«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#125, 2005-07-08 | #126, 2005-07-09 | #127, 2005-07-12


«ԱՐԱՐԱՏԻ» ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ

Վերջին մեկ տարում «Արարատ» անվան հետ կապված խառնաշփոթ իրավիճակը մոլորեցրել ու շփոթության մեջ էր գցել շատերին, այդ թվում նաեւ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների: Ինչպես հայտնի է, բուն արարատցիները հանգամանքի բերումով հանդես էին գալիս «Լեռնային Արցախի» անվան տակ, իսկ վերջինիս ֆուտբոլիստները, որ հիմնականում ղարաբաղցիներ էին, խաղում էին «Արարատ-2»-ումՙ առաջին խմբում: Վերջերս «Լեռնային Արցախը» հրաժարվեց ՀՀ առաջնությանը մասնակցելուցՙ նախընտրելով հանդես գալ Ղարաբաղի առաջնությունում: Բնականաբար, մի շարք հարցեր էին ծագել, որոնց պատասխանները տրվեցին երեկ «Հրազդան» հյուրանոցում «Արարատ» ակումբի կազմակերպած մամուլի ասուլիսում:

Նախ ներկայացվեց «Արարատ-2»-ի ղեկավար նոր կազմը: Թիմը մարզելու է Սամվել Ղասաբօղլյանը, պետն է Կարեն Մեյմարյանը: Վերջինս տեղեկացրեց, որ թիմի առջեւ խնդիր է դրված բարձրագույն խմբի ուղեգիր նվաճել եւ վերականգնել «Արարատի» երբեմնի լավ ավանդույթները: Ինչ վերաբերում է «Լեռնագործ» ակումբի կողմից «Արարատ» անվանումն ապօրինաբար օգտագործելուն, ապա Կարեն Մեյմարյանը տեղեկացրեց, որ. «Շատ կարճ ժամանակում արդարությունը կհաղթանակի եւ կրկին մեր առաջնությունում ներկայացված կլինի «Արարատ» անվամբ միայն մեկ թիմ, որը կձգտի վերականգնել «Արարատ-73»-ի բարի անունն ու լավ ավանդույթները»:

Թիմի գլխավոր մարզիչ Սամվել Ղասաբօղլյանը տեղեկացրեց, որ «Լեռնային Արցախի» ֆուտբոլիստները, այդ թվում ղարաբաղցիներ Արսեն Սարգսյանը, Լեւոն Մկրտչյանը, Արարատ Ղազարյանը, Արթուր Ավագյանը եւ Արթուր Գաբրիելյանը, կտեղափոխվեն «Արարատ-2»: Այսօր թիմում 32 ֆուտբոլիստ է ընդգրկված: Գլխավոր մարզիչը չի բացառում, որ հնարավոր է որոշ ֆուտբոլիստների վարձավճարով տրամադրեն այլ ակումբների:

Խոսք գնաց «Լեռնային Արցախ» թիմի Ղարաբաղի առաջնությանը մասնակցելու նպատակահարմարության մասին: Նշվեց, որ դեռեւս անցյալ տարի հիմնադրված Ղարաբաղի ֆուտբոլի ֆեդերացիան մեծ ծրագրեր ունի ֆուտբոլը հանրապետությունում զարգացնելու համար եւ այդ նպատակով 2004 թ. առաջին անգամ առաջնություն անցկացվեց: Այժմ Ղարաբաղում սփյուռքահայ գործարարների կողմից ներդրումներ են կատարվում ֆուտբոլային տնտեսության զարգացման ուղղությամբ, վերակառուցվում է Ստեփանակերտի մարզադաշտը: Հույս հայտնվեց, որ առաջիկա տարիներին Ղարաբաղում ֆուտբոլը զգալի առաջընթաց կունենա:

Ինչ վերաբերում է Ձորաղբյուրի մարզաբազային, ապա աշխատանքներն ընթանում են ծրագրին համապատասխան: Մեկ-երկու տարի անց «Արարատը» կունենա մարզումների համար ժամանակակից մարզաբազա:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4