«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2005-07-06 | #124, 2005-07-07 | #125, 2005-07-08


ԻԶԻ-ՔԱՐՏԻ ՑԱԾՐ ԳՆԵՐԸ ԳՐՎԱԾ ԵՆ ԱՎԱԶԻ ՎՐԱ

«Արմենտելի» բջջային կապը տեղ-տեղ «մահանում» է

Հայաստանյան իրականության համար մենաշնորհային ոլորտներում ընկերությունների գործունեությունը ցայսօր չի ազատվում անտարբերության ու արհամարհանքի դրսեւորումներից: Տարիներ շարունակ հաղորդակցության եւ կապի ոլորտում բացարձակ մենաշնորհի տիրապետած «Արմենտելը» ներկայումս եւս շարունակում է ըստ էության անպատասխանատու իր գործունեությունըՙ հաշվի չառնելով ընդամենը թեկուզ մեկշաբաթյա մրցակցի գոյությունը:

Քանի դեռ բջջային կապի ոլորտում ի հայտ չէր եկել «Ղ-Տելեկոմը», «Արմենտելը» տարիներ շարունակ իրեն հարմար սակագներով եւ ծառայության մատուցման ցածր որակով «ապահովում» էր ոչ լարային կապ երազող հայաստանցիների հաղորդակցությունը: Արդեն մեկ շաբաթ բջջային կապի ոլորտում գործում է «Ղ-Տելեկոմի» բջջային ծառայությունը, եւ արդեն մեկ շաբաթ առանց այն էլ որակի բացառիկ ցածր մակարդակում գտնվող «Արմենտելի» բջջային կապը մոտ է անհետացման:

Վերջին օրերին «Արմենտելի» բոլոր բջջային բաժանորդների համար խիստ դժվարացել, անգամ շատ դեպքերում անհնարին է դարձել ոչ միայն զանգերի ընդունումը, այլեւ որեւէ տեղ զանգելու ծառայությունից օգտվելու հնարավորությունը: Առաջին իսկ օրերին ի հայտ եկած այն վարկածը, թե «Ղ-Տելեկոմի» գործունեությամբ, ավելի կոնկրետՙ վերջինիս բջջային կապն ապահովող անտենաների տեղադրմամբ «Արմենտելի» բջջային ցանցում առաջացել են տեխնիկական լուրջ խնդիրներ, այդպես էլ մնաց ո՛չ հերքված, ո՛չ էլ հիմնավորված:

Առաջացած անորակության իր բացատրությունն «Արմենտելը» տրամադրեց հեռուստաեթերիցՙ պատճառաբանելով, թե րոպեավճարի իջեցման եւ զգալի քանակությամբ իզի-քարտերի միացման արդյունքում մարդիկ սկսեցին խոսել ավելի շատ եւ երկար: Ստացվում է, որ «Արմենտելը» փորձելով մրցակցել «Վիվասելի» ցածր սակագների հետ, իրականում միայն որոշ չափով իջեցրեց գները, սակայն իր համակարգով անպատրաստ էր նման քանակությամբ բաժանորդների եւ նման քանակությամբ խոսակցությունների սպասարկմանը:

Ըստ էության, «Արմենտելի» գործունեությանը քիչ թե շատ տեղյակ մարդկանց համար ոչ մի նոր բան տեղի չունեցավ, բացի այն, որ առանց այն էլ տարիների դժգոհության պատճառ եղած անորակ կապն էլ ավելի որակազրկվեց, շատ դեպքերումՙ ուղղակի «կապազուրկ» վիճակ ստեղծելով: Այսինքնՙ «Արմենտելը» գոնե մարկետինգի առումով դարձյալ գնաց անպատրաստ քայլերի, փորձելով պահել իր բաժանորդներին, դիմակայելով սակագնային մրցակցությանը:

Այս ամենում շատ կարեւոր մի հանգամանք թերեւս աչքի չի զարնում, սակայն կարիք ունի կարեւորման: Խոսքը Հայաստանում սպառողների շահերի անպաշտպանության մասին է, թեկուզ միայն «Արմենտելի» հետ կապված հարցերի առնչությամբ: Ուրեմն ի՞նչ: Դարձյալ ստացվում է, որ վճարում ենք կամ պիտի վճարենք մի բանի համար, ինչը չկա: Այս իրավիճակում թերեւս ելք կլիներ «Արմենտելի» բաժանորդների մի մասի անցումը «Ղ-Տելեկոմի» ծառայություններից օգտվելուն, սակայն հաշվի առնելով մեզանում բջջային կապից օգտվել ցանկացողների մեծ թիվը եւ արդեն իսկ վաճառված մոտ 70 հազար «Վիվասել» քարտերի փաստը, կարելի է եզրակացնել, որ շուտով «Վիվասելն» էլ, ինչպես ասում են, կդառնա «Նոր տարվա լիմոնադ», ինչպես ոչ վաղ անցյալում երազանք էր դարձել իզի-քարտը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4