«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2005-11-18 | #211, 2005-11-19 | #212, 2005-11-22


750 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ ՀՕԳՈՒՏ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

«Արմավիրի շրջանի հինգ հազար բնակչություն ունեցող Քարակերտ գյուղը արմատապես փոխվել էր մեկ տարվա ընթացքում: Լքված ու հուսահատ մի տեղանքից վերածվել է արդիական բոլոր հարմարություններով օժտված մի երազային վայրի:

Երեխաները նորոգված դպրոցներում են, պոլիկլինիկաները վերապատրաստված մասնագետներով ապահովված են, նորածինների մահացության դեպքերը նվազել են, իսկ ծնելիությունըՙ ավելացել: Տնտեսությունը վերակենդանացել է, բացվել են նոր աշխատատեղեր: Դրությունը այնքան է լավացել, որ սփյուռքահայերը հողատարածք են գնում այստեղ», նշել է «Հայաստանի երեխաները» հիմնադրամի (ՀԵՀ) նախագահ դոկտ. Կարո Արմենը մեկնաբանելով «Հույսի տիպար օրինակ» ֆիլմը, որը ցուցադրվել է Նյու Յորքի Սբ. Ռեգիս հյուրանոցում հոկտեմբերի 20-ին ավելի քան 250 հոգու ներկայությամբ, որոնք եկել են պատվելու Իզմիրլյան, Մանուկյան Սիմոն, Փակումյան հիմնադրամների եւ Կարլ եւ Մերի Աննաբերգ բարեգործներին, իրենց առատաձեռն նվիրատվությունների համար ի նպաստ ՀԵՀ-ի եւ Հայաստանի երեխաների ապագայի:

Գալա երեկոն, որը կազմակերպվել է, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի նոյեմբերի 12-ի համարի, նշելու Քարակերտը վերականգնելու ծրագրի հաջող ավարտը, պատվել են իրենց ներկայութամբ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Արամ Մարտիրոսյանը, «Ֆորբս» ինկորպորացիայի նախագահ Սթիվ Ֆորբսը, Իզմիրլյան հիմնադրամի փոխնախագահ Ժակ Սարգսյանը, Կարնեգի հիմնադրամի նախագահ Վարդան Գրիգորյանը, ՀԵՀ-ի պատվավոր նախագահ Լարրի Ֆինբերգը, Մասաչուսեթսի նախագահի ներկայացուցիչ Պիտեր Քութուջյանը, MSNBC հեռուստաընկերության հաղորդավարուհի Ալեքս Ուիթը եւ ճանաչված դաշնակահար Շահան Արծրունին:

Երեկոյի ընթացքում հավաքվել է 750 հազար դոլար, որը ծառայելու է Հայաստանում գյուղական այլ վայրեր վերակենդանացնելուն:

Օրվա գլխավոր բանախոս Ֆորբսը հատկապես ընդգծել է, որ բռնատերերը կարող են ոչնչացնել մարդկանց, բայց ոչ ոգին: «Հայ ժողովուրդը կարող է խորհրդանիշ ծառայել այդ իմաստության» նշել է նա:

Հաղորդավարուհի Ուիթը գովասանական խոսքերով է անդրադարձել Կարո Արմենին, որը 2003 թվականին այցելելով Հայաստան եւ տեսնելով իրավիճակը Քարակերտում` անմիջապես որոշում է գործի անցնել եւ բարելավել դրությունը:

Երեկոյի ընթացքում շնորհակալական հատուկ խոսքեր են ուղղվել Սինթիա եւ Լարի Ֆինբերգներին, որոնք մեկ տարի առաջ 1 միլիոն դոլար են նվիրել ՀԵՀ-ին, եւ բոլոր մյուս բարեգործներին: Վերջում դաշնակահար Շահան Արծրունին ներկաներին մատուցել է Ա. Խաչատրյանի ստեղծագործությունները:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4