«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#149, 2005-08-24 | #150, 2005-08-25 | #151, 2005-08-26


ԱՅԴ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՀԱՅԸՙ ԳՈՒՐԳԵՆ ՅԱՆԻԿՅԱՆԸ

Նստած եմ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի, այսինքնՙ Մարտիրոս Սարյանի տան հյուրասենյակում: Սեղանի մոտ, իմ դիմաց եւս մի քանի աթոռներ կան, որոնցից մեկի վրա 1972 թ. նոյեմբերին մի քանի ժամով նստել է Գուրգեն Յանիկյանը: Այս տանը, այս հյուրասենյակում հազարավոր աշխարհահռչակ մարդիկ են եղել: Այս անգամ իմ այցելության նպատակը Գուրգեն Յանիկյանի այցի մանրամասները պարզելն էր: Իմ հյուրընկալուհինՙ երաժշտագետ Արաքսի Սարյանը, ցույց է տալիս թերթի դեղնած մի կտոր. «Հայրենիքի ձայն» թերթի 1972 թ. նոյեմբերի 25-ի համարից կտրված մի հաղորդագրություն, որում ասվում է, թե այդ օրերին տուն-թանգարան է այցելել Ամերիկայի Միացյալ Նահանգներից եկած Գուրգեն Յանիկյանը եւ նվիրաբերել Վարպետի «Արեւելյան սենյակ» նկարը (ստեղծված 1918 թ., 39x59 սմ, թուղթ, ջրաներկ, գուաշ), որը երկար տարիներ համարվում էր անհայտ կորած: Չոր ու ցամաք հաղորդագրությունն այլեւս գրեթե ոչինչ չի ավելացնում: Բայց այս նկարի վերադարձի մասին ես կարդացի իմ արխիվում գտնվող մի քանի փաստաթղթերում եւ իրՙ Գուրգեն Յանիկյանի «Նպատակ եւ ճշմարտություն» գրքում, որը գրել է 1973 թ. սեպտեմբերին, Կալիֆոռնիայի (ԱՄՆ) Սան Լուիս Օթիապոյի թիվ 7160 բանտախցում:

- Հաղթահասակ, պինդ, առինքնող արտաքինով, լավ խոսող եւ հաճույքով ուտող մարդ էր 77-ամյա Յանիկյանը, որին ծերունի անվանելը սխալ կլիներ,- ասում է տիկին Արաքսին:- Այնպիսի ջերմությամբ, այնպիսի զվարթությամբ լցրեց Վարպետի օջախը, որ տասնամյակներ անց էլ նրան հիշում ենք առանձին մի հուզմունքով:

Այդ ժամանակ, ավաղ, Վարպետն արդեն չկար, եւ Գուրգեն Յանիկյանը, որին ուղեկցում էր սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մարտիրոսյանը, նկարը հանձնեց տուն-թանգարանի տնօրեն Շահեն Խաչատրյանին: Հեռանալուց առաջ, հիշում է տիկին Արաքսին, Յանիկյանը հայտարարել է, որ իր մասին դեռ կլսեն: Ոչ ոք գլխի չի ընկել, թե ինչ էր ակնարկում այս հաղթահասակ, առինքնող ամերիկահայը:

Ո՞վ էր այս մարդը, ինչո՞ւ էր նկարը Հայաստան բերել այն ժամանակ, երբ արդեն Վարպետը չկար, ի՞նչ էր ուզում ասել:

Իսկ ասացին զանգվածային լրատվական միջոցներն ընդամենը երկու ամիս հետո, երբ ԱՄՆ-ի Լոս Անջելեսից 100 կմ հեռու գտնվող Սանտա Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոցի բունգալոներից մեկում հնչեց 13 կրակոց, եւ գետին տապալվեց ԱՄՆ-ի Լոս Անջելեսի քաղաքի թուրք հյուպատոս Մեհմեդ Բայթարն ու նրա օգնական Բահաթըր Դեմիրը: Այդ կրակոցները նշանավորեցին հայ ազգային-ազատագրական պայքարի նոր շրջանը:

Այս գործողությանը Գուրգեն Յանիկյանը նախապատրաստվել էր երկար տարիներ, թեեւ գործողության հիմնական ծրագիրը մշակել էր 5-6 ամիս առաջ: Համեմատաբար ունեւոր մարդ լինելով, նա ցանկանում էր իր կյանքում ճակատագրական քայլին գնալուց առաջ ազգային արժեքները հանձնել իրենց հիմնական հասցեատիրոջըՙ Հայաստանին: Բացի Մարտիրոս Սարյանի նկարից, Յանիկյանը բերեց եւ Հայաստանին հանձնեց հայ թագավորներից մեկի մատանին:

