«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2005-11-24 | #215, 2005-11-25 | #216, 2005-11-26


«ԷԹԵ՛Լ, ԴՈՒ ՊՈԵՏ ԵՍ»

Ստորեւ ներկայացվող այս հատվածով ավարտում ենք Գորկու ստեղծագործությունների վերլուծությանը նվիրված Էթել Շվաբախերի ընդարձակ էսսեն, որը նա գրել է Ուիթնի թանգարանի խնդրանքովՙ Գորկու հիշատակին նվիրված 1951 թվի հունվարի 5-ին Նյու Յորքում բացված հետմահու առաջին ցուցահանդեսի առթիվ հրատարակված ալբոմի համար:

Ուիթնի թանգարանըՙ հանձինս Լոյդ Գուդրիչի (մինչեւ 1958-ը վերլուծաբան-համակարգող, ապա թանգարանի տնօրեն, մենագրությունների հեղինակ եւ 20-րդ դարի ռեալիստական արվեստի ջատագով) եւ մասնավորապես Էթել Շվաբախերի, ըստ նրանց մասին հրատարակված նյութերի, եղել են այն երկու գլխավոր ազդակները, որոնք բառիս բուն իմաստով կերտել են Արշիլ Գորկի արվեստագետին: Բացի Գորկուն աշակերտելուց եւ արվեստագետներից նրան ամենամոտիկը լինելուց, Էթելը, իր ամուսնուՙ Վոլֆգանգի հետ ամենանվիրյալ «հոգաբարձուն» է եղել: Նա է Գորկու մեջ տեսել ստեղծագործելու եզակի ջիղը, հավատացել նրա ընդունակություններին եւ ամեն կերպ թիկունք կանգնելովՙ խթանել նրա առաջընթացը դեպի կատարելություն: Ահա այս իմաստով է մեծ նրա դերը Գորկու կյանքում:

Նյու Յորքում ծնված, հարուստ հրեա ընտանիքի զավակ Էթել Քրամերը չափազանց ազատ մտածողությամբ, բոհեմյան կյանք վարող անձնավորություն է եղել: 1920-ական թվերին Ֆրանսիայի հարավային շրջաններն է տեղափոխվել նկարչություն ուսումնասիրելու նպատակով, շրջագայել է Եվրոպայով մեկ: 1930-ականների սկզբին Նյու Յորք վերադարձին հանդիպել է «Հեյզ, Վուլֆ, Քոֆման եւ Շվաբախեր» իրավաբանական ֆիրմայի երիտասարդ բաժնետեր Վուլֆգանգին եւ 1935-ին ամուսնացել նրա հետ: Թեեւ Էթելը առաջին անգամ հանդիպել է Գորկուն 1928-ին «Գրանդ Սենտրալ» արվեստի դպրոցում սովորող մի ընկերոջ միջոցով, սակայն Փարիզից վերադառնալուց հետո է, որ առավել մոտիկից է ճանաչել նրան: Եղել է նաեւ Ագնեսի (Գորկու կնոջ) մտերիմ ընկերուհին: Էթելը տեսել է Գորկու վրձնած ամեն մի նկար: Գորկին էլ իր հերթին հետեւել է Էթելի կտավներին: Իր այս մտերմությունն Էթելը փոխանցել է նաեւ ամուսնուն, որը հաջողակ գործարար լինելով` միշտ չափազանց առատաձեռն է եղել Գորկու նկատմամբ, անընդհատ տարբեր ուղիներ որոնելով նյութական օժանդակություն ցուցաբերելու նրան, առանց զգացնել տալու, որպեսզի հանկարծ չվիրավորի նրա արժանապատվությունը: 1946-ին, օրինակ, նրան հաջողվել է 1000 դոլարի գրանդ ձեւակերպել «Նյու լենդ ֆաունդեյշն» կազմակերպությունից, որը հիմնված էր օգնելու Երկրորդ աշխարհամարտի փախստականներին: Վուլֆգանգը օգնել է նաեւ լուծելու Գորկու իրավական խնդիրները: Իսկ առավել անմիջական օգնության ձեւերից մեկը եղել է նրանից նկարներ գնելը: Շվաբախերները Գորկու կտավների անհատական հավաքածո են ունեցել, որոնց մի մասը հետագայում նվիրել են Ուիթնի թանգարանին: 1930-ական թվերի տնտեսական ճգնաժամի ծանր տարիներին առանց այդ մարդկանց (Շվաբախերների, Գուդրիչի կողքին նաեւ մի քանի ուրիշ նվիրյալների) նյութական եւ բարոյական աջակցության, Գորկին դժվար թե կարողանար հաղթահարել թշվառությունը եւ ոտքի կանգնելՙ հասնելու համար համընդհանուր ճանաչման բարձրագույն աստիճանի: Այդ մարդիկ փաստորեն դարձել են այն «հիմնաքարը», որի վրա ամուր կարողացել է կանգնել Գորկին: Շվաբախերը իր գրություններում նշում է. «Ամեն անգամ դռան զանգը լսելիս նա (Գորկին) ցնցվում էր, կարծելով, որ տանտերն է եկել վարձը պահանջելու: Սովորաբար բավականաչափ գումար չուներ ե՛ւ սնվելու, ե՛ւ նկարչական պիտույքներ գնելու, այնպես որ տան վարձը ընդհանրապես հարցից դուրս էր: Տան անկյունի խանութից դոնաթս եւ սուրճ էր գնում երբեմն, իսկ ճաշին հաճախ մեզ մոտ էր գալիս, բայց զգում էի, որ վարանումով է ուտում, որովհետեւ հավատացած էր, որ սոված լինելը արժանապատիվ բան չէր: Ես փորձում էի անտեսել եւ ոչ մի ակնարկ չանել այդ մասին»: Շվաբախերները փորձել են ընդարձակել Գորկու համակիրների շրջանակըՙ նրա նկարներն ընդգրկելով ցուցահանդեսների մեջ: Այդ իմաստով Ուիթնի թանգարանը նույնպես գնահատանքի արժանի է, քանի որ միակն է եղել, որ 1935-ից սկսած, չնչին բացառությամբ, ամեն տարի մինչեւ 1948-ը Գորկու նկարները ընդգրկել է իր տարեկան ցուցահանդեսներում կամ բիենալեներում: Բայց Գորկու ողբերգական մահվանից հետո թանգարանի ցուցաբերած ուշադրությունն է, որ առավել գովելի է: 1951-ին Ուիթնին առաջինն էր, որ մտահղացավ հետահայաց ցուցահանդես կազմակերպել, իսկ վեց տարի հետո հրատարակեց Էթել Շվաբախերի գրած առաջին խոշոր մենագրությունը Գորկու մասին: Մյուս թանգարանները մերժել են կազմակերպել հետահայացըՙ վախենալով, որ չի արդարացնի իրեն: Բայց հետագայում խոստովանել են, որ սխալվել են:

Ի դեպ, մենագրության մասին Էթելին առաջին անգամ ամուսինըՙ Վուլֆգանգն է հուշել, ակնարկելով գրել Ջոն Մարինի ստեղծագործությունների մասին: Էթելը, սակայն, ընտրել է Գորկուն, որովհետեւ նրան ավելի լավ էր ճանաչում եւ հավատացած էր, որ առավել տաղանդավոր է եւ արժանի առավել մեծ ճանաչման: Դիմել են Գուդրիչին, որը ոչ միայն հավանություն է տվել, այլ մեծապես օգնել Էթելին գրությունը խմբագրելու գործում: Իսկ երբ Էթելն իր մտադրության մասին հայտնել է Գորկուն, վերջինս գտնելով, որ նա միակն է, որ այդ գործը կարող է գլուխ բերել, բացականչել է. «Էթե՛լ, դու պոետ ես»:

Մենք, որ միշտ երախտագիտական զգացումներով ենք գնահատել մեր հանդեպ բարյացակամ վերաբերմունք ցուցաբերողներին, ցավոք, մինչեւ օրս չենք կարողացել արժանին մատուցել Էթելին, Գուդրիչին եւ նրանց նմաններին: Նոր ժամանակները, նոր մտածողությունը եւ, անշուշտ, Գորկու հարյուրամյակը, հավանաբար, ամենահարմար առիթն են այդ բացը լրացնելու: Թող, ուրեմն, այս հայերեն թարգմանությունն էլ նրանց հանդեպ երախտիքի արտահայտություններից մեկը լինի:

Եվ, վերջապես, խոսելով երախտագիտության մասին, շնորհակալական խոսք ունեմ հղելու այս առթիվ Հայաստանի Ամերիկյան համալսարանի գրադարանի վարիչ Սաթենիկ Ավագյանի եւ նույն գրադարանի աշխատակցուհի Հասմիկ Գալստյանի հասցեին, որոնց հետեւողական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ Մ. Նահանգների հեռավոր գրադարաններից մեկում հայտնաբերել Էթել Շվաբախերի դիմանկարը, որն այս համարով ներկայացնում ենք ընթերցողներին:

ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4