«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2005-11-02 | #199, 2005-11-03 | #200, 2005-11-04


ԱԼԲԱՆԵՍ-ՊՈՒՉՉԻՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՐԳԵՎԸ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԻՆ

Հոկտեմբերի 29-ին Նյու Յորքի Լինքոլն կենտրոնում կայացած Լիչիա Ալբանես-Պուչչինի հիմնադրամի ամենամյա գալային «Կյանքում ձեռք բերած նվաճումների համար» (Lifetime Achievement Award ) պարգեւի է արժանացել Հասմիկ Պապյանը: Նրա հետ այդ պատվին են արժանացել Սայմոն Էստեսը, Ռամոն Վարգասը եւ Քեյ Արմենը: (Ի դեպ, Բրոդվեյում հանդես եկող Արմենի արմատները հայկական են):

Մետրոպոլիտեն օպերայի լեգենդներից համարվող իտալացի սոպրանո Լիչիա Ալբանեսի կողմից ղեկավարվող վերոհիշյալ հիմնադրամը գործում է արդեն 31 տարի, ուշադրության կենտրոնում է պահում երիտասարդ տաղանդավոր երգիչների, պատվում նրանց, արժանացնում տարբեր կրթաթոշակների: Տասնամյակներ շարունակ Մետրոպոլիտենի Դիվաներից համարվող Ալբանեսն առավել աչքի է ընկել Պուչչինիի «Մադամ Բաթերֆլայում» Չիո-չիո-Սանի, «Լա Բոհեմում» Միմիի, ինչպես նաեւ Վերդիի «Տրավիատայում» Վիոլետայի փայլուն մարմնավորումներով: Նրա կողմից նման գնահատանքի արժանանալն իհարկե ուրախություն է պատճառել մեր սոպրանոյին, սակայն Պապյանն անձամբ Լինքոլն կենտրոնում գալային ներկա չի եղել, քանի որ նույն օրը Աիդայի դերերգով մեծ հաջողությամբ հանդես է եկել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում: 1883-ին հիմնադրված, աշխարհում առաջնակարգ օպերային այդ բեմում Պապյանն արդեն մեկ անգամՙ 1999-ին հանդես է եկել նույն դերերգով: Ինչպես նախորդ անգամ առաջնախաղի ժամանակ, այս անգամ էլ վարագույրն իջնելուն հետեւել են հանդիսասրահի որոտընդոստ ծափերը:

Պապյանի հաջորդ ելույթները Մետրոպոլիտենի Վերդիի «Աիդայում» կլինեն նոյեմբերի 5-ին, 8-ին, 12-ին:

Հասմիկ Պապյանի վերջին ամիսների հաջողությունների մասին առավել մանրամասնՙ մեր առաջիկա հարցազրույցում:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4