«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#113, 2005-06-21 | #114, 2005-06-22 | #115, 2005-06-23


ԴԱՆԻԵԼՅԱՆՆ ՈՒ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՄՈՏ ԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆԸ

Քիշնեւում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում վերելքով են հանդես գալիս Հայաստանի առաջատար գրոսմայստերներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը: Մրցաշարի ավարտից երկու տուր առաջ նրանք հիանալի հնարավորություն ունեն դառնալու մրցանակակիր: 10-րդ տուրում Էլինան սեւերով հաղթեց միջազգային վարպետ Նատալյա Գրիգորենկոյին եւ վաստակեց 7 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ Լիլիթ Մկրտչյանը, որը ոչ-ոքի ավարտեց պարտիան Վիկտորյա Ցմիլիտեի հետ: Մեր շախմատիստուհիներն ընդամենը կեսական միավորով են զիջում առաջատարների դերը ստանձնած Նադեժդա Կոսինցեւային, Պենգ Ցհաոժինին, Կատերինա Լախնոյին եւ Ելենա Զայացին: 10-րդ տուրում երկու առաջատարներիՙ Կոսինցեւայի եւ Զայացի պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Իսկ ահա Լախնոն ու Ցհաոժինը, համապատասխանաբար հաղթեցին Նատալյա Զդեբսկայային եւ Լեյլա Զավախիշվիլուն ու միավորներով հավասարվեցին նրանց:

Նշենք, որ բացի Մկրտչյանից ու Դանիելյանից, եւս 8 շախմատիստուհիներ ունեն 7-ական միավոր: Այնպես որ, ավարտական երկու տուրերում կայանալիք հանդիպումները նրանց համար բախտորոշ կլինեն: Ի դեպ, մրցակարգի համաձայն, մրցանակային տեղերի հավակնող շախմատիստուհիների միավորների հավասարության դեպքում հունիսի 24-ին նրանց միջեւ լրացուցիչ մրցախաղեր կանցկացվեն: Հաշվի առնելով առաջատարների ստվար խումբը, կարելի է ենթադրել, որ լրացուցիչ մրցախաղի անցկացման անհրաժեշտություն անպայման կզգացվի:

Մեր մյուս երկու շախմատիստուհիները փոփոխակի հաջողությամբ են հանդես գալիս: 10-րդ տուրում Լիլիթ Գալոյանը պարտվեց Աննա Մատնաձեին, իսկ Սիրանուշ Անդրեասյանը հաղթեց Ելենա Պարտացին: Հայ շախմատիստուհիները վաստակել են 5-ական միավոր: 11-րդ տուրում Դանիելյանը սպիտակներով կխաղա 7 միավոր ունեցող Տատյանա Վասիլեւիչի հետ, իսկ Մկրտչյանը սեւերով կմրցի նույնպիսի արդյունք ունեցող Մակա Փուրցելաձեի հետ: Վճռորոշ կլինեն նաեւ Կոսինցեւա-Ցհաոժին, Ցմիլիտե-Լախնո, Մատվեեւա-Զայաց, Գոլաս-Արախամիա, Գրաբուզովա-Դեմբո պարտիաները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4