«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2005-11-02 | #199, 2005-11-03 | #200, 2005-11-04


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՏԵՐ Է Ե՛Ւ «ԱՅՈ»-ԻՆ, Ե՛Ւ «ՈՉ»-ԻՆ

Գործող սահմանադրությունը նախագահ Քոչարյանի պատկերավոր համեմատությամբ նման է հին մեքենայի, որի «արագությունն այլեւս այն չէ, աղմուկը շատ է, յուղ է վառում, բայց դեռ կարելի է օգտագործել: Իհարկե, կարելի է տեղ հասնել, բայց ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ի՞նչ ենք պատկերացնում եւ ո՞ւր ենք ուզում հասնել: Օրինակ, մինչեւ Սեւան կհասնենք, բայց որ մի քիչ էլ հեռու գնանքՙ հրելով հետ կգանք: Հիմա պետք է որոշենք ի՞նչ ենք ուզումՙ արագ զարգացում, թե՞ յուղ վառել: Նոր սահմանադրությանը «ոչ» ասողները քարոզում են երկրորդ տարբերակը»:

Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի Եղիշե Չարենցի անվան լսարանում երեկ նա հանդիպեց իրավաբանական եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների հետՙ հայտնելու սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր տեսակետներն ու համոզումները: Ե՞րբ է ծագել սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու գաղափարը, կհարվածի՞ հանրաքվեի տապալումը իշխանություններին, արդարացվա՞ծ է սահմանադրությանը «ոչ» ասելով իշխանություններին «ոչ» ասելու ընդդիմության քարոզը, եւ ի՞նչ կտա երկրին սահմանադրության հանրաքվեին «այո» ասելը: Սրանք էին այն էական հարցերը, որոնց նախագահը փորձեց տալ իր հիմնավորումներն ու գնահատականները:

Նա հիշեցրեց, որ սահմանադրական բարեփոխումների գաղափարը սկիզբ է առել 1998 թվականին, երբ Հայաստանը դեռ չէր անդամակցում Եվրոխորհրդին, սակայն բարեփոխումներ անցկացնելու հրամայականն արդեն առաջացել էր: Անդամակցելուց հետո Հայաստանը ստանձնեց բարեփոխումներ անցկացնելու պարտավորություններ, որոնց զգալի մասը կապված է սահմանադրական փոփոխությունների հետ: «Մեզ ոչ ոք չի ստիպել անդամակցել Եվրոխորհրդին, դա մեր գիտակցված ընտրությունն է եղել, պայմանավորված այն համոզմունքով, որ պետք է խորացնենք երկրի բարեփոխումները, ժողովրդավարության ընթացքն ու միջազգային ներգրավվածությունը: Եվրոխորհրդին անդամակցելու խնդրանքով դիմել են երկրի նախագահը, Ազգային ժողովի նախագահն ու վարչապետըՙ վերահաստատելով բոլոր պարտավորությունները կատարելու երկրի պատրաստակամությունը», ասաց նախագահըՙ ցույց տալով Հայաստանի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ստորագրությամբ դիմումը, որի վրա կան նաեւ ներկա պահին բարեփոխումներին «ոչ» ասող Արտաշես Գեղամյանի, Վազգեն Մանուկյանի եւ Խորեն Սարգսյանի ստորագրությունները: Փաստաթղթերում կա նաեւ 2001 թվականի մարտին վարչապետի պաշտոն ստանձնած Արամ Սարգսյանի ստորագրությունը:

