«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2005-10-13 | #185, 2005-10-14 | #186, 2005-10-15


ԲԱՐՁՐԱՑՈՒՄ

Նաեւ Գերմանիայի՞ համար

Գերմանիայում սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություններից 3 շաբաթ անց միայն հայտնի դարձավ, որ պոկերում հաղթել է ՔԴՄ նախագահ Անգելա Մերկելը:

«Պատմական իրադարձություն, նախադեպը չունեցող կարիերա Մերկելի համար լավ օրը արդյոք Գերմանիայի համար էլ լավը կլինի, դեռ պարզ չէ», գրել էր «Լայպցիգեր ֆոլկսցայթունգը» հոկտեմբերի 11-ի իր անդրադարձում:

Վերջապես ճանապարհը բաց է Մերկելի համար, այսպես ձեւակերպեցին շատերը եթերից, տպագիր մամուլում: Պարտություն չսիրող քաղաքական փորձառու գործչի դիպուկ ռազմավարությո՞ւն, թե՞ ֆիզիկոսի անսխալ հաշվարկ ...

Նրա կենսագիրները վկայում են, թե նաՙ Անգելա Մերկելը երբեք չի հանձնվում, իր առջեւ նպատակ է դնում, կարգուկանոնից չշեղվելով ձգտում է հասնել դրան: Ուրեմն եւ զարմանալի չէ, որ արեւելքից եկած այս 51-ամյա առաջնորդին է տրված (ամենայն հավանականությամբ) Գերմանիայի առաջին կին կանցլերը լինելու պատի՞վը ասենք, թե՞ պատասխանատվությունըՙ որը կուզեք:

«Դուք առաջին կին կանցլերն եք, Ձեզ ինչպե՞ս եք զգում, ֆրաու Մերկել» լրագրողներից մեկիՙ հոկտեմբերի 10-ի մամուլի ասուլիսում տված հարցին Անգելա Մերկելը դեմքի լրջությունը մի փոքր «կոտրեց», ժպտաց ու ասաց. «Ինձ լավ եմ զգում: Գիտեմՙ շատ աշխատանք կա անելու, պատասխանատվությունը մեծ է»:

Բոննի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Լանգգութը, որ Մերկելի կենսագիրներից է, նրա զուսպ պատասխանը միանգամայն բնական համարեցՙ նա իր զգացմունքները ցույց տալ չի սիրում, շատ զգույշ է: Կարծր մետաղ, ինչպես ասում են: Տղամարդկանց շրջապատում ոչ միայն չի ճկվում, այլեւ միշտ տիրապետող դիրք ունի: Այդ է պատճառը միգուցե, որ Շրյոդերը բացառել է Մերկելի կաբինետում իր պաշտոնավարումը, նաեւ փոխվարչապետի պաշտոնում. «Կյանքիս ծրագրերում նման կետ չկա», ասել է նա: Առայժմ օգնում է կոալիցիա ձեւավորելուն: Հերթն ուրիշներինն է. պիտի աշխատեն, որ գնացքը ճիշտ ուղով ընթանա, երեքշաբթի օրը հայտարարեց Շրյոդերը Բեռլինումՙ մեքենաշինարարների համաժողովում: Հետո ի՞նչ պիտի անի մինչեւ Բունդեսթագի նոր նստաշրջանը կանցլերի իրավասություններ ունեցող, բայց արդեն խաղից հեռացած սոցիալ-դեմոկրատ Գերհարդ Շրյոդերը, առայժմ հստակ պատասխան չկա. միգուցե անսա ՔԴՄիՙ ընտրությունների ժամանակ ծածանվող ցուցապաստառի խորհրդինՙ «Առավել ժամանակ կնոջըՙ Դորիսին»:

«Շատ բնական էՙ արքան փոխարքա չի լինում», հեռուստաեթերից մեկնաբանում է գերմանացի ժամանակակից կին գրողներից մեկը հավելելովՙ Շրյոդերն արեց իր գործը, հենց նա կանաչ լույս վառեց Մերկելի համար:

Իսկ «փոխարքայի» ու նաեւ մյուս նախարարական պաշտոնների համար շահարկվող անունների կարուսելն առայժմ, գոնե մինչեւ երկուշաբթի, պտտում է Գերմանիայի աշնան քաղաքական տերեւաթափը. գունատներըՙ պատմության քամուն, պինդ տերեւներ, վառ երանգներՙ կոալիցիոն ծառին: Նախարարական 8 ճյուղՙ սոցիալ-դեմոկրատներին (արտաքին գործերի, ֆինանսների, արդարադատության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, տրանսպորտի, առողջապահության, բնապահպանության, զարգացման), 6 ճյուղՙ ՔԴՄ- ՔՍՄ-ին (ներքին գործերի, տնտեսության, կրթության եւ գիտության, պաշտպանության, ընտանիքի, սպառողների պաշտպանության), սրան հավելած վարչապետի ու կառավարության ղեկավարի պաշտոնները: Անունների տեղապտույտից մի քանի պատկերՙ Բավարիայի վարչապետ ՔՍՄ նախագահ Էդմունդ Շտոյբերըՙ տնտեսության եւ տեխնոլոգիայի նախարար, Շրյոդերի թիմակից կառավարության ղեկավար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերըՙ հնարավոր արտգործնախարար, պաշտպանության նախարար սոցդեմոկրատ Պետեր Շտրուկըՙ խմբակցության ղեկավար, փոխվարչապետ եւ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար կլինի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, «կուսակցության ոգին» համարվող Ֆրանց Մյութեֆերինգը, ՔԴՄ անդամ Վոլֆգանգ Շոյբլեն սպասում է Մերկելի պատասխանինՙ ինքը խմբակցությա՞ն ղեկավարն է լինելու, պաշտպանությա՞ն, թե՞ ներքին գործերի նախարարը:

Մեծամասնությանՙ ՔԴՄ- ՔՍՄ-ի եւ ՍԴԿ կողմից ձեւավորվող Մեծ անունը կրող կոալիցիան դեռ չծնվածՙ քննարկվում կամ ավելի ճիշտՙ քննադատվում է:

Մեծ կոալիցիա. սրա համար Քրիստոնեա-դեմոկրատական քրիստոնեա-սոցիալիստական միությունը մեծ գին է վճարումՙ բարեփոխումների ծրագիրը հիմա սոցիալ-դեմոկրատացված է, ասում են միության անդամներից ոմանք:

«Սա բռնի ամուսնություն է: Գերմանիան կորցրեց ապագա հնարավորությունների մի լավ մաս», կարծիք է հայտնում Ազատ դեմոկրատական կուսակցությունը:

«Ընդամենը սանրվածքի փոփոխություն», վարչապետի կաբինետի մասին ասում են դեմոկրատական սոցիալիզմի կուսակցության ներկայացուցիչները կամ ինչպես ընդունված է կարճ անվանելՙ Ձախերը:

«Խնդիրն այն չէՙ որքա՞ն կդիմանա նոր կառավարությունը, այլ թե ինչպիսի քաղաքականություն կվարի: Իսկական բարեփոխականություն նրանից դժբախտաբար դժվար է ակնկալել, որովհետեւ ընդդիմությունը ներկայացնում են ոչ միայն 3 փոքր կուսակցությունները Բունդեսթագում, այլեւ կառավարության անդամները: Ով հարկային քաղաքականության կամ աշխատաշուկայի հարցում իրական փոփոխություն է ակնկալում, հուսախաբ է լինելու», փոխանցում է «Վեսթդոյչե ցայթունգը»:

«Ոչ ոք չի կարող քայլ անել առանց մյուսների համաձայնության: Ամեն որոշում փոխզիջումներով պիտի կայանա: Վտանգը մեծ է, որ այս կոալիցիան ոչինչ տեղից չի շարժի: Եվ եթե անի էլ, ապա փոխզիջմամբՙ ընդհանուրին վնասելու գնով», գրում է «Բեռլիներ ցայթունգը»:

«Երկու կուսակցություններն էլ պատասխանատվության առջեւ են կանգնած: Նրանց հաջողությունն անիծված է», կարծիք է հայտնում «Դի վելթը»:

Շաբաթասկզբին կայացած հարցման արդյունքը ցույց է տալիս, որ գերմանացիների 53 տոկոսը կարծում է, թե Մերկելը լավ գործ կանի: Բնական գիտությունների մասնագետի կարիք Գերմանիան շատ ունի, համոզված են ոմանք: Ընտրությունների շոուի կանոնները պարտադրեցին, որ իր արտաքինի հանդեպ գրեթե անփույթ Մերկելը կանացիությունն ընդգծի: Այսպես խնամված, գեղեցկացրած չի մնա, ներքին խստությունը իրական նոր սկիզբ է բերելու Գերմանիայի համար, վստահեցնում են ոչ այնքան ընդդիմախոսները, որքան նրա կենսակերպին ակնդետ հետեւողները:

Մինչ սակարկումներն ու շահարկումները քաղաքական խոհանոցում Մեծ կոալիցիա ապուրն են խառնում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության հիմնական օրենքը հիշեցնում էՙ կանցլերն ընտրվում է Բունդեսթագի կողմից ձայների բացարձակ մեծամասնությամբ, այնուհետ ընտրված կանցլերին նշանակում է դաշնային նախագահը: Եթե ներկայացված թեկնածուն անհրաժեշտ ձայներ չհավաքի, նախագահը կարող է լուծարել խորհրդարանը, նշանակել նոր ընտրություններ: Նոր ընտրություններ գերմանացիների մեծ մասը չի ուզում, թեպետ «եղածից էլ գոհ են» որակելը ճիշտ չի լինի: Բայց, ինչպես ասում են, դեպքերից առաջ չընկնելով, մի հպանցիկ հայացք ուղղենք Գերմանիայի առաջին լեդիի անցած ճանապարհին:

Աստվածաբանի ընտանիքում արեւմուտքումՙ Համբուրգում ծնված, այնուհետեւ Բրանդենբուրգՙ Թեմփլին տեղափոխված Անգելա Դորոթեա Կասները, որ առաջին ամուսնու Մերկել ազգանունը 1990-ից տեղափոխել է Գերմանիայի քաղաքական ամֆիթատրոնի առաջին շարքեր, իսկ 2005-ի սեպտեմբերիցՙ աշխարհի լրատվամիջոցների կարեւորագույն լուրերի բաժին, միշտ էլ վստահել է սեփական ուժերին: Գավառական Թեմփլինը նրա տեղը չէրՙ ձանձրալի էր, թատրոն չկար, իսկ սրճարանը, ուր հավաքվում էին ծխող աղջիկներն ու սպասում իրենց արքայազներին, նրան չէր ձգում: Նա լավ դասընկեր էր, հիշում է դպրոցական ընկերներից մեկը հավելելովՙ արդեն դպրոցում նա քրիստոնեա-դեմոկրատ էրՙ չհամբուրվածների ակումբի անդամ, պարասրահ չէր գնում, արվեստի փոստային բացիկներ էր հավաքում:

Սովորել սիրում էրՙ ուրեմնՙ դեպի մեծ քաղաք: Ավարտեց Լայպցիգի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 23 տարեկանում քչախոս ֆիզիկոս Ուլրիխ Մերկելի հետ էլ ամուսնացավ ոչ նրա համար, որ սիրում էր, այլ որ այդպես բոլորն են անում: 5 տարի հետո պիտի բաժանվեր նրանից, հայտնվեր գիտությունների ակադեմիայի Բեռլինի ֆիզիկական քիմիայի կենտրոնական ինստիտուտում, դոկտորական թեզ պաշտպաներ: Բայց ներքին մի պահանջ ուրիշ բեմահարթակ էր տանում: «Քաղաքականությունը ինչ-որ բան տեղաշարժելու միջոց է», այսպես է բացատրում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունում իր հայտնվելու դրդապատճառը Անգելա Մերկելը, ում, միգուցե ճիշտ են ասում, գիտությունն է օգնում քաղաքական հաշվարկներում մաքուր արդյունք ստանալ:

«Իմ աղջիկը»: Հելմուտ Քոլը նրան հենց այսպես էր դիմում, հայրական հոգատարությունը չուշացավՙ 1991-ին իր կաբինետում նշանակեց կանանց ու երիտասարդության, 94-ինՙ ընդերքի ու բնապահպանության նախարար: Կենսագիրներն ասում ենՙ սկզբում Մերկելը խաղի օրենքներին լավ չէր տիրապետում, բայց քաղաքական բնազդը ուժեղ գտնվեց, եւ 2000 թ.-ի ապրիլին Էսսենում կայացած կուսակցական օրվա լավագույն հիշողությունը Մերկելի ՔԴՄ նախագահ ընտրվելն էր: Էդմունդ Շտոյբեր, Վոլֆգանգ Շոյբլե, Նորբերտ Բլյում, Հորստ Զեեհոֆեր, Ֆրիդրիխ Մերց ասում են ՔԴՄ-ՔՍՄ ներկայացնող այս ամենահեղինակավոր անուններն էլ որոշիչ ձայն չունենՙ Մերկելը տիրապետում է բոլորին, դա նրան հաջողվում է:

«Քոլի աղջիկը» political animal դարձավ, նկատել են տալիս նրա ուղին խիստ վերլուծության ենթարկողները ՙ քննադատելով ոչ միայն արտաքին տեսքըՙ ընտրագովազդի պարտադրանքով հարդարվածությունն էլ օպորտունիզմի նշան որակելով, այլեւ այն հանգամանքը, որ ամենուր մենակ է գնում, ամուսնուն նրա կողքին երբեւէ չեն տեսնում:

«Միայն քաղաքում ապրել չեմ կարող, շաբաթ երեկոյան ձգտում եմ ազատ լինել, զբոսնել բնության գրկում, այգում աշխատել, ասում է Մերկելը վիրտուալ աշխարհի իր այցելուներին: Ժամանակ է գտնում նաեւ ամենասիրած ճաշերըՙ կարտոֆիլով ապուր, շնիցել կամ ֆորել եփել երկրորդ ամուսնուՙ քիմիայի պրոֆեսոր Յոախիմ Զաուերի համար:

Եվ մի բան էլՙ ի՞նչ եք կարծում, ի՞նչ երազանք ունի. «Մի անգամ անդրսիբիրյան երկաթուղով Մոսկվայից Վլադիվոստոկ ճամփորդել»: Ըստ կայքէջի, անգլերենից բացի ռուսերեն էլ գիտի, ուրեմն երազանքից իրականություն ճանապարհին էլ կանաչ լույս է վառվում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4