«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#224, 2005-12-08 | #225, 2005-12-09 | #226, 2005-12-10


ՀՈՒՇԱՐՁԱՆՆ ԷԼ ԻՐ ՃԻՇՏ ՏԵՂՈՒՄ Է ԼԱՎ

Իսկ Բագրատունյաց փառքի կոթողը հայտնվել է... շուկայում

Այս տարվա սեպտեմբերի վերջերին, «Քաղաքի օր» հերթական տոնակատարության ժամանակ, Գյումրու կենտրոնի տարբեր մասերում հանդիսավոր բացվեց երկու հուշարձան: Մեկը Հովհաննես Շիրազի պղնձաձույլ արձանն էրՙ կերտված այս քաղաքի ծնունդ բանաստեղծի քանդակագործ որդուՙ Արա Շիրազի ձեռքով, մյուսը Բագրատունյաց հուշակոթողն էր (հեղինակՙ Հակոբ Ջիվանյան)ՙ նվիրված Հայոց այս արքայատոհմի հիմնադրման 1120-ամյակին: Ժողովրդի սրտի հետ խոսող ամեն մի հուշարձան, որոնց թվին, անշուշտ, պիտի դասվեն եւ նշվածները, իր նպատակին լիարժեք կարող է ծառայել, երբ արվեստով ու արտահայտիչ լինելուց բացի նաեւ իր ճիշտ տեղում է: Այս հարցում կարեւորը ե՛ւ բուն վայրի, ե՛ւ, այսպես ասած, տարածական միջավայրի պատճառաբանված ընտրությունն է: Կարծում ենքՙ այստեղ սխալներն ու վրիպումները կարող են հնարավոր նվազագույնի հասցվել ու բացառվել, եթե նման կարեւոր դեպքերում համայնքային իշխանությունները նախապես խնդրի հրապարակային քննարկում ծավալեն մասնագիտական եւ մտավորական լայն շրջանակներում: Ցավոք, առայժմ այդպես չի արվում, եւ այդ պատճառով որոշ դեպքերում ինչ-ինչ հարցականներ են առաջանում: Նշված հուշարձաններն այս իմաստով երկու տարբեր պատկեր են ներկայացնում:

Շիրազի արձանը դրվել է քաղաքի Թատերական հրապարակում, Ավետիք Իսահակյանի վաղուց այստեղ գտնվող արձանից որոշակի հավասարակենտրոն հեռավորությամբ այնպես, որ մեր պոեզիայի այս երկու մեծերի քանդակները աջ ու ձախ կողմերից եզերում, մի տեսակ իրենց հոգեւոր ծիրի մեջ են առնում հրապարակը: Սրանց հետ տարածքի մշակութային միջավայրն է ձեւավորում փոքր-ինչ խորքում, անմիջապես Աճեմյանի անվան թատրոնի դիմաց մեկ տարի առաջ կանգնեցված Մհեր Մկրտչյանի արձանը: Վերջինս դրվել է թատրոնի շենքի դիմացի ձախակողմում, ինչը ենթադրել է տալիս հետագայում նման եւս մի քանդակի տեղադրում աջ կողմում... Համաձայնես թե չհամաձայնեսՙ այս ամբողջում բոլոր դեպքերում կա որոշակի գեղագիտական տրամաբանություն: Իսկ Շիրազ-բանաստեղծի արձանը նաեւ որպես նորություն շարունակում է այցելուներին գրավել իր շուրջը եւ ծաղիկներՙ պատվանդանին:

Այլ է Բագրատունյաց հուշակոթողի խնդիրը, որը, կարելի է ասել, կանգնեցվել է համարյա շուկայում: Դա երբեմնի Արագածի փողոցի եւ Հաղթանակի պողոտայի հատման վայրն է, մեկը քաղաքի գյուղմթերքների շուկային հարող տարածքներից, ուր վերջին տարիներին տեղափոխվել է պտուղ-բանջարեղենի առեւտրի հիմնական մասը: Մթերքի կույտերը, ողջ առուծախը հուշակոթողի դիմաց ու կողքը, երկու քայլի վրա են, իսկ թիկունքում նոր առեւտրային միջավայր է ձեւավորվելՙ կառուցված ու կառուցվող մերօրյա օբյեկտներով: Կոթողը կանգնած է այդ ամենի մեջտեղում, մի տեսակ անիմաստ եւ չմերվող տարածքի միկրոկլիմային ու տրամադրությանը: Եվ նույնիսկ իր վեհաշուք տեսքով հանդերձ նա այս միջավայրում ասես ստվերված ու աննկատ է: Էլ չենք ասում իր կողքին երկրաշարժի զոհերի սեւ տուֆաբեկոր հուշաքարի անհասկանալի թվացող հարեւանությունը:

Հուշակոթողի կառուցումից որոշ ժամանակ առաջ «Ազգը» մի անգամ գրել է, այժմ էլ կրկնենք, որ Շիրակում կարելի էր գտնել Բագրատունյաց ոտնահետքը պահող կամ գոնե նրանց մեծագործությանն ու փառքին արժանի ավելի հարմար մի վայր, գուցե մի բարձունք: Պարզապես հարկավոր էր այդ վայրը փնտրել: Խնդիրը վճռողները հավանաբար նկատի են ունեցել դեպի Արագած լեռան համայնապատկերը բացվող մինչերկրաշարժյան Արագածի ճեմափողոցը, որն այժմ, ըստ էության, չկա:

Ափսոս:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4