«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#212, 2005-11-22 | #213, 2005-11-23 | #214, 2005-11-24


ԲԱԼԱՔՅԱՆԸ ԶԱՐԱՔՈԼՈՒԻՆ ԷԼ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

Նոյեմբերի 11-ին Նյու Յորքի «Ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտը» պարգեւատրեց Փիթեր Բալաքյանին Ռաֆայել Լեմկինի անվան մրցանակով իր «Այրվող Տիգրիսը» վեպի համար, հաղորդում է «Գլոբալհայ» լրատվական ծառայությունը: Մրցանակը նվիրվում է «Ցեղասպանության, մարդու իրավունքների լուրջ խախտումների եւ ոճրագործությունների կանխման» թեմայի շուրջը անգլերենով գրված լավագույն գիտական ուսումնասիրությանը:

Նյու Յորքի Ջոն Ջեյի անվան քրեական արդարադատության բարձրագույն դպրոցում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը ներկա էր Ստամբուլի «Բելգե» հրատարակչատան տնօրեն Ռագըփ Զարաքոլուն, որը վերջերս լույս էր ընծայել Բալաքյանի 1997-ին գրված «Ճակատագրի սեւ շունը» հուշագրությունների գիրքը: Բեմի վրա ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն Հելեն Ֆեյնից մրցանակը ստանալու պահին նրան նկատելովՙ Բալաքյանը անակնկալ մատուցեց ներկաներին, բեմ հրավիրելով թուրք հրատարակչին եւ հայտարարելով, որ «մրցանակը կիսում է նրա հետ»: «Մոտ 30 տարի նա բացառիկ խիզախություն եւ հանդգնություն է ցուցաբերել Թուրքիայում հրատարակվող «տաբու» համարվող նյութերի շուրջը գրքեր հրատարակելով, որոնց մեծ մասը պարունակում են փոքրամասնություններիՙ հայերի, հրեաների եւ քրդերի ողբերգական պատմությունները», ասաց նա: Չեմ պատկերացնում, որ Լեմկինի անվան մրցանակին նրանից ավելի արժանի մեկը գտնվի»:

Պրն Զարաքոլուն պատասխան խոսքում շնորհակալություն հայտնեցՙ ասելով. «Ինձ մեծ պատվի եք արժանացնում: Մեծարված եմ զգում ինձ այս առիթով»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4