«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#206, 2005-11-12 | #207, 2005-11-15 | #208, 2005-11-16


ՆՈՐ ԳՈՒՅՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՐՏԵԶՈՒՄ

Հայաստանի քաղաքական քարտեզի սեւ-սպիտակ գույներին նոր երանգներ են ավելանում: Այն, ինչ Սամվել Բաբայանի եւ Ալբերտ Բազեյանի ստեղծած կուսակցություններից առաջ էր, այլեւս անցյալ է. մի ժամանակահատված ավարտվեց, իսկ մի նոր ժամանակահատված արդեն ճամփա է ընկել: Քաղաքական ուժերը, ուզեն թե չուզեն, պետք է հաշտվեն նոր իրավիճակի հետ եւ զորաշարժեր կատարեն հենց նոր իրողությունները հաշվի առնելով: Թվում է, թե Ս. Բաբայանի ստեղծած կուսակցությունն առավել մոտ է կանգնած իշխանություններին: Սակայն եթե հիշենք, որ այսօրվա թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ շատ գործիչներ ղարաբաղյան պատերազմի ընթացքում գործել են հենց նույն հրամանատարի գլխավորությամբ կամ համակարգմամբ, ապա պարզ է դառնում, որ նորաստեղծ «Դաշինքը» բավական անկանխատեսելի լիցքեր ունի իր մեջ, եւ նրա հայտնվելը քաղաքական դաշտում ակամա կարող է նոր սրբագրումներ կատարել: Հավանաբար հենց այնպես չասվեցին պահի տակ դուրս թռած Սամվել Բաբայանի խոսքերը` քաղաքական դաշտի սպասվող նոր վերաձեւումների մասին. դրանք երկար վերլուծությունների, քննարկումների ընթացքում երեւի ներքին համոզմունք էին դարձել, սակայն չէին ասվել «Դաշինքի» համագումարի դահլիճում, մինչդեռ լրագրողների ճնշման տակ ասվեցին: Նույն Բազեյանը նույնպես եղել է Բաբայանի զինակիցը, իսկ ինչպես հայտնի է` նախկին դիվանագետներ եւ հրամանատարներ չեն լինում. ռազմական իրավիճակում հրամանատարը զինվորի համար մինչեւ կյանքի վերջ հրամանատար էլ մնում է: Այնպես որ` որքան էլ Ս. Բաբայանը պնդի, թե «Դաշինքը» մենակ է գնալու բոլոր տեսակի ընտրություններին, կյանքն ուրիշ բան է թելադրելու, իսկ սպասվող առնվազն եւս երկու նոր կուսակցությունների մոտալուտ ստեղծումն արդեն ընդհանրապես կարող է խառնել իշխանության եւ ընդդիմության խաղաթղթերը, եւ 2007 թվականի ընտրություններին Հայաստանում կարող ենք ունենալ բոլորովին նոր քաղաքական իրավիճակ:

Զուգահեռ դիտարկելով Ադրբեջանի հետընտրական իրավիճակը, երբ նույնիսկ 20 հազարանոց ցույցը պատճառ չի դառնում Արեւմուտքի դիրքորոշման դույզն-ինչ փոփոխության, Հայաստանի քաղաքական ուժերը կարող են դասեր քաղել եւ Արեւմուտքի երկստանդարտ ժողովրդավարությունից հույսները կտրելով` ունեցած ռեսուրսի գույքագրում կատարել եւ նոր մոտեցումներ որդեգրել. ով մնաց 2002-2003-ի ընտրությունների գործելաոճի մեջ` պարտվելու է անվերադարձ եւ վերջնականորեն:

Իսկ թե ինչու էին Սամվել Բաբայանն ու Ալբերտ Բազեյանը մի տեսակ առաջ ընկնելով եւ անպայման հանրաքվեից առաջ հիմնադրում իրենց կուսակցությունները` մտածելու բան է: Ադրբեջանում մենակ մնացած ընդդիմության ներկա անհեռանկար վիճակը սովորեցնում է, որ Արեւմուտքը սիրուն աչքերի համար միայն թույլ ընդդիմություններին չի սատարի եւ նարնջագույն հեղափոխությունների չի գնա. Արեւմուտքը վստահ չէ, թե այդ դեպքում արագորեն կայունություն կհաստատվի տարածաշրջանի երկրներում եւ չեն տուժի տնտեսական ձեռնարկումները: Նրա համար օրինակ են մեր հարեւան Վրաստանի նոր իշխանությունները, որոնց ոչ բոլոր քայլերն են տեղավորվում ժողովրդավարության ընդունված գործելակերպի շրջանակներում. թարմ օրինակը հենց այժմ Վրաստանի խորհրդարանում քննարկվող քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծն է, որով հնարավոր է դառնալու քրեական գործի հարուցումն անանուն տեղեկությունների հիման վրա, իսկ դատավորները կարող են հատուկ որոշմամբ արգելել լրատվամիջոցների մուտքը դատարանի դահլիճ: Վրաստանի ներկա ընդդիմությունը «ժողովրդավարական» իշխանության այս եւ համանման մի շարք գործողություններ անվանում է 37 թվի ոգուն համահունչ եւ մարդու իրավունքների ոտնահարում:

Ակնհայտ է, որ առաջին դեմքերի փոփոխությունը բոլորովին էլ ավտոմատ կերպով ժողովրդավարություն չի առաջացնում, ժողովրդավարական հեղափոխությունը պետք է կատարվի, ինչպես ասում են, նախ եւ առաջ մարդկանց հոգիներում, հասարակության հոգեբանության մեջ: Այսինքն` Հայաստանում հազիվ թե հանրաքվեի այս կամ այն արդյունքը քաղաքական իմպուլս դառնա նարնջագույն հեղափոխություն երազողների համար: Հավանաբար այս երկու նորաստեղծների դեպքում` («Դաշինքի» եւ «Ազգային վերածնունդի») մյուս նոր ստեղծվելիք կուսակցություններից առաջ անցնելու պարզ հաշվարկ է:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4