«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2005-11-17 | #210, 2005-11-18 | #211, 2005-11-19


ԲԳՎ ԾՐԱԳԻՐՆ ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԳՈՐԾՈՒՄ Է

Հավաստում են տեղի պատասխանատուները

Երկրաշարժից անօթեւան ընտանիքներին բնակարանի գնման վկայագրերի տրամադրման այս տարի Գյումրիում իրականացվող կառավարական ծրագիրը, որի համար պետական միջոցներից հատկացվել է 1 մլրդ դրամ, բազմիցս քննադատության է ենթարկվել երկու հիմնական պատճառով: Մեկՙ որ քաղաքում դեռեւս հազարավոր անօթեւան ընտանիքների առկայության պարագայում միայն բնակարանների գնմամբ, առանց դրանց զուգահեռ կառուցման դժվար է պատկերացնել խնդրի արմատական լուծում թեկուզ առաջիկա 2-3 տարիների ընթացքում: Երկրորդՙ սկզբից եւեթ ակնհայտ էր, որ այդ վկայագրերի սահմանված արժեքները, չնայած քաղաքում բնակարանների գործող շուկայական գների վկայակոչմանը, իրականում այդ գներից կրկնակի ու եռակի ցածր են... Այնուամենայնիվ ծրագիրն ինչպե՞ս է ընթանում, եւ խնդիրն ինչպես են գնահատում տեղի պատասխանատուները: Այս հարցով դիմեցինք Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանին:

Ըստ սահմանված կարգիՙ ԲԳՎ շահառուներ կարող էին լինել մինչեւ 2004 թ. մարտի 1-ը վերահաշվառված, երկրաշարժից անօթեւան այն ընտանիքները, ովքեր նախկինում նման որեւէ ծրագրի մասնակից չեն եղել: Ինչպես նշեց պրն Մարգարյանը, քաղաքում մինչեւ նշված ժամկետը վերահաշվառվել է 2803 անօթեւան ընտանիք, որոնցից նախնական տվյալների հիման վրա այս ծրագրին մասնակցելու իրավասու է համարվել 1674-ը: Այս ընտանիքներին բոլորին ուղարկվել է համապատասխան գրավոր ծանուցում: Նրանցից 402-ը հենց սկզբից, իսկ 57-ը ընթացքում հրաժարվել են ծրագրին մասնակցելուց, իսկ մասնակցության եւ վկայագրեր ստանալու համար դիմել է 494 ընտանիք: Մինչեւ այժմ բնակարանի գնման վկայագրեր են տրամադրվել 182 ընտանիքների, եւս 171-ի վկայագրերը պատրաստ են եւ կհանձնվեն այս օրերին: Քաղաքաշինության վարչության պետի հավաստմամբՙ արդեն 60 ընտանիք գտել է բնակարան եւ սկսել կամ արդեն ավարտել է (մոտ 30 ընտանիք) առուվաճառքի գործարքը: Արդյոք այդ բնակարանները վկայագրերի արժեքո՞վ են գնվել, թե բնակիչները գումար են ավելացրելՙ այս մասին հավաստի տեղեկություններ չկան:

Ալբերտ Մարգարյանի գնահատմամբՙ եթե արդեն այդքան բնակարան գնվել է, ուրեմն ծրագիրը գործում է եւ պետք է դրական համարվի: Այլ բան է, թե որքան է դրա արդյունավետության աստիճանը: Իրենք հավանաբար առաջարկություն կներկայացնեն, որ եկող տարի, երբ նույն նպատակի համար բյուջեով նախատեսված է եւս 875 մլն դրամ, ԲԳՎ-ների գները լինեն դինամիկ եւ ավելի ճիշտ արտացոլեն շուկայի իրավիճակը: Եվ լավ կլինի, որ զուգահեռաբար նաեւ բնակարանային շինարարություն իրականացվի: Առաջարկվում է ԲԳՎ-ներ տրամադրել նաեւ մարզի գյուղական բնակավայրերի անօթեւան ընտանիքներին:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4