«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2005-11-09 | #204, 2005-11-10 | #205, 2005-11-11


«ԵՍ ԻՄ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԿԵՐՏԵԼ ԵՄ», ԱՍՈՒՄ Է ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ

«Դաշինք» կուսակցությունը գումարեց իր հիմնադիր համագումարը

Սամվել Բաբայանի ստեղծած կուսակցության վերաբերյալ բազմաթիվ ենթադրություններ էին արվում` ո՞ւմ հետ է դաշնակցելու, իշխանամետ է լինելու, թե՞ ընդդիմադիր, գուցեեւ նախագահական հավակնություններ կան... Բոլոր հարցերի պատասխանները, կարելի է ասել, ստացվեցին «Դաշինքի» երեկվա հիմնադիր համագումարում:

Եթե թվենք, թե ովքեր էին մասնակցում համագումարին` դա նույնպես շատ բան կհուշի. ներկա էին ՀՅԴ-ն, ՍԻՄ-ը, ԱԺՄ-ն` ղեկավարների մակարդակով, Հմայակ Հովհաննիսյանը, Ալբերտ Բազեյանը, Շավարշ Քոչարյանը, իսկ «Ազգային միաբանությունից»` երկրորդ դեմքերը: Հրավիրվել, բայց բացակա էին ՀԺԿ-ի, «Հանրապետության», ՀՀՇ-ի ներկայացուցիչները, կարծես թե չկային ՕԵԿ-ից եւ Հանրապետական կուսակցությունից` համենայն դեպս վերջիններիս աչքի ընկնող գործիչներից չէին երեւում: Դահլիճը լեփ-լեցուն էր` 465 պատվիրակ էր ներկա, ղարաբաղյան երանգով խոսվածքը նույնպես առկա էր, իսկ նորաստեղծ կուսակցության անդամների թիվն, ըստ կուսակցության մամուլի պատասխանատու Մարինե Ավանեսյանի, անցնում է 10 հազարը:

Սամվել Բաբայանն իր ելույթում մատնանշեց «Դաշինքի» տեղը քաղաքական դաշտում. «Առաջ ենք քաշել ծրագիր, որի շրջանակում պատրաստ ենք քննարկել ցանկացած համագործակցության առաջարկ»: Հանրապետության (Հայաստանի-Մ.Խ.) վիճակն ըստ ելույթի. մարդու եւ քաղաքացու իրավունքների խախտման դրսեւորումներ կան, ժողովրդավարական արժեքները դեռ խոր արմատներ չեն գցել, տնտեսության որոշ ոլորտներում մենաշնորհներ են, այլեւս հնարավոր չէ զարգանալ հովանավորչության ճանապարհով, եթե մեկը վայելում է իշխանությունների համակրանքն ու աջակցությունը` չի նշանակում, թե նույնը կլինի հաջորդների օրոք, պետական ապարատի ծախսերն ուռճացված են, մեր ժողովրդի մի ստվար հատված դարձել է մուրացկան, վստահության ճգնաժամ կա եւ այլն: Ըստ Սամվել Բաբայանի` արցախյան հիմնախնդրի լուծումը հնարավոր կլինի միայն կողմերի ժողովրդավարացման դեպքում: Կարգավորման սկզբունքները կարող են լինել միջազգային հեղինակավոր կազմակերպության ներքո միջանկյալ ինքնիշխանությունը, Արցախի կամավոր վերաբնակեցումը, տնտեսական նախադրյալների ստեղծումն ու կարգավիճակի որոշումը հանրաքվեի միջոցով: Քանի որ մեր ժողովուրդն այլեւս չի հավատում ոչ մի ուժի, Ս. Բաբայանն առաջարկում է դաշինք, «Ուժ եւ միասնություն» կարգախոսով:

Ավելի ուշ լրագրողների հարցերին պատասխանելով` «Դաշինքի» ղեկավարը հստակեցրեց իր եւ կուսակցության դիրքորոշումները: «Ազգ»-ի հարցին` կենտրոնամետ, ընդդիմադիր, թե՞ իշխանամետ դաշտում է գործելու կուսակցությունը, Ս. Բաբայանը պատասխանեց. «Մենք մեր դաշտում ենք` ազատական քաղաքականություն, ժողովրդավարություն, տնտեսության եւ պետության զարգացում, ուժեղացում, հասարակության հարցերի լուծում, նման խնդիր չեմ դրել` «մետ» լինել»: Կուսակցությունը բոլոր ընտրություններին մասնակցելու է մենակ, դաշինք կազմելու է ժողովրդի հետ` նրա 80 տոկոսն անկուսակցական է, տարբեր հարցերի շուրջը կարող է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ` ովքեր ցանկություն ունեն: Անգամ կարող է հաշտարարի դեր ստանձնել մյուս կուսակցությունների միջեւ: Ս. Բաբայանը նախագահ չի պատրաստվում դառնալ, դրա համար նա իր «կեցվածքով շատ է ազատ». «Ես չեմ մտել Հայաստանի քաղաքական դաշտ` պաշտոն ունենալու: Ես իմ պատմությունն արդեն կերտել եմ, դրա կարիքը չունեմ: Եթե ոմանք ուզում են ջրի տակից նոր դուրս գալ` ես արդեն կայացած եմ»:

