«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#215, 2005-11-25 | #216, 2005-11-26 | #217, 2005-11-29


ՇԻՐԱԿՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՑՈՒՑԱՆԻՇ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ

Ըստ նախնական տվյալներիՙ Շիրակի մարզի շուրջ 210 հազար ընտրողներից սահմանադրական հանրաքվեին մասնակցել է 136,3 հազարը կամ քվեարկության իրավունք ունեցողների ընդհանուր թվի 63,8 տոկոսը: Նրանցից 126,7 հազարը կամ 92,9 տոկոսը կողմ են քվեարկել առաջարկվող բարեփոխումներին: «Ոչ» քվեարկածները կազմել են ընդամենը 5,6 տոկոս: Ինչպես ամբողջ հանրապետությունում, այստեղ եւս առավել ակտիվություն է արձանագրվել գյուղական ընտրողների շրջանում:

Հետաքրքրական է, որ հանրաքվեին մարզի ընտրողների մասնակցության նշված ցուցանիշը, որը մոտ է հանրապետական միջինին, անհամեմատ բարձր է մեկ ամիս առաջվա ՏԻՄ ընտրություններում գրանցված համապատասխան ցուցանիշից: Այն ժամանակ թեեւ ընտրազանգվածի ակտիվության հարցում անձնապես շահագրգռված էին համայնքապետի ու ավագանու անդամության մեծ թվով թեկնածուներ իրենց «թիմերով» ու համակիրների շրջանակով, մարզը ընտրողների 43,6 տոկոս մասնակցությամբ հանրապետությունում վերջիններից էր: Հանրաքվեին գրեթե մեկուկես անգամ ավելի ակտիվության արձանագրված ցուցանիշը նաեւ այս իմաստով շատերի տարակուսանքն է հարուցել:

Ուշադրության արժանի է եւս մի հանգամանք: Այս անգամ շատ դժգոհություններ չեղան մեր բոլոր ընտրությունների յուրատեսակ «աքիլլեսյան գարշապարը» դարձած ընտրացուցակներից: Կամ դրանք այս մի ամսում շատ էին բարելավվել, կամ ընտրողների մի մասը քվեարկության իրավունքը վերականգնելու հարցում մեծ շահագրգռություն հանդես չէր բերել: Թերեւս առաջին անգամ Գյումրիում եւ ոչ մի ընտրող այդ հարցով չէր դիմել դատարան:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4