«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2005-09-23 | #171, 2005-09-24 | #172, 2005-09-27


ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԻ 70 ՏՈԿՈՍԸ ՀՈՒՍԱԽԱԲ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԻՑ, ԲԱՅՑ ԴԵՄ Է ՆԱԵՎ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ

Ո՞վ է Գերմանիայի վարչապետը կամ վարչապետուհին, կոալիցիայի ո՞ր տարբերակն է կայուն զարգացում ապահովելու երկրի համար, առայժմ շահարկման փուլում է:

(«Եթե դաշնային կանցլերին ուղիղ ընտրելու հնարավորություն ունենայիք, ո՞ւմ կընտրեիք» հարցին սեպտեմբերի 8-ին 54 տոկոսը նախապատվությունը տվել էր Գերհարդ Շրյոդերին, 35 տոկոսըՙ Անգելա Մերկելին: Հետընտրական վերջին հարցման արդյունքում Շրյոդերին նախընտրել է 44, Մերկելինՙ 47 տոկոսը):

Քաղաքական հրապարակում առկա այս անորոշությունը շատերը որակում են քաոս բառով, ոմանք էլՙ ընտրությունների անակնկալ արդյունք կամ ավելի շուտ մի ազդանշան, որը քաղաքական գործիչներին պիտի կողմնորոշի մեծագույն պատասխանատվությամբ կանոնակարգելու իրադրությունը:

Բունդեսթագի ընտրություններից հետո քաղաքական կարուսելն ամենամեծ պտույտը Կանաչների ներսում արեց. գերմանացի ամենահայտնի ու սիրելի քաղաքական գործիչըՙ 57-ամյա Յոշկա Ֆիշերն այլեւս չի ուզում առաջին գծում լինելՙ «ամբիոնը երիտասարդներինն է» մեկնաբանությամբ: Քաղաքական գործչի 20 տարվա պատասխանատվության բեռն այժմ ժամանակն է փոխարինելու սեփական ազատությամբ, մտածում է արտգործնախարար Ֆիշերը, ում մարզակոշիկներն ու այլ իրեր վաղուց տեղ են գտել Բոննի պատմության թանգարանում:

Գերմանիայի 299 ընտրատարածքներից 298-ում անցկացված ընտրությունների արդյունքից գերմանացիները դժգոհ ու հուսախաբ են: Հանրային կարծիքի ուսումնասիրություններով զբաղվող Forsa գիտահետազոտական կենտրոնի հարցման տվյալներով, հարցվածների 70 տոկոսը բացասաբար է վերաբերվում ընտրությունների արդյունքներին, 23 տոկոսն է միայն դրական գնահատում դրանք: Առանձնապես մեծ է դժգոհությունը Ազատ դեմոկրատական կուսակցության (ԱԴԿ) համակիրների շրջանումՙ 88 տոկոս, ՔԴՄ-ՔՄՄ-ի համակիրներիՙ 81 տոկոս, Ձախերիՙ 69 տոկոս, Կանաչներիՙ 68 տոսկոս, ՍԴԿ-իՙ 61 տոկոս: Համեմատության համար հավելենք, որ 1998 թվականի ընտրություններից հետո 60, իսկ 2002-ին 45 տոկոսը գոհ էր ընտրությունների արդյունքից:

Հետընտրական հարցման արդյունքը շատ քիչ է տարբերվում կիրակի օրըՙ սեպտեմբերի 18-ին կայացած ընտրությունների իրական արդյունքից: Ուստի անիմաստ է դառնում նոր ընտրությունների անցկացման վերաբերյալ խոսակցությունը, հինգշաբթի օրը տեղեկացրեց գերմանական ZDF հեռուստաալիքի մեկնաբանը:

«Չնայած մեծ դժգոհությանը, գերմանացիների 70 տոկոսը դեմ է նոր ընտրությունների անցկացմանը», «Բայրիշե ռունդֆունկին» հաղորդեց «Forsa» ինստիտուտի ղեկավար Մանֆրեդ Գյուլները հավելելովՙ այդուհանդերձ, նոր ընտրությունների պարագայում ԱԴԿ-ին քվե տված ընտրողների 14 տոկոսը պատրաստ է իր ձայնը ՔԴՄ-ՔՍՄ-ին տալու: «Կոալիցիայի ո՞ր տարբերակն է ցանկալի» հարցին, ըստ նույն աղբյուրի, Մեծ կոալիցիայի (կարմիր-սեւՙ ՍԴԿ-ՔԴՄ-ՔՍՄ) օգտին է արտահայտվել հարցվածների 33 տոկոսը, 26 տոկոսը կողմ է այսպես կոչված Յամայկա կոալիցիային (սեւ-դեղին-կանաչՙ ՔԴՄ-ՔՍՄ-ՍԴԿ-Կանաչներ), 19 տոկոսը ցանկանում է, որ երկիրը կառավարի Կարմիր-դեղին-կանաչ (ՍԴԿ-ԱԴԿ-Կանաչներ) կոալիցիան:

ՔԴՄ-ՔՍՄ կողմնակիցների 53 տոկոսը կողմ է Յամայկա կոալիցիային, 33 տոկոսըՙ Մեծ կոալիցիային: ՍԴԿ համակիրների 40 տոկոսը կողմ է Կարմիր-դեղին-կանաչ կոալիցիային, 38 տոկոսըՙ Մեծ կոալիցիային: Կարծիքի հետազոտման մեկ ուրիշՙ Emnid ինստիտուտի ավելի ուշ հրապարակված տվյալներով, ամենամեծ համակիրներն ունի Յամայկա կոալիցիան (կուսակցությունների գույները համընկել են կղզու ազգային դրոշի գույներին), կողմ է գերմանացիների 33 տոկոսը, 27 տոկոսով երկրորդ տեղում է Կարմիր-դեղին-կանաչ կոալիցիայի տարբերակը, երրորդ տեղումՙ 25 տոկոս համակիրներ ունի Մեծ կոալիցիայի տարբերակը:

Սրան հավելենք նաեւ, որ Կանաչները բազմիցս կարծիք հայտնեցին, թե թերահավատ են Յամայկա կոալիցիայի հարցում: Ինչեւէ, ինչպես ձեւակերպեց գերմանացի մեր գործընկերներից մեկը, քաղաքականության մեջ երբեմն ամենաանհավանական միությունն էլ իրականություն է դառնում: Բայց Կանաչների հետ հանդիպելուց հետո ուրբաթ, հետմիջօրեին Անգելա Մերկելը (ՔԴՄ) եւ Էդմունդ Շտոյբերը (ՔՍՄ) լրագրողներին հայտնեցին, որ զրույցն անցել է անկեղծ մթնոլորտում, իսկ Կանաչները հայտարարեցին, թե դժվար թե այն շարունակություն ունենա:

Մինչեւ ուշ գիշեր ձգվող հանդիպումներն ու բանակցությունները, կուսակցական գրասենյակում տիրող աշխույժ եռուզեռը ուրբաթ երեկոյան դեռ հանդարտվելու միտում չունեին: Թողնե՞լ Յամայկան Կարիբյան ծովում, թե՞ բերել Գերմանիա, պարզ կդառնա արդեն «Ազգի» հաջորդ հրապարակման մեջ:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4