«...Նկարը հանձնեցի: Հեռատեսիլով Երեւանի ժողովուրդն իմացավ այդ ու տեսավ ինձ, եւ ես մի քանի խոսք էլ ասացի նկարի ու դրանք (նկարն ու մատանին) հայրենիքին նվիրելու իմ որոշման մասին:

Մատանին էլ հանձնեցի: Մատանին ավելի էր ուրախացրել ստացողներին, որովհետեւ դա հայ թագավորի առաջին մատանին էր, որ նրանք թանգարանում պիտի ունենային եւ հարկ եղած դեպքում ցուցադրելու էին: Իրենք էլ, պատմաբանների տվյալների վրա հիմնվելով, նույնիսկ գտան, թե որ թվի մատանի-կնիք է: Մեծերից մեկն ասաց ինձ, որ միլիոն դոլար նվերն այնքան գնահատելի չէր լինելու հայրենիքի համար, որքան այդ աննման մատանին: Ես ուրախ էի: Մատանին իմ մատի փոխարեն գրավեց իր արժանի տեղը Երեւանի թանգարանում...»:

Սուղ տեղեկություններ կան այն մասին, թե Գուրգեն Յանիկյանի մոտ ինչպես էր հայտնվել հայ թագավորական մատանին: Բայց Մարտիրոս Սարյանի նկարի հայտնվելու պատմությունը հայտնի է:

...Խարկովում պատասխանատու պաշտոն ստանձնած ճարտարագետ (ինժեներ) Գուրգեն Յանիկյանը 1918 թվականին ամուսնանում է բժշկուհի Շուշանիկ Քյոմուրճյանի հետ, որը շառավիղն էր Պոլսում ապրած եւ Օսմանյան կայսրության պատմության հեղինակ Երեմիա Չելեբի Քյոմուրճյանի (1637-1695 թթ.): Յանիկյանի տիկնոջՙ Շուշանիկի մեծ եղբայրը Ռոստովիՙ Նոր Նախիջեւանի դրամատան կառավարիչն էր, մյուս եղբայրըՙ Ֆեոդոր Քյոմուրճյանը հայտնի բժիշկ էր: Մարտիրոս Սարյանի «Արեւելյան սենյակ» նկարը Յանիկյան ամուսինները նվեր էին ստացել Շուշանիկիՙ դրամատան կառավարիչ եղբորից: «Նկարը, միշտ ճանապարհորդելով մեզ հետ, տեսնողներին հաճույք էր պատճառում, իսկ ինձ հպարտություն, որ իմն է եւ գործն է մեր ազգի հանճարներից մեկի...»:

Մարտիրոս Սարյանի նկարն, իհարկե, մեծ արժեք ունի: Եվ պատահական չէր, որ Փարիզում Գալուստ Գյուլբենկյանը ցանկություն էր հայտնել գնելու նկարը Լիսաբոնի իր անունով կոչվող թանգարանի համար: «Մերժեցի, եւ դա շատ զարմանք պատճառեց...», գրում է Գուրգեն Յանիկյանը: Թե այդ ժամանակ Յանիկյանն ինչո՞ւ էր մերժում մեծահարուստ մեր ազգակցին, չէր ցանկացել բացատրել: Ոչ մեկին, բացառապես ոչ մեկին նա չէր հաղորդում իր ծրագրի մասին: Բայց նաեւ գիտեր, որ անհաջողության, թե հաջողության դեպքում նա հայտնվելու էր բանտում: Իսկ իր ունեցած հարստությունները նա ցանկանում էր անպայման հասցնել Հայաստան:

Եվ 1972-ի ամռանը նա Վարպետին ուղարկեց իր մոտ եղած նկարի լուսանկարըՙ խնդրելով ճշտել, թե իրոք նկարի հեղինակը հենց ինքըՙ Մարտիրոս Սարյա՞նն է: Վարպետը լուսանկարի հետեւում մակագրեց, որ, այո, դա իր աշխատանքն է եւ ինքը այն գտնելու հույսը կորցրել էր: Իսկ ՀԽՍՀ իշխանություններին ուղղված նամակում նա խնդրում էր Հայաստան գալու հնարավորություն ստեղծել: Կարճ ժամանակ անց ստացվեց նաեւ Հայաստանի իշխանությունների պաշտոնական հրավերը: Եվ, ահա, 1972 թվականի նոյեմբերին նա եկավ Հայաստան եւ կատարեց իր բարձրարժեք նվիրատվությունները:

Սա մի փոքրիկ հատված է մեծ հայի ու մեծ հայրենասերի փառավոր կենսագրությունից: Միայն մի փոքր հատված, որը կարեւոր երանգ է հաղորդում Գուրգեն Յանիկյան-հայի կերպարին:

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4