«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#217, 2005-11-29 | #218, 2005-11-30 | #219, 2005-12-01


ԻՐԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐ ՄՈԹԹԱՔԻՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ Է

Երեկ երկօրյա աշխատանքային այցով Անկարա է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին: Նա ուղեւորվելուց առաջ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում հայտարարել է, որ Թուրքիան Իրանի բարեկամն է, իր այցելությունը լավ առիթ է երկկողմ հարաբերությունների վերանայման համար, եւ ավելացրել. «Իրանն ու Թուրքիան տարածաշրջանի կարեւորագույն երկրներից են, ունեն լուրջ դերակատարում տարածաշրջանային համագործակցության ոլորտում»:

Ժամանելով Անկարա, Մոթթաքին արտահայտվել է Թուրքիայի հետ հարաբերությունները բազմակողմանի զարգացնելու իրանական կառավարության պատրաստակամության մասին, նշել է երկու հարեւան երկրների շահերի ու մտահոգությունների ընդհանրությունը եւ, նկատի ունենալով Իրաքում ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան բավարար ուժ ունեն հաղթահարելու տարածաշրջանում առկա ճգնաժամերը:

Նույն օրը Մանուչեհր Մոթթաքին հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի հետ: Այցի ծրագրում նախատեսված է, որ Իրանի արտգործնախարարին ընդունեն նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը, Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի նախագահ Բյուլենթ Արընչը եւ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Մոթթաքին միաժամանակ կհանդիպի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի եւ նախկին վարչապետներ Բյուլենթ Էջեւիթի եւ Նեջմեթդին Էրբաքանի հետ:

Իրանի արտգործնախարար Մոթթաքիի Թուրքիա կատարած այցի մասին տեղեկացրել է թուրքական հանրային հեռուստատեսությունը, իսկ CNN-Turk-ը հավելել, որ նա հայտնի է պահպանողական հայացքներով: Ի դեպ, 1986-89 թթ. Մոթթաքին զբաղեցրել էր Թուրքիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի պաշտոնը եւ պաշտոնավարության ընթացքում արած կոշտ հայտարարությունների համար հռչակվել «անցանկալի անձ»:

Հատկանշական է, որ Մոթթաքիի այցը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Մ. Նահանգները պատրաստվում է Իրանի հետ երկխոսության: Սա կարեւոր է ինչպես Իրանի, այնպես էլ Թուրքիայի, առավեւ եւս Մոթթաքիի համար, որովհետեւ անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում ե՛ւ այցի հաջողության, ե՛ւ թուրք-իրանական հարաբերությունների զարգացման համար այն առումով, որ երկու երկրների մերձեցումը մինչ այդ բախվում էր պաշտոնական Վաշինգտոնի հակազդեցությանը:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4