«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2005-08-27 | #153, 2005-08-30 | #154, 2005-08-31


ԱՄՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՆՈՐ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) եւ «Կասկադ-կրեդիտ» ընկերությունը երեկ վարկային երաշխիքի տրամադրման պայմանագիր ստորագրեցին, ըստ որի ԱՄՆ-ՄԶԳ-ն կերաշխավորի «Կասկադ-կրեդիտ» ընկերության թողարկած կարճաժամկետ պարտատոմսերի 50 տոկոսը: Ինչպես հանդիպման ժամանակ նշեց «Կասկադ կապիտալ հոլդինգ» ընկերության տնօրեն Ջոնաթան Սթարկը, Հայաստանի համար նման պայմանագիրը նշանակալի երեւույթ է:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն էվանսը եւս կարեւորելով իրադարձությունը, նշեց, որ նման պայմանագրի նախապատրաստական աշխատանքները տեւել են 2 տարի, նախաձեռնությունը եղել է Ջերալդ Գաֆեսճյանինը: Դեսպանը նշեց նաեւ, որ Մ. Նահանգներն այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, ուղղակի ներդրումներ սովորաբար չի անում, բայց այս կերպ նպատակ կա խթանելու արտահանումը Հայաստանում: Դեսպան Էվանսը նշեց նաեւ, որ «Կասկադ-կրեդիտ» բանկի գործադիր տնօրեն Գարեգին Գեւորգյանը «Մասկի» ծրագրով ուսանել է Մ. Նահանգներում:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը նշեց, որ Գարեգին Գեւորգյանի գլխավոր արժանիքն այն չէ, որ ուսանել է Մ. Նահանգներում, այլ որ աշխատել է ԿԲ-ում: Ինչեւէ, ԿԲ-ն նման պայմանագրի կիրարկման համար համապատասխան փոփոխություններ է իրականացնումՙ նկատի ունենալով, որ առաջին անգամ շրջանառության մեջ են դրվելու նոր տիպի պարտատոմսեր:

«Կասկադ-կրեդիտ» ընկերության գործադիր տնօրենը ներկայացրեց, որ համապատասխան պայմանագրիՙ ԱՄՆ ՄԶԳ տրամադրած երաշխիքը կկազմի 50 տոկոսը, կթողարկվեն 1 տարվա պարտատոմսեր, պարտատոմսերի անվանական ծավալը կլինի մինչեւ 6 մլն ԱՄՆ դոլար: Առաջին պարտատոմսերը կթողարկվեն մինչեւ տարեվերջ, կտեղաբաշխվեն հայաստանյան ֆոնդային բորսայի միջոցով:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4