«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#109, 2005-06-15 | #110, 2005-06-16 | #111, 2005-06-17


ՌՈՒԴԻԿ ՀՅՈՒՍՆՈՒՆՑ. «ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ»-Ը ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է»

Վերջերս ԼՂՀ-ում ստեղծվեց «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Ի տարբերություն ԼՂ ներքաղաքական գործընթացներին հետեւող դիտորդների, կազմակերպության համանախագահներից Ռուդիկ Հյուսնունցը պնդում է, որ «Ազատ հայրենիք»-ը ոչ իշխանամետ է եւ ոչ էլ «օլիգարխների» կուսակցություն է: Չորս համանախագահներից Հյուսնունցը եղել է ԼՂՀ ՊԲ հրամանատարի քաղբաժնի գծով առաջին տեղակալը: Արպատ Ավանեսյանը գիտնական է, 2000 թ. Ամերիկյան Կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»: Արթուր Թովմասյանը եղել է ԼՂՀ ԱԺ նախագահ: Արայիկ Հարությունյանը հայտնի է որպես հաջողակ գործարար:

- «Ազատ հայրենիք»-ը մտավորականների կուսակցություն է, եւ Արցախի քաղաքական դաշտում հնարավոր չէ մատնանշել մեկ այլ ուժ, որի մեջ ընդգրկված լինեն այդքան մտավորականներ: Գործարարները համեմատաբար փոքր թիվ են կազմում, որոնց համար, ի դեպ, ինչը մեր օրերում հաճախ չես տեսնի, հարկ վճարելը հայրենասիրություն է: Ի տարբերություն ուրիշ քաղաքական ուժեր ներկայացնող այլ գործարարների, նրանց մեկնարկային կապիտալը, հավաստիացնում եմ, օտար ծագում չունի եւ շատ դեպքերում գոյացել է ուղղակի ընտանեկան բյուջեից:

Ինչ վերաբերում է քվեներին ընդհանրապես եւ ընդդիմադիր դաշտից քվեներ տանելուն մասնավորապես, ասեմ, որ Արցախում վաղուց հասունացել էր որոշակիորեն ընդգրկված դրական ներուժ, որի դերակատարության հարցը արցախյան քաղաքական դաշտում օդում կախված էր եւ ընդամենը ժամանակի խնդիր է: Այդպես ձեւավորվեց «Ազատ հայրենիք»-ը` իր մեջ ներառելով պարկեշտ ու հայրենանվեր մարդկանց, որոնք ցանկանում էին համակողմանի ավանդը բերել` ի բարօրություն հայրենիքի: Եվ այս համերաշխ եւ կուռ թիմը պարզապես չի կարող չունենալ իր` առնվազն պատկառելի ընտրազանգվածը գոնե այն պարզ պատճառով որ նույն այդ թիմում քիչ չեն մարդիկ, ովքեր վաղուց կայացած գործիչներ են եւ ունեն որոշակի վաստակ ու ներդրում, հետեւաբարՙ համախոհներ ու համակիրներ: «Ազատ հայրենիքի» թեկնածուներից եւ ոչ մեկը չի տառապում «մանդատամանիայով», եւ ոչ մեկիս համար էլ ԱԺ պատգամավորի կարգավիճակը ինքնանպատակ չէ: Մեր գերնպատակը Արցախում ժողովրդավարության վերջնական հաղթանակն ու քաղաքացիական հասարակության կերտումն է:

- Պրն. Հյուսնունց, ցավոք Հայաստանի վերջին մի քանի ընտրություններում, բանակը միջամտել է: Ինչպիսի՞ն է իրավիճակն Արցախում:

- Կասեմ ընդամենը, որ 2004-ի օգոստոսին Արցախում անցկացված ՏԻՄ ընտրությունները պարզորոշ ցույց տվին, թե մեր բանակն ինչ վերաբերմունք ունի առ ժողովրդավարություն տանող միջոցառումները, որոնց թվին են դասվում եւ ազատ արդար ու թափանցիկ ընտրությունները: Ի վերջո, այդ բանակի սպան եւ գեներալն ամենից շատն են շահագրգռված, որ Արցախը լինի առավելագույնս ժողովրդավարական եւ բարձրանա նրա միջազգային վարկը, ինչը մեր պետության ճանաչման ճանապարհին լուրջ ձեռքբերում է:

- Ինչպիսի՞ն են կուսակցության համանախագահների եւ ԼՂՀ նախագահի միջեւ հարաբերությունները:

- Արցախը ոչ 1,3 մլրդ. Չինաստան է եւ ոչ էլ` 50 միլիոնանոց Ուկրաինա: Մենք փոքր պետություն ենք, եւ ակտիվ հասարակական-քաղաքական կյանքով ապրող արցախցիներս հիմնականում մոտիկից գիտենք իրար: Կասեմ, որ առկա են նորմալ մարդկային հարաբերություններ. այնպիսին, ինչպիսին կարող են լինել միեւնույն` տվյալ դեպքում հայրենիքի երաշխավորված ապագային միտված` ընդհանուր նպատակներ ունեցող մտավորականների միջեւ: Առիթից օգտվելով, ուզում եմ ասել, որ անկախ նրանից, թե ով է նախագահը, նա առաջին հերթին պիտի դիտարկվի որպես պետականության միասնականության խորհրդանիշ, առավել եւս` մեր դեպքում: Եվ մենք, նկատի ունեմ քաղաքական միտքն ամբողջությամբ, պիտի հասնենք նրան, որ այս հարցում ժողովուրդն ունենա հստակ ձեւավորված, արմատավորված մոտեցում: Իմ վրա խորը տպավորություն թողեց, երբ վերջերս Մոնակոյի 80-ամյա թագավորի վախճանից հետո սգում էր ողջ ժողովուրդը` մեծից մինչեւ փոքր (ու սա` Եվրոպայի սրտում): Իսկ մեր դեպքում ի՞նչ է ստացվում` քաղաքական գործիչը պետք է խուսափի՞ նախագահի հետ լավ կամ, թեկուզ, նորմալ-մարդկային հարաբերություններ ունենալուց: Ի հավելումն ասեմ, որ ոչ մի դեպքում չի կարելի խրախուսել չորրորդ իշխանության որոշ ներկայացուցիչների անընդունելի մոտեցում- գործելաոճը, որի էությունը խոսքի ազատության չարաշահումն է, ինչու չէ, յուրօրինակ «բեսպրեդելը», որի արդյունքում, անխուսափելիորեն, կտրվում կամ համենայնդեպս, թուլանում է ժողովուրդ - նախագահ կապը, ինչը չի կարող նպաստել միասնականությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4