«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2005-12-03 | #222, 2005-12-06 | #223, 2005-12-07


ԵՐԵՔ ԽՈՒՄԲ ԽՆԴԻՐՆԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ինչ չափով են դրանք լուծված ու լուծվում այսօր

Սեյսմիկ պաշտպանության ոլորտում այն սխալների ու բացթողումների մասին, որոնք 88-ի դեկտեմբերին մեծամասշտաբ ավերածությունների եւ տասնյակ հազարավոր մարդկային զոհերի հիմնական պատճառ դարձան, շատ է խոսվել: Դրանք, ինչպես «Ազգի» թղթակցի հետ զրույցում մեկ անգամ եւս նշեց ՍՊԱԾ հյուսիսային բաժանմունքի տնօրեն, պրոֆեսոր, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը, բաժանվում են երեք խմբի:

1. Սեյսմիկ վտանգի գնահատման ոլորտում եղած բացթողումներ, որով հանրապետության տարածքում այդ վտանգը թերագնահատված էր 1-3 բալով:

2. Շենքերի նախագծման, շինարարության եւ շահագործման ժամանակ թույլ տրված սխալներ, որոնք հատկապես բարձրահարկ շենքերում բերել էին սեյսմակայունության նվազման:

3. Աղետին արագ արձագանքման գործում օպերատիվության եւ արդյունավետության ցածր մակարդակը հատկապես առաջին երեք օրերին, որոնք անտեղի զոհերի ու մարդկանց խեղումների պատճառ դարձան:

Որքանով են լուծված այս երեք խումբ խնդիրներն այսօր, եւ երկրի սեյսմիկ անվտանգության ապահովման գործում ինչ է փոխվել 88-ից ի վեր: Ընդհանուր գծերով ներկայացնելով անցած 17 տարում ձեռնարկված քայլերը, պրն Նազարեթյանը որպես առավել կարեւորը նշեց հետեւյալը: Նախ, ինչպես ՍՊԱԾ-ի, այնպես էլ ԳԱԱ համակարգի ինստիտուտների կողմից կազմված են հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի գնահատման 1:500 000 մասշտաբի քարտեզներ, որոնք բավականին օբյեկտիվ արտացոլում են այդ վտանգի իրական մակարդակը:

Այդ քարտեզները գիտության զարգացմանը եւ նոր փաստական նյութերի կուտակմանը զուգընթաց առավել ճշգրտվում են: Թե՛ Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո եւ թե՛ հատկապես վերջին երկու տարում իշխանությունները բավական լուրջ ուշադրություն են նվիրում հանրապետության բնակավայրերի, հատկապես քաղաքների տարածքների սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզներ կազմելուն: Վերջին 2 տարում տարբեր մասնագիտական կազմակերպություններ կազմել են 20-ից ավելի քաղաքների, այդ թվումՙ Երեւանի, Գյումրու, Վանաձորի սեյսմիկ միկրոշրջանացման քարտեզներ, որոնք դրվում են քաղաքների գլխավոր հատակագծերի հիմքում: Փաստորեն նշված առաջին խումբ բացթողումների հաղթահարման ուղղությամբ կատարված են լուրջ դրական քայլեր:

Թերությունների երկրորդ խմբի ուղղությամբ եւս բավական քայլեր կատարված են, սակայն անելիքները դեռ շատ-շատ են: ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջինը 1994 թ. ունեցավ իր պայմաններին ավելի մոտ սեյսմակայուն շինարարության նորմեր: Այսօր արդեն այդ նորմերը վերանայվել են եւ ներկայացվել հաստատման: Խստացվել են շինությունների նախագծման պահանջները: Սկսած շենքի տեղի ընտրության հարցից, տեղի սեյսմակայունության պայմաններից, վերջացրած շինարարության նախագծերովՙ բոլորը ենթարկվել են լուրջ փոփոխությունների: Հատկապես բազմահարկ շենքերի շինարարության ժամանակ իրականացվում է տեխնիկական հսկողություն. շինարարության անկախ տեխնիկական հսկիչը հետեւում է, որ շինանյութերը համապատասխանեն պահանջվող ստանդարտներին, ապահովվի շինարարության որակը եւ, վերջապես, թույլ չտրվեն շինարարական շեղումներ արդեն հաստատված նախագծից: Անցած տարիներին տեխնիկական հսկիչի այս ինստիտուտը հատկապես «Լինսի» հիմնադրամով իրականացված մեծածավալ շինարարության ժամանակ լուրջ փորձաքննություն է անցել:

Սպիտակի երկրաշարժը ցույց տվեց, որ բավական մեծ քանակի բազմահարկ շենքերի փլուզման պատճառը շենքերի շահագործման ժամանակ ապօրինի ձեւափոխությունները, չմտածված գործողություններն էին, որոնք հանգեցրել էին կառույցների սեյսմակայունության թուլացման: Դժբախտաբար այս խնդիրներն այսօր, հատկապես բնակելի շենքերի մասնավորեցումից հետո, իրենց բավարար լուծումները չեն գտել:

Այս խմբի ամենածանր ոլորտը, որը պահանջում է կապիտալ մեծ ներդրումներ եւ ժամանակ, մինչ Սպիտակի երկրաշարժը կառուցված թույլ սեյսմակայունությամբ շենքերի ամրացում-վերականգնումն է սեյսմիկ վտանգի նոր մակարդակին համապատասխան: Խոշոր բնակավայրերի համար այս գործը պետք է սկսվի բազմահարկ շենքերի անձնագրավորումից, ուր հաշվի պետք է առնվեն շենքի տարածքի սեյսմիկ պայմանները, շենքի իրական տեխնիկական վիճակը, նախագծային վտանգի հաշվառման չափը եւ այլ հանգամանքներ, որից հետո պետք է մտածել տվյալ շենքի ամրացման, ուժեղացման մասին:

Այս տարիներին մի շարք կարեւոր քայլեր կատարվեցին նաեւ երրորդ խումբ խնդիրների լուծման ուղղությամբ: Նախ ստեղծվեցին Արտակարգ իրավիճակների վարչությունը եւ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը, որոնք համակարգում են ոլորտի աշխատանքները: Հայաստանն ունի բավական լավ փրկարարական ջոկատներ: Բարձրացել է աղետից հետո առաջին բուժօգնություն ցույց տալու մակարդակը եւ այլն: Ընդունվեցին ՀՀ սեյսմիկ պաշտպանության մասին եւ արտակարգ իրավիճակների մասին օրենքները, որոնք կանոնակարգում են այս ոլորտի աշխատանքները: Մշակվեցին ՀՀ տարածքում եւ Երեւան քաղաքում սեյսմիկ ռիսկի նվազեցման երկարաժամկետ պետական ծրագրերը: Դժբախտաբարՙ 1999 թ. հաստատված այդ ծրագրերը ֆինանսավորման սղության պատճառով արդյունավետ չեն իրականացվում: Պրն Նազարեթյանն ավելացրեց, որ զգալիորեն բարձրացել է նաեւ սեյսմիկ պաշտպանության հարցում բնակչության իրազեկվածության մակարդակը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4