Ինչ ֆինանսական միջոցներով է գործելու կուսակցությունը. «Հայաստանում ես մեծ շրջապատ ունեմ, հո նոր չեմ եկել: Համենայն դեպս` մնացածների նման չեմ նստում-սպասում` Ամերիկայից, Ռուսաստանից, թե Եվրոպայից եմ ֆինանսավորվելու: Էնպես որ` մի հետաքրքրվեք, ես իմ հարցերը լուծել եմ»:

Լրագրողի դիտարկմանը, թե ելույթը հստակ չէր, փափուկ էր` Ս. Բաբայանը նկատեց. «Բայց ի՞նչ հարցում հստակ չենք: Ելույթը փափուկ չէ, եթե ձեզ պետք է հանրապետության նախագահին հայհոյենք` ուզում եք, հենց հայհոյեմ, բայց ես չեմ եկել, որ հայհոյեմ: Ամեն մարդ իր ունակությունների շրջանակում է, էդքան է մարդ մտածում, էդքան է կարում անի. ես էլ իմ մտածելակերպն ունեմ, ես էլ փորձելու եմ դրանով օգտակար լինել, հո ցեխ շպրտելով չի՞ հարցը լուծվում, անընդհատ ասելով` դու ես մեղավոր: Ինքն էլ կասի` դու ես սխալ: Դատավորն ո՞վ է, ես դատավոր չեմ: Ես առաջարկում եմ էն ծրագիրը, որը ես ճիշտ եմ գտնում` մեր հասարակությանը մատչելի ներկայացնելով. ինչքանով նա կընդունի մեզ` էդքանով էլ մենք մեր տեղը կգտնենք: Ես որեւիցե խնդիր չունեմ, դեռ 1999-ին եմ հայտարարել` Հայաստանի Հանրապետությունում չկա մարդ` ինձ հետ պայմաններով խոսի. սա բոլորիդ համար պարզ լինի` ինձ հետ որեւէ մեկը չի կարա պայմաններով խոսի, ինձ հետ կարան հավասար կիսվեն, որեւէ մեկը չի եղել եւ չի լինելու»: Մինչ այդ էլ դիտարկում էր հնչել, թե համագումարին չեն եկել այն կուսլիդերները, ովքեր կասկածներ ունեն` Ս. Բաբայանին կապելով հոկտեմբերի 27-ի հետ: Ս. Բաբայանը այդ կասկածները նրանց պրոբլեմը համարեց, իսկ չգալը կապեց քաղաքական դաշտի վերաձեւումների հետ. «Խնդիրը լուրջ է, որոշ կուսակցություններ պրոբլեմներ են ունենալու դաշտում, քանի որ պետք է վերաձեւում լինի, ուժերը տեղափոխվեն, առողջ ուժեր մտնեն գործի. սա է պրոբլեմը, բոլորը գիտեն իմ որեւէ կապ չունենալը հոկտեմբերի 27-ի հետ, ովքեր նման բան են մտածում, ուղղակի ապուշներ են», կոշտացավ Ս. Բաբայանը:

Համագումարը ողջունող այլ կուսակցությունների լիդերների խոսքից էլ շատ բան էր տեսանելի: ԱԺ փոխնախագահ Վ. Հովհաննիսյանը նոր կուսակցությանը ողջունեց որպես ՀՅԴ-ի հնարավոր կայուն ու վստահելի գործընկերոջ եւ դաշնակցի` ազգային խնդիրների լուծման, սոցիալական արդարություն հաստատելու գործում: Վ. Մանուկյանը ուրախացավ` նոր մարդիկ գուցե նոր ձեւով խնդիրները լուծեն եւ... տխրեց, քանի որ 6-7 մեծ կուսակցությունը Հայաստանի քաղաքական դաշտում բավական է: Հ. Խաչատրյանը ապագայի նկատմամբ հույսերի ավելացում արձանագրեց:

Մնացյալը` ըստ հետագա գործունեության:

Իսկ այսօր արդեն կհիմնադրվի Ալբերտ Բազեյանի ստեղծած «Ազգային վերածնունդը»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4