«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2005-10-19 | #189, 2005-10-20 | #190, 2005-10-21


«ՍՈՒՐԲ ՍԱՀԱԿ-ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ» ՇՔԱՆՇԱՆ ՊՐՈՖԵՍՈՐ ԴՈՐԱ ՍԱՔԱՅԱՆԻՆ

Կանադայի Մքգիլ համալսարանի պրոֆեսոր Դորա Սաքայանն օրերս պարգեւատրվել է Ամենայն հայոց կաթողիկոսի «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո շքանշանով, որը Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նրան է հանձնել կանադահայոց առաջնորդ Բագրատ եպս. Գալստանյանը: Պատարագից հետո վերջինս նախ փառաբանել է հայոց գրերի 1600-ամյա գյուտն ու սուրբ թարգմանիչների վարքը, որից հետո մեծարանքի է արժանացրել Դորա Սաքայանինՙ ընդգծելով հայ դպրության ու գիտության հանդեպ նրա անմնացորդ սերն ու նվիրումը:

Շքանշանի արարողության ժամանակ Վազգեն քահանան ընթերցել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կոնդակը, որում Վեհափառը բարձր գնահատանքի է արժանացրել Սաքայանի բազմամյա մանկավարժական գործունեությունը, որ սկիզբ է առել Երեւանի պետական համալսարանում դասավանդելով եւ պատասխանատու պաշտոններ վարելով, ապա շարունակվել Կանադայի կրթական հաստատություններում:

«Նրա ուշագրավ նվաճումները, հատկապես լեզվագիտական բազմահազար ուսումնասիրություններն ու արժեքավոր թարգմանությունները բարձր են գնահատվել ու արժանացել միջազգային տարբեր պարգեւների, գիտական կոչումների եւ շքանշանների», ասված է հայրապետական կոնդակում: Շքանշանի հանձնումից հետո ելույթ է ունեցել եկեղեցու «Կոմիտաս» դպրաց դասի երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարն է հայաստանցի Վարուժան Մարգարյանը:

Դորա Սաքայանը երախտագիտություն է հայտնել կաթողիկոսինՙ իրեն այդպիսի բարձր պատվի արժանացնելու համար, միաժամանակ շեշտելով երկու հանճարների անունը կրող շքանշանի մեծ խորհուրդն իր կյանքում:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4