Նախագահի համոզմամբ, հանրաքվեի ձախողումը հարված կհասցնի ոչ թե իշխանություններին, ինչպես քարոզում է ընդդիմությունը, այլՙ երկրի հեղինակությանը: Իրականում իշխանությունը կպահպանի իր լիազորությունները, միաժամանակ ցույց տալով, որ ամեն ինչի պատրաստ է ժողովրդավարությունը զարգացնելու համար, ինչը շատ շահավետ վիճակ է: Իսկ երկրի հեղինակությունը կտուժի այն պարզ պատճառով, որ ավելի առաջադեմ նախագծին դեմ քվեարկող հասարակությունը չի համարվի հասունՙ ժողովրդավարության հասնելու առումով: «Ես դա համարում եմ վիրավորական ե՛ւ ժողովրդի, ե՛ւ երկրի համար: Եվ կարծում եմ, որ «ոչ» քարոզողները վատ անկյան տակ կներկայացնեն մեր երկիրն ու ժողովրդին: Կստեղծվի մի վիճակ, որ երկիրը ժողովրդականացնելու պատրաստակամությամբ իշխանությունները առաջ են անցել հասարակությունից: Չեմ կարծում, որ մենք իրավունք ունենք նման իրավիճակ ստեղծելու ապագայի համար: Ես կառաջարկեի այսպիսի բանաձեւՙ ի՞նչ հնարավորություն է բաց թողնելու երկիրը, ինչի՞ց է զրկվելու: Այդ ցանկը կարող է բավականին մեծ լինել», ասաց Քոչարյանը:

Իսկ ի՞նչ կստանա երկիրը սահմանադրական բարեփոխումները հաջող անցկացնելու դեպքում: Նախագահի վերլուծմամբ, առաջին հերթինՙ զարգացման նոր հնարավորություններ, որի համար անհրաժեշտ կլինի 2 տարի քրտնաջան աշխատել եւ ամբողջ օրենսդրությունը համապատասխանեցնել նոր սահմանադրությանը: Ու քանի որ մեր ներուժը մարդկային գործոնն է, ուրեմն դրա բացահայտման լավագույն ճանապարհը արմատական բարեփոխումներն են, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա արտահայտվել ու դրսեւորել իր ընդունակությունները: «Դա է երկրի զարգացման երաշխիքը: Երկրի տնտեսական աճի տեմպերը դա են ցույց տալիս եւ այդ հնարավորությունն ենք ստանալու սահմանադրական բարեփոխումները հաջողելու պարագայում: Երկրի կայուն վարկանիշը, ժողովրդական ու ազատական արժեքներին հասարակության նվիրվածությունն այսօր չափազանց կարեւոր է մեր տարածաշրջանում: Եթե այս ամենը լինի, կամրանան մեր դիրքերը միջազգային ասպարեզում եւ Հայաստանը Հարավային Կովկասում կդառնա առաջատար երկիր, իր բոլոր դրական կողմերով», հավելեց նա:

Սահմանադրությանը «ոչ» ասելու դեպքում «աշխարհը փուլ չի գալու»: Նախագահը տեր է լինելու ե՛ւ «այո»-ին, ե՛ւ «ոչ»-ին: Ընդամենը պետք է հաշվի առնել, որ բոլոր երկրների սահմանադրությունները բազմիցս փոփոխություններ են կրել, ինչը պայմանավորված է եղել երկրի զարգացման ընթացքով: «Սահմանադրությունը պետք է լինի փոփոխվող փաստաթուղթՙ համահունչ ժամանակին: Ակնհայտ է, որ գործող սահմանադրությունը այդ առումով հնացել է եւ կարիք կա շատ լուրջ փոփոխությունների»:

Հասկանալի է, որ սահմանադրական բարեփոխումներից ավելի ուսանողներին հետաքրքրում էին կրթության ու գիտության, երկրի արտաքին ու ներքին քաղաքականության զարգացման հարցեր: Բուհերի կառավարման նոր կարգի վերաբերյալ նախագահը հաստատեց, որ կառավարության որոշումն ընդունվել է բավականին հապճեպ, որը համամասնության առումով տեղիք է տվել արդարացի դժգոհությունների: Նոր կարգը, որ կիրառվում է առաջադեմ շատ երկրներում, ըստ էության դրական քայլ է, միայն կարիք ունի որոշ փոփոխությունների: Գիտության ծերացման խնդիրը նախագահը մտադիր է լուծել հաջորդ տարիՙ սկսելով գիտական լուրջ բարեփոխումներ: Բյուջեից գիտությանը քիչ հատկացումներ անելը նա բացատրեց հենց այդ հանգամանքով:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4