«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2005-11-04 | #201, 2005-11-05 | #202, 2005-11-08


«ՃԱԿԱՏԱԳՐԻ ՍԵՎ ՇՈՒՆԸ»ՙ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԵՐԵՆ

Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սեւ շունը» մրցանակակիր հուշագրությունը, որն Ամերիկայում 23-րդ տպագրության է արժանացել, վերջերս «Քադերին կարա քյոփեգի» խորագրով տպագրվել է Ստամբուլի «Բելգե» միջազգային հրատարակչատանը, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հոկտեմբերի 29-ի համարը:

Իր հայկական անցյալը բացահայտող ամերիկացի պատանու մասին պատմող վեպը հրատարակվել է Մ. Նահանգներում 1997 թ.-ին եւ անմիջապես արժանացել գրաքննադատների գովասանքին: «Նյու Յորք թայմսը» նշանակալից գիրք է անվանել հատորը, իսկ «Պաբլիշըրզ ուիքլիի» հրատարակիչները շաբաթաթերթն անվանել են «ականավոր մի բանաստեղծի գրչիցՙ արձակ մի գլուխգործոց»: Գիրքը թարգմանվել է գերմաներեն, հոլանդերեն, հունարեն եւ հայերեն:

«Բելգե յայինլարի» հրատարակչատան տնօրեն Ռագիպ Զարաքոլուն ծանոթ է կառավարական շրջանակներում «վտանգավոր» որակավորված գրքերի հրատարակումներով, ինչպես, օրինակ, բրիտանահայ գրող Ջորջ Ջերջյանի «Ճշմարտությունը մեզ կազատագրի» եւ կանադահայ հեղինակ Դորա Սաքայանի «Բժիշկ Խաչերյանի օրագիրը» ստեղծագործությունները: Իր վաղամեռիկ կողակցիՙ Այշե Նուր Զարաքոլուի հետ քանիցս բանտարկվել է «թուրքական պետությանը վիրավորելու համար»: Ռագիպ Զարաքոլուն պաշտպանել է իրենՙ միշտ կրկնելով, որ «թուրք ընթերցողներն իրավունք ունեն իմանալու, թե ինչ գրքեր են լույս տեսնում աշխարհի տարբեր անկյուններում»:

Ավելացնենք, որ Բալաքյանը Կոլգեյթ համալսարանի անգլերենի դասախոս է եւ հեղինակ բանաստեղծությունների 5 գրքերի, որոնցից վերջինն է «Ջուն-տրի» («Հունիսյան ծառ») ժողովածուն, ինչպես նաեւ «Այրվող Տիգրիսը» պատմական վավերագրության:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4