«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2005-12-01 | #220, 2005-12-02 | #221, 2005-12-03


ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԽՈՒԶԱՐԿՈՒԹՅԱՆԸ

«Նոր ստեղծված օմբուդսմենների ինստիտուտի ուժեղացում» ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 1-ը Պրահայում անցկացված 6-րդ եզրափակիչ կլոր սեղանի մասնակից Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հերթական հանդիպումը նվիրված էր խտրականության խնդրին եւ մարդու իրավունքների պաշտպանների ու դատարանների հարաբերություններին: Քննարկումներում մեծ տեղ է հատկացվել նաեւ փորձի փոխանակմանը, քանի որ բացի ԱՊՀ-ի երկրներից, կլոր սեղանին մասնակցել են Արեւմտյան Եվրոպայի, Բալթյան երկրների եւ Ասիայի երկրների օմբուդսմենները:

Բնականաբար, լինելով Հայաստանից դուրս, մարդու իրավունքների պաշտպանը չէր կարող անմիջականորեն հետեւել հայաստանյան վերջին զարգացումներին, սակայն նույնիսկ այստեղ` Պրահայում հնարավորինս փորձում է տեղեկանալ այդ իրադարձություններին: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին նա արդեն իր կարծիքը հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի միջոցով, իսկ մենք խնդրեցինք պատասխանել այն հարցին, թե մարդու իրավունքների պաշտպանը ինչպես պետք է անդրադառնա Րաֆֆի Հովհաննիսյանի խուզարկության միջադեպին:

«Ես չեմ կարող այժմ կարծիք հայտնել, թե իրականում ի՞նչ է կատարվել եւ ի՞նչ իրավունքներ են ոտնահարվել կամ, Աստված մի արասցե, Րաֆֆի Հովհաննիսյանն այդ ի՞նչ օրենքներ է փորձել ոտնահարել, ասաց տիկին Ալավերդյանը: Բայց որ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ղեկավար է, այլեւ խարիզմատիկ առաջնորդ, մեր անկախ հանրապետության առաջին արտգործնախարարը, անշուշտ դա արդեն հիմք է, որ այդ փաստը համարվի հասարակական հնչեղություն ստացած գործ: Սա այն հիմքն է, որով մարդու իրավունքների պաշտպանը, մինչեւ անգամ չունենալով անձնական դիմում իր իրավունքները ոտնահարված անձից, կարող է տվյալ գործը սեփական նախաձեռնությամբ քննարկման վերցնել: Դա բաղկացած է մի քանի փուլից` հարցում պատկան մարմիններին եւ հարցում անձին: Եվ եթե անձը իրավունք ունի նույնիսկ մեզ չպատասխանելու, ապա պետական մարմիններն այդ իրավունքը չունեն: Այդ բացատրությունները ստանալուց հետո մենք կհանդիպենք, կուսումնասիրենք եւ կտանք մեր որոշումը: Եթե հայտնաբերենք մարդու իրավունքների ոտնահարում, ապա կառաջարկենք ոչ միայն ոտնահարված իրավունքները վերականգնել, այլեւ պետական մարմնի ներկայացուցչին կարգապահական տույժի ենթարկել եւ մինչեւ իսկ տուժողին փոխհատուցում տալ: Ցավոք Հայաստանում դրա պրակտիկան դեռեւս չկա»:

Տիկին Ալավերդյանն իբրեւ օրինակ բերեց այն դեպքը, երբ 6 տարի անմեղ դատապարտված եւ բանտից դուրս եկած մարդուն փոխհատուցում տալու չափը ֆինանսների նախարարությունը վիճարկում է, պատճառաբանելով, թե պետությունը ազատազրկման տարիներին նրա վրա գումար է ծախսել բանտում:

Հաշվի առնելով, որ վերջին ամիսներին հայաստանյան հեռուստաընկերություններն ուղղակի շրջափակման են ենթարկել մարդու իրավունքների պաշտպանին, հարցրեցինք, թե արդյոք երկրի իշխանությունները չե՞ն ճնշում իր ակտիվ գործունեությունը: Տիկին Ալավերդյանը նշեց, որ մինչեւ հիմա երկրի առաջին դեմքերից որեւէ ուղղակի ճնշում չի զգացել եւ ինքը շատ բարձր է գնահատում դա: Իսկ ինչ վերաբերում է լրատվական շրջափակմանը կամ մամուլի քննադատություններին, ապա դրանց շատ հանգիստ է վերաբերվում, որովհետեւ այդ «պատվերով համերգների» ժամանակը վաղուց անցել է:

Հայաստանի քաղաքացիները` լինեն պաշտոնյա թե անպաշտոն, պետք է լավ գիտակցեն, որ մարդու իրավունքներից ու արժանապատվությունից ավելի բարձր չափանիշ չկա, ասաց մեր զրուցակիցը:

Այժմՙ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո, նոր դրույթների ուժի մեջ մտնելուց 30 օր անց մարդու իրավունքների պաշտպանը պետք է նոր հաստատում ստանա Ազգային ժողովից: Առայժմ դժվար է ասել, թե արդյոք տիկին Ալավերդյանը կմնա՞ իր պաշտոնում:

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի կայացման, արտասահմանյան երկրներում ապրող Հայաստանի քաղաքացիների իրավունքների եւ այլ խնդիրների շուրջը մեր ամբողջական զրույցը կարող եք կարդալ «Օրեր» ամսագրի առաջիկա համարում:

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4