել Հունգարիայի ընտրական մրցաշարից հետո: Ակնկալում էինք, որ հավաքական հրավիրված նրանց առավել տարիքով խաղընկերները կօգնեն մեզ լավ խաղ ցուցադրելու, սակայն սպասելիքները չարդարացան: Արդյունքում գորշ խաղ ստացվեց: Մենք հիասթափված ենք հավաքականի ցուցադրած խաղից:

Ընտրական 1-ին խմբում կայացած մյուս խաղում Հոլանդիայի երիտասարդական հավաքականը 2-0 հաշվով հաղթեց ռումինացիներին:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Ռումինիա740314-812
2. Չեխիա532013-311
3. Հոլանդիա63218-311
4. Մակեդոնիա62228-98
5. Հայաստան71241-145
6. Ֆինլանդիա51042-93

